կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-11 21:17
Հասարակություն

Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բարեփոխումների ընթացքը

Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բարեփոխումների ընթացքը

ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Սևան» ազգային պարկ»-ի բարեփոխումների ընթացքը, ներկայացվել ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքները։ Վարչապետ Կարեն Կարապետյանին նախ ներկայացվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքի «Մաստեր պլանի» մշակման մրցույթի արդյունքները: Զեկուցվել է, որ փաստաթուղթը կառավարությանը կներկայացվի մինչ գալիք տարվա մարտ ամիսը: Վարչապետը հանձնարարել է մշակման աշխատանքներում ներգրավել նաև միջազգային փորձագետների: 

Այնուհետև ներկայացվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ընթացիկ տարում կատարված աշխա¬տանքները։ Նշվել է, որ «Սևան» ազգային պարկի կողմից ՀՀ առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել 82 հայց՝ անբարեխիղճ հողօգտագործողների պայմանագրերով նախատեսված 65 միլիոն դրամի վարձավճարներ գանձելու պահանջով, որից 42-ում ներառվել են նաև պայմանագրի լուծման պահանջներ։

Ընթացիկ տարում արդեն իսկ լուծվել է 14 պայմանագիր: Ազգային պարկի և իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև ընդհանուր առմամբ կա կնքված 875 հողօգտագործման պայմանագիր: 875 տնտեսվարողից հողատարածքը շահագործում է 298-ը: Ընթացիկ տարում 260 հողօգտագործողի հետ աղբահեռացման պայմանագրեր են կնքվել, կանոնավոր կերպով աղբահեռացում է իրականացվում: Տարածքի բոլոր տնտեսվարողները ծանուցվել են կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտության մասին:

Տարածքում, ընդհանուր առմամբ, նախկինից տեղադրված են 7 մաքրման կայան, 2017-ին տեղադրվել են ևս 3-ը։ Պարկի տարածքում իրականացվել են 78․103 հա ջրածածկ տարածքների անտառմաքրման, 8․18 հա անտառտնկման և 38644 հատ կողճաշիվային վերականգնման աշխատանքներ: Վահե Գուլանյանը տեղեկացրել է, որ պարկի տարածքում բավականին մեծ քանակի փշատերև ծառերի բնական վերաճ է արձանագրվել, ինչի համար տարվա ընթացքում իրականացվել են օժանդակող միջոցառումներ, և համապատասխան ֆինանսներ հայթայթելու պարագայում հնարավոր կլինի յուրաքանչյուր տարի նշված վերաճի հաշվին իրականացնել ևս 50 հա բարձրարժեք փշատերև անտառի հիմնում:

Ընթացիկ տարում «Սևան» ազգային պարկի» կողմից 5 ներդրումային ծրագիր է ներկայացվել։ ՀՀ ԿԱ քաղաքաշինական պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ այցելություն է կատարվել ներդրման տարածքներ, ինչի արդյունքում չորսը հավանության են արժանացել, մեկը ենթարկվել է փոփոխության։ Ներկայումս այդ ծրագրերը գտնվում են նախագծման փուլում, ինչի ավարտից հետո դրանք կներկայացվեն կառավարություն: Ներկայումս բանակցություններ են տարվում ևս 15 ներդրողի հետ՝ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար: 

Զեկուցվել է, որ «Սևան» ազգային պարկի» կառավարման նոր պլանի կազմման համար առաջնահերթ խնդիրներից է պարկի ու դրան սահմանակից համայնքների միջև սահմանների և խնդրահարույց տարածքների պատկանելության հստակեցումը, ինչի համար ՊՈԱԿ-ը սկսել է իրականացնել ուսումնասիրություններ և չափագրման աշխատանքներ: «Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանն ընդգծել է, որ նոր կառավարման պլանի կարևոր մաս կկազմի բիզնեսի խթանումը պարկի տարածքում։

Մասնավորապես, նախատեսվում է զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի ձևերի կազմակերպում` լողափնյա հանգիստ, առագաստանավային սպորտ, բատիսկաֆ-էքսկուրսիաներ, ռեկրեացիոն ձկնորսություն, ստորջրյա որս, թռչնադիտարկում, հետիոտն ուղևորություններ, բայքինգ, ձիավարություն, պարագլայդինգ, ագրոտուրիզմ, ձմեռային հանգստի ձևեր և այլն։

Ծրագրեր են իրականացվելու արդյունագործական ձկնորսության և խեցգետնի որսի կազմակերպման, ավազանային, լճակային, ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման, ինտենսիվ այգիների և ջերմոցների հիմնման, դեղաբույսերի հավաքման, վերամշակման ու արտադրության, այլընտրանքային էներգիայի ստացման ուղղություններով: Վերոնշյալ տնտեսական գործունեությունների բիզնես պլանները կներկայացվեն «Սևան» ազգային պարկի» զարգացման հայեցակարգի հաստատումից հետո: 

Վարչապետ Կարապետյանը գոհունակություն է հայտնել իրականացված աշխատանքներից և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել օժանդակել ազգային պարկում վերը նշված ուղղություններով ծրագրերի իրականացմանը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նախատեսվող ծրագրերը կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ակտիվացմանը, զբոսաշրջության ու ազգային պարկի գործունեության զարգացմանը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև գույքագրել ազգային պարկի տարածքում առկա գործող և անգործության մատնված օբյեկտները: