կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-23 20:10
Իրավական

Գաղտնի կերպով ՀՀ սահմանային անցակետերը շրջանցած օտարերկրացիների մեծ մասն աֆղանստանցիներ են. ուշագրավ փաստեր

Գաղտնի կերպով ՀՀ սահմանային անցակետերը շրջանցած օտարերկրացիների մեծ մասն աֆղանստանցիներ են. ուշագրավ փաստեր

Պարզվում է` վերջին տարիներին ապօրինի եղանակով ՀՀ սահմանային անցակետերում տեղակայված սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետերը շրջանցելու եղանակով ՀՀ պահպանվող պետական սահմանը հատած օտարերկրացիների մեծ մասն Աֆղանստանի քաղաքացիներ են: Միայն 2013-2017թթ. հիշյալ եղանակով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է 11 աֆղանստանցի: Նման տվյալ Yerkir.am-ը ստացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:

Նախքան աֆղանստանցիների կողմից ՀՀ սահմանը խախտելու դեպքերի հնարավոր պատճառներին անդրադառնալը, ներկայացնենք վերջին տարիներին արձանագրված` սահմանախախտման դեպքերի ցուցանիշը: Ի պատասխան Yerkir.am-ի հարցման՝ ԱԱԾ-ից հայտնեցին, որ 2013-2017թթ. ընթացքում գրանցվել է առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության պետական սահմանի անցման կետերում տեղակայված սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետերը շրջանցելու եղանակով ՀՀ պահպանվող պետական սահմանը (ցամաքային) հատելու 57 դեպք: Նման դեպքերից 8-ը եղել են խմբային:

Հիշյալ ժամանակահատվածում հիշյալ եղանակով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է 68 անձ, որոնցից 25-ը եղել են ՀՀ, իսկ 43-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ. այդ թվում ՝ 11-ը` Աֆղանստանի, 6-ը` Թուրքիայի, 6-ը՝ Վրաստանի, 5-ը՝ Իրանի, 4-ը՝ Պակիստան, 1-ը` Սիրիայի, 1-ը՝ Անգոլայի, 1-ը՝ Բանգլադեշի, 1-ը՝ Հնդկաստանի, 1-ը՝ Իրաքի, 1-ը՝ Ուզբեկստանի, 1-ը՝ Ղրղզստանի, 1-ը՝ Ռուսաստանի, 1-ը՝ Ուկրաինայի, 1-ը՝ Լեհաստանի, 1-ը՝ Չեխիայի:

Նույն ժամանակահատվածում վերը նշված եղանակով ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման դեպքերով հարուցվել է 56 քրեական գործ՝ 67 անձի նկատմամբ, իսկ 1 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ համաներման ակտի հիմքով: Հարուցված քրեական գործերից 43-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 4-ի վարույթը կասեցվել է, 4-ի վարույթը կարճվել է, 2 գործեր միացվել են, իսկ 1-ն ուղարկվել է այլ մարմին:

Ներկայումս ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվում է վերը նշված եղանակով ՀՀ պետական սահմանի (ցամաքային) ապօրինի հատման վերաբերյալ 2 քրեական գործ: ՀՀ քաղաքացիների կողմից անօրինական ճանապարհներով ՀՀ սահմանը խախտելու դեպքերն արտառոց չեն:

Իսկ ինչ վերաբերում է օտաերկրացիների կողմից սահմանախախտման դեպքերին, ապա, որպես կանոն, շատերի համար Հայաստանը  անօրինական միգրացիայի տարանցիկ երկիր է: Վերը նշված ցուցանիշը վկայում է, որ Հայաստանն անօրինական միգրանտների հոսքի համար այնքան էլ հրապուրիչ երկիր չէ: Նկատենք, որ ՀՀ տարածք մուտք գործած օտարերկրացիներից որևէ մեկը Հայաստանից քաղաքական ապաստան չի հայցել, թեև եղել են դեպքեր, երբ սահմանախախտները «ապաստան հայցելու» իմիտացիա են ստեղծել: Օրինակ` 2015թ. հոկտեմբերի 6-ին, առանց սահմանված փաստաթղթերի Արաքս գետն անցնելով, Թուրքիայից Հայաստան մուտք գործելուց հետո ձերբակալված` Աֆղանստանի քաղաքացիներ Շոքաթ Ամինզան և Սեդիղոլլահ Ալիզադեն հայտարարել էին, թե սահմանը հատել են Հայաստանից ապաստանի իրավունք խնդրելու նպատակով: Հիշյալ դեպքի առիթով հարուցված քրեական գործի քննությամբ, ինչպես նաև հետագայում ուժի մեջ մտած դատական ակտով հիմնավորվել էր, սակայն, որ հիշյալ քաղաքացիների նպատակը Իրանի տարածքով Թուրքիա հասնելն էր:

Ընդ որում` օտարերկրացիները գործել են խմբի կազմում: Այսպես՝ համաձայն գործի նյութերի՝ աֆղանստանցիները 2015թ. հոկտեմբերի 2-ին ապօրինի մուտք են գործել Իրան, այնուհետև 4 օր անց հասել են Իրանի և Թուրքիայի սահման` Մակու, որտեղ խմբին միացել է ևս 20 հոգանոց մի խումբ: Այնուհետև խմբի անդամները 2-3 ժամ ոտքով գնացել են և հատել Թուրքիայի սահմանը, որտեղ թուրքական սահմանապահները ձերբակալել են խմբին: Շոքաթ Ամինզան և Սեդիղոլլահ Ալիզադեն դիմել են փախուստի` լողալով անցել Արաքս գետն ու բռնվել հայ-թուրքական սահմանին:

Հավանաբար, վերջին տարիներին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած մյուս աֆղանստանցիների համար էլ է Հայաստանը դիտվել որպես տարանցիկ երկիր դեպի Թուրքիա, այնտեղից էլ` Եվրոպա, թեև այլ վարկածներ բացառել ևս չի կարելի: Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Աֆղանստանից ներգաղթյալները Եվրոպա են հասնում երեք ուղիով, որոնցից մեկը արևելյան ուղղությունն է՝ Թուրքիայի և Հունաստանի տարածքով:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ