Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց հակակոռուպցիոն գործող ռազմավարության արդյունքների և նոր ռազմավարության մշակման վերաբերյալ:
Վարչապետի խոսքով` 2015թ. ընդունվեց Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այն ժամանակ կառավարության նախաձեռնությամբ իրականացվեցին մի շարք միջոցառումներ` ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը: Ռազմավարությունից բխող մի շարք միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն, վարչապետի խոսքով, այս փուլում պետք է արդեն միջոցառումներ ձեռնարկել նոր և հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ:
Վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ միջոցառումների կատարման աշխատանքները:
Հանձնարարվեց նաև 30-օրյա ժամկետում մշակել հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և ներկայացնել արդարադատության նախարարություն:
Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում ավարտին հասցնել ներկայումս գործող չորս ոլորտային հակակոռուպցիոն միջոցառումների մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքները, ամփոփել հակակոռուպցիոն ծրագրերի արդյունքները և հրապարակել դրանք:
Արդարադատության նախարարին հանձնարարվեց մշակել նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ծրագիր, հստակ առանձնացնել թիրախային ոլորտները, մոնիթորինգային և գնահատման ցուցանիշները ու մշակել կոնկրետ միջոցառումներ` ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, այդ գործընթացի մեջ հնարավորինս ներգրավել քաղաքացիական հասարակությանը, իրավաբաններին, գիտնականներին, գործարարներին: