կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-04 14:50
Հասարակություն

Թուրքիայի` Մինսկի խմբի կազմ խցկվելու փորձերն այս անգամ ևս կտապալվեն. Սաֆրաստյան

Թուրքիայի` Մինսկի խմբի կազմ խցկվելու փորձերն այս անգամ ևս կտապալվեն. Սաֆրաստյան

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե Թուրքիան ցանկանում է աջակցել ՄԽ համանախագահներին Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, առաջինը չէ. լրագրոնղերի հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել էր նաև Ղարաբաղյան հակամարտության հարցը:

«Տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ Թուրիքան փորձել է որոշակի նախաձեռնություններով հանդես գալ Արցախի հարցի խաղաղ կարգավորման խնդրում, փորձել է խցկվել Մինսկի խմբի համանագահների կազմի մեջ, բայց ինչպես մեզ հուշում է այս տարիների փորձը, Թուրքիայի ջանքերն ավարտվել են անհաջողությամբ»,- նշեց թուրքագետը:

Նա համոզմունք հայտնեց, որ Թուրքիայի` բանակցային գործընթացին մաս կազմելու փորձերն այս անգամ ևս կտապալվեն: «Կտապալվեն ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիան ակնհայտորեն պաշտպանում է Ադրբեջանին, այլ այն պարզ պատճառով, որ Մինսկի խմբի համանախագահները, իրենց վրա վերցնելով բանակցային գործընթացի միջնորդի կարգավիճակը, ոչ մի ցանկություն չունեն ընդլայնելու իրենց շրջանակ»,- ասաց Սաֆրաստյանը:

Ըստ  նրա` բանակցային գործընթացն առաջ չի գնում  զուտ այն պատճառով, որ Ադրբեջանն այն վիժեցնում և ցուցաբերում բանակցային գործընթացի իմիտացիա:  «Ադրբեջանը, սահմանամերձ շրջաններում անընդհատ պրովոկացիաներ կազմակերպելով, ցույց է տալիս, որ ինքը շահագրգռված չէ բանակցային խաղաղ գործընթացով»,- ասաց Սաֆրաստյանը, ապա հավելեց, որ նման հայտարարություններ էլի կհնչեն, սակայն դրանք ճշմարտությունը քողարկելու անհաջող փորձեր են:

Հարցին` ինչքանո՞վ է հավանական համարում ժամանակ առ ժամանակ ներկայացվող այն տեսակետները, թե Սիրիայի կոնֆլիկտի ռազմական լուծումը՝ Իրան-ՌԴ- Թուրքիա ձևաչափով, հնարավոր է տեղափոխվի Արցախ, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ Սիրիայում  տեղի ունեցող գործընթացները, իհարկե, ազդում են մեր տարածաշրջանի վրա: «Թուրքական դիվանագիտությունը կփորձի օգտագործել այդ փաստը և որոշակի առումով առևտրի մեջ կմտնի, և չի կարելի բացառել, որ առևտրի ընթացքում սեղանին դնի նաև Արցախի հակամարտության մեջ ներգրավվելու հարցը»,- ասաց նա:

Թուրքագետը համոզմունք հայտնեց, որ ռուս-թուրքական հակամարտությունը Հարավային Կովկասում ոչ մի տեղ չի անհետացել: «Հարավային Կովկասը ՌԴ-ի աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտն է դիտարկվում, Թուրքիան էլ ձգտում է,  և քանի որ ՀՀ-ի աշխարհաքաղաքական նշանակությունը բարդացել է, կարծում եմ` ՌԴ-ն որևիցե քայլ չի ձեռնարկի, որը  կվնասի Հայաստանի շահերին, նա ավելի մեծ նշանակություն կտա ՀՀ-ին, քանի որ իր վերջին հենարանն է Հարավային Կովկասում»,- ասաց Սաֆրաստյանը և հավելեց, թե նույնը վերաբերում է Արևմուտքին՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին: