կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-02 21:13
Իրավական

Երեխան պետք է ապրի ընտանիքում․ Երեւանում մեկնարկել է միջազգային խորհրդաժողովը

Երեխան պետք է ապրի ընտանիքում․ Երեւանում մեկնարկել է միջազգային խորհրդաժողովը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության արդյունքում Երեւանում մեկնարկել է «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» թեմայով միջազգային երկօրյա խորհրդաժողովը։

«Այս միջոցառման նպատակը հստակ ազդարարելն է, որ ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը հիմնարար է, և դժվար է գտնել այլ միջավայր, որտեղ երեխան լիարժեք երջանիկ կլինի և կմեծանա՝ որպես հասարակության լիիրավ անդամ»,- խորհրդաժողովի ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ միջազգային փորձն ու հայաստանյան իրականությունը հաշվի առնելով՝ առաջարկություններ կներկայացնեն իրավասու պետական մարմիններին ընտանիքների կարողությունների զարգացման և դրա արդյունքում երեխաների խնամքի հաստատությունների փակման վերաբերյալ։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը խորհրդաժողովը կարեւորել է միմյանց փորձին ծանոթանալու եւ հայաստանյան ձեռքբերումներն ու մարտահրավերները ներկայացնելու տեսանկյունից։

«Չնայած տարիների բարեփոխումներին՝ խնամքի մեծ հաստատությունների ժառանգությունը դեռեւս ամուր է Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում»,- նշել է Տանյա Ռադոչայը։

«Մենք պետք է այնպես անենք, որ երեխաները զգան, որ իրենք ընտանիքի մաս են և շարունակաբար պետք է աշխատենք, որպեսզի ճանաչենք երեխային բնորոշ անօտարելի իրավունքները»,- ասել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչը։

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շեշտել է, որ երեխայի հանդեպ առանձնակի հոգատարությունը մեր ազգային արժեհամակարգի անբաժանելի մասն է, որը դրսեւորվում է ողջ կյանքի ընթացքում։  «Ամենօրյա գործունեության մեջ մենք դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի երեխաների համար ապահովենք ավելի բարեկեցիկ մանկություն»,- նշել է ՀՀ ազգային ժողովի նախագահը։

Բացման խոսքով հանդես է եկել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, իսկ ներկաների թվում են եղել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ավելի քան տասը երկրի մարդու և հատկապես՝ երեխայի իրավունքների ոլորտի պատասխանատուներ, ներկա և նախկին օմբուդսմաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի մասնակիցները, զեկույցները լսելուց հետո, բաժանվել են խմբերի եւ այցելել երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող տարբեր հաստատություններ։

Խորհրդաժողովի երկրորդ օրը նախատեսված է խմբային քննարկումներ, առաջարկությունների մշակում եւ ներկայացում՝ ուղղված Հայաստանում խնամք եւ պաշտպանություն իրականացող հաստատությունների վերակազմակերպման գործընթացի իրականացմանը։

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ