|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթների նախագծերը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին հարց ուղղեց եկամտահարկի վերաբերյալ: «Երբ 2014 թվականին այս հարցի հետ կապված ներկայացվում էին փոփոխությունները, կառավարության անդամները շատ մեծ ոգևորությամբ մատնանշում էին այն հանգամանքը, որ սա հնարավորություն է տալիս մեր ազգաբնակչությանը թոթափելու սոցիալական բեռը, խթանելու շինարարության զարգացումը, ի՞նչ փոխվեց այդ ժամանակահատվածում, կառավարությունը դադարե՞ց ուզել սոցիալական բեռի թոթափում, շինարարության խթանում, տնտեսության զարգացում»,- հարցրեց նա:
Անանյանը պատասխանեց, որ եկամտային հարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագրի սահմանափակումները նպատակ են հետապնդում ծրագրից օգտվելու հնարավորություն տալ սոցիալական այն հատվածին, որն ունի դրա կարիքը և ծրագրի իրական շահառուն է:
«Երբ 2014թ. մենք ներդրեցինք, դրա հիմքում դրել էինք երկու բաղադրիչ՝ գնողունակ պահանջարկի ձևավորում, որը կխթանի շինարարության ոլորտը, և սոցիալական բաղադրիչ: Երեք տարիների ընթացքում կառավարությունն իր դիրքորոշումը մի փոքր փոխել է, որովհետև այդ երեք տարիների մոնիթորինգի արդյունքներով պարզվել է, որ այդ ռեֆորմի սոցիալական բաղադրիչը չի գործել: Համակարգը երեք տարիների ընթացքում բացառապես ֆինանսավորել է գնողունակ հանրությանը»,- ասաց Անանյանը:
Ըստ փոխնախարարի` կառավարությունը, ծրագրում սահմանափակումներ մտցնելով, փոխում է նպատակադրումը: «Մենք ասում ենք, որ պետությունն այս ծրագրով ամեն տարի 2.8 միլիարդից 3 միլիարդի բեռ է վերցնում, իսկ այն ամեն տարի ձնագնդի էֆեկտով ավելանում է, որովհետև հիփոթեքային վարկի պայմանագրերը ավելի շատ են կնքվում, ուստի մենք ցանկանում ենք հասցեական դարձնել ծրագիրը: Եթե մենք դրել ենք սոցիալական բաղադրիչ և բիզնես բաղադրիչ և տեսնում ենք, որ սոցիալականի հաշվին ոգևորել ենք բիզնեսին, ցանկանում ենք փոխել նպատակադրումը և զարկ տալ սոցիալական հատվածին, իրական շահառուներին օգնել, ոչ թե գնողունակ հատվածին»,- մանրամասնեց Դավիթ Անանյանը:
Նշենք, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով և հարակից նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով փոխհատուցման ենթակա եկամտային հարկը չի փոխհատուցվում, եթե բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռք բերման պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը:
Առաջարկվում է նաև սահմանել, որ եկամտային հարկի գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար յուրաքանչյուր ձեռք բերված բնակարանի կամ կառուցված անհատական բնակելի տան կամ ձեռք բերված անհատական բնակելի տան մասով չի կարող գերազանցել 1,5 մլն դրամը:
2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ անգամ, այդ թվում` որպես համավարկառու։