կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-23 13:19
Հասարակություն

Բանակից խուսափելը թեկնածուականը պաշտպանելու հիմնական մոտիվացիան է դառնում. ԿԳ նախարար

Բանակից խուսափելը թեկնածուականը պաշտպանելու հիմնական մոտիվացիան է դառնում. ԿԳ նախարար

Կա կարևորագույն մի սկզբունք՝ արդարության սկզբունքը. այսօր նույն կուրսում 15 հոգի, օրինակ, զորակոչվում է բանակ, իսկ մի քանիսը չեն զորակոչվում, որովհետև ընդունելության քննություններին 1 կամ 0,5 միավոր ավելի բարձր են ստացել: «Այս խնդիրը պետք է կարողանանք լուծել. լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով տարկետման իրավունքի վերացման հարցին, նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարը նշեց, որ ինքն ընդունել ու զրուցել է այն ուսանողների հետ, ովքեր բողոքի ակցիա էին անում, և ԱԺ-ում ներկայացված օրենսդրական փաթեթի առաջին ընթերցումն ավարտելուց հետո իրենք բոլոր խնդիրների լուծման հնարավոր տարբերակները կփորձեն գտնել:

Հարցին, թե ո՞րն է նախարարության դիրքորոշումը ՊՆ-ի առաջարկած օրենսդրական փոփոխության վերաբերյալ, նախարարը պատասխանեց, որ, 1998-ից սկսած, մեկ հստակ կարծիք է ունեցել՝ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է կատարեն իրենց պարտականությունն իրենց հայրենիքի հանդեպ: «Այն երկրները, որոնք այս ճանապարհով են գնացել, այսօր բարձրագույն արդյունք են ցույց տալիս կրթական բնագավառում, օրինակ` Իսրայելը: Մենք ՊՆ-ի հետ բոլոր լուծումները կգտնենք, բացի այդ՝ «Պատիվ ունեմ»-ը հնարավորություն է տալիս ուսումը վերջացնելու, ստանալու սպայի աստիճան ու նոր զորակոչվելու, ու իբրև սպա և մասնագետ՝ նրանք շատ ավելի օգտակար կլինեն մեր ԶՈՒ-ին»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ տարկետման իրավունքը, ըստ էության, մեծ մասամբ վերացված է, և այժմ խոսքը վերաբերում է մի քանի հարյուր երիտասարդի: Բացի այդ, Մկրտչյանի հավաստմամբ, թեկնածուական պաշտպանածների շատ քիչ տոկոսն է մնում գիտության մեջ: «Բանակից խուսափելը դառնում է հիմնական մոտիվացիան՝ պաշտպանության գնալու: Մեր երկիրը, ցավոք, տարածքով այնքան փոքր է, որ մենք չունենք թիկունք և սահման հասկացությունը: Մեր բնակչությունը պետք է ունենա համապատասխան հմտություններ, և դրանցից հիմնականը սեփական հայրենքը պաշտպանելն է, ինչը բոլորիս է վերաբերում: ԱԺ-ում քննարկման ընդհանուր փաթեթ է դրված, և խոսքը չի գնում միայն տարկետման մասին, այլ զինակոչի օրենքի մասին, և ԱԺ բոլոր խմբակցություններն, այս իմաստով, միակարծիք են, որ, ի վերջո, այս համակարգում պետք է կարողանանք արդարության սկզբունքը լուծել»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ հնարավոր է՝ որոշ մասնագիտությունների գծով լինեն բացառություններ, սակայն այդ ամենը պարզ կլինի ավելի ուշ, երբ ԱԺ-ում օրենսդրական փաթեթի առաջին ընթերցումն ավարտվի, և իրենք սկսեն բոլոր հարցերին առանձին-առանձին անդրադառնալ: