կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-22 10:27
Քաղաքական

55 ոլորտում հարկային մուտքերն աճել են

55 ոլորտում հարկային մուտքերն աճել են

Բիզնեսի հետ երկխոսության և վարչարարության արդյունավետ թիրախավորման շնորհիվ պետական եկամուտների կոմիտեն կարողացել է խոշոր և միջին բիզնեսից հարկային բարձր մուտքեր ապահովել գերավճարների նվազեցման պայմաններում: Խոշոր և միջին բիզնեսն ավելի քան 483 մլրդ դրամ հարկային մուտքեր է ապահովել պետբյուջե 2017թ. 11 ամիսների ընթացքում։ Եթե հաշվի առնենք, որ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային գերավճարները 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում նվազել են 4.7 մլրդ դրամով, ապա 2017թ.-ի հարկային եկամուտների աճը կազմում է ավելի քան 61 մլրդ դրամ կամ 13,8%: «Սա տնտեսության ակտիվացման, արտադրության և արտահանման տեմպերի արագացման ու հարկային նոր վարչարարության արդյունք է»,-վստահեցնում է Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանը: Միայն մետաղական հանքարդյունահանման ոլորտում հարկային մուտքերն ավելացել են 43%-ով: Աճը զգալի է նաև ծխախոտի արտադրության, բանկային գործունեության, վառելիքի ներմուծման-իրացման, շինանյութի արտադրության, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման և, ընդհանուր առմամբ, 55 ոլորտներում։ «Խոշոր և միջին բիզնեսի ոլորտային և անհատական վերլուծություններից հետո հարկ վճարողները դասակարգվել են ոչ ռիսկային և ռիսկային խմբերի: Խոշոր և միջին ՀՎՏՎ-ը, կատարելագործելով վերլուծական կարողությունները, ստուգումներ և ուսումնասիրություններ է անցկացրել բացառապես ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ, եթե միայն ինքնահայտարարագրման մղող կանխարգելիչ ջանքերն արդյունք չեն տվել»,-պարզաբանում է Արմեն Սաֆարյանը՝ նշելով, որ հարկ վճարողների զգալի մասն արձագանքել է հարկային մարմնի գործընկերային երկխոսության առաջարկին և վերանայել վարքագիծը: Արդյունքում ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտների և իրացման շրջանառությունների աճն առավել տպավորիչ է. եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 7%-ով, ապա ռիսկայիններինը՝ շուրջ 20%-ով:

«Առավել ռիսկային են այն ոլորտները, որտեղ կանխիկ դրամի մեծ շարժ կա՝ մանրածախ առևտուրը, ծառայությունների որոշ տեսակները, սպասարկման ոլորտը: Ճշգրիտ պատկեր ստանալու նպատակով մենք տնտեսության ոլորտները մի քանի տասնյակ ենթաոլորտների ենք բաժանում և վերլուծությունները կատարում մի քանի մակարդակով։ Օգտագործում ենք հնարավոր բոլոր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, այդ թվում՝ երրորդ անձանցից՝ խորացնելով կոմիտեի և իրավասու այլ մարմինների միջև համագործակցությունը»,-ներկայացնում է Խոշոր և միջին ՀՎՏՎ պետը։ Ըստ նրա՝ բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերությունների հաստատման մասին է վկայում նաև հսկողական աշխատանքների նվազումը. 2017թ.-ին 2016թ.-ի համեմատ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը նվազել է 45-ով կամ 12,7%-ով, փոխարենն ավելացել է մասնակի ստուգումների քանակը:

«Ստվերի դեմ պայքարում ԽՄՀՎ ՀՏՎ-ը կարևորել է փաստաթղթաշրջանառության կարգավորումը: Հետևողական և համալիր գործունեության արդյունքում խոշոր և միջին բիզնեսի կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն ավելացել է 19%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է ավելի քան 176 մլրդ դրամով կամ 10,5%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 74.8 մլրդ դրամով կամ 11%-ով»,-նշել է ԽՄՀՎ ՀՏՎ պետը՝ ընդգծելով, որ հարկային հաշիվների քանակը և շրջանառությունը հիմնականում աճել են արտադրության, ներմուծման և մեծածախ առևտրի ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ, իսկ ֆիսկալային հասույթները՝ մանրածախ առևտրի և սպասարկման ոլորտներում. «Խոշոր և միջին հարկ վճարողների դերը տնտեսության համար կարևոր է, քանի որ նրանք ոչ միայն ապահովում են ընդհանուր հարկային եկամուտների գերակշիռ մասը, այլև տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում հենց խոշոր և միջին հարկ վճարողների կողմից են ձևավորվում հարկերի վճարման շղթաները՝ ներմուծողներից, արտադրողներից մինչև առևտրի և ծառայությունների մատուցման վերջնական փուլ: Եթե փոխվում է խոշոր բիզնեսի վարքագիծը, փոքր հարկ վճարողների մոտ ևս իրավիճակ է փոխվում»։

Արմեն Սաֆարյանը վստահեցնում է, որ բոլոր կազմակերպությունների հետ տեսչություն-վարչությունն աշխատում է էլեկտրոնային նամակագրությամբ. «Հարկ վճարողի հետ մեր ամբողջ երկխոսությունը փաստաթղթավորվում է, և դա հասանելի է դառնում ՊԵԿ այլ ստորաբաժանումներին: Այս աշխատաոճն էապես նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»։

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին