կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-06 11:53
Հասարակություն

Էս երկրում որևէ բան չի փոխվի, սա ձեր ընտրության արդյունքն է. Փաշինյանը` ՀՀ քաղաքացիներին

Էս երկրում որևէ բան չի փոխվի, սա ձեր ընտրության արդյունքն է. Փաշինյանը` ՀՀ քաղաքացիներին

ԱԺ-ում ՀՀ 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ 2018 թվականը լինելու է թանկացումների տարի, ինչն ընդունում է նաև կառավարությունը: «2018-ին սպասվում են օղու, ծխախոտի, բենզինի, հավի մսի, ձկան, շաքարավազի, ատամի մածուկի և այլ ապրանքների թանկացումներ: Կառավարությունն այս իրավիճակի նկատմամբ խոր արհամարհանք է ցուցաբերում»,- ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր՝ չխոսենք ճգնաժամի մասին, որ ճգնաժամը չգա: «Հիմա կառավարությունը չի խոսում թանկացումների մասին, որպեսզի թանկացումները չգան: Սա պլատոնական արհամարհանք չէ, այլ շատ կոնկրետ»,- նշեց Փաշինյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ սա անընդունելի մոտեցում է և առաջարկեց ծուռ նստել, ուղիղ խոսել: «Եթե նայում ենք այս կառավարության, իշխանության ծագումնաբանությունը, սա շատ տրամաբանական վիճակ է: ՀՀԿ-ն 700 քանի հազար ձայն է ստացել վերջին ընտրություններին, ու մեծամասնությունը ստացել է ընտրակաշառքով: Հիմա որևէ մեկը կարո՞ղ է բացատրել ինձ` ինչո՞ւ պիտի այս իշխանությունները շահագրգռված լինեն, որ բնակչությունն ավելի լավ ապրի, աղքատությունը վերանա: Այս խորհրդարանական մեծամասնությունը չպիտի ուզենա դա, որովհետև եթե մարդը լավ ապրի, 10 հազար դրամը նրա համար մեծ գումար չի լինելու, որպեսզի վերցնի ու նրա թեկնածուների օգտին քվեարկի: Մի քիչ էլ վատացել է, ու սենց մնալու է: Այս ամենը միակ պայմանն է, որ այս կուսակցությունը շարունակի իշխել: Այս իշխանությանը հարկավոր է, որ ՀՀ քաղաքացին 10 հազար դրամին «կակա» ասի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ պատգամավորի` այս ամենն անհեթեթություն է: «Ես չեմ հասկանում՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին մեր քաղաքացիները չե՞ն հանդիպում: Այ ցավդ տանեմ, մեզ բռնում են, ասում՝ ինչո՞ւ թոշակները չեք բարձրացնում, էս երկիրը խի՞ երկիր չեք սարքում: ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, չենք անում մի պարզ պատճառով, որովհետև դուք 10 հազար դրամը վերցրել եք ու քվեարկել եք հանուն աղքատության: Կներեք, գուցե քաղաքական գործչի համար ճիշտ չի նման բան ասելը` սա ձեր ընտրության արդյունքն է, վայելեք, դուք լավ չեք ապրելու: Էս երկրում որևէ բան չի փոխվի, քանի դեռ դուք վերցնում եք այդ գումարներն ու քվեարկում այդպես: Դուք շարունակելու եք մնալ այն իրականության մեջ, ինչպիսին կա այսօր»,- ասաց նա:

Վերջում Փաշինյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին: