Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի. «Բարի գալուստ ենք մաղթում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ պարոն Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը: Մեր երկու երկրները գտնվում են մշակութային, քաղաքակրթային և աշխարհագրական նույն տարածաշրջանում, և մեր երկրների հարաբերությունները բխում են դարերի խորքից ու հիմնված են երկու ժողովուրդների և մշակութային ընդհանրությունների վրա: Մեր հարաբերությունները մշտապես հիմնված են եղել կայունության վրա, և Աստծո ցանկությամբ այդպես էլ կշարունակվի:
Իրանի տարբեր քաղաքներում ապրող մեր հայ քաղաքացիներն ունեն ջերմ կապեր Հայաստանի Հանրապետության իրենց հայրենակիցների հետ, ինչը լավ կամուրջ է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Մենք մեր հարևանների հետ ունենք լավ հարաբերություններ, և դրանց զարգացման նպատակով կատարվել են լուրջ աշխատանքներ:
Մեր հարևանների հետ վարվող արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանի Հանրապետությունն ունի իր հատուկ տեղը: Մենք Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության համար որևէ սահմանափակում չունենք, և Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետի այցը երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման տեսակետից կարող է հատուկ դեր ունենալ:
Առանձնազրույցի ու ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք կապահովեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը: Քանի որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է և լավ հարաբերություններ ունի Եվրոպական միության հետ, ապա այս հարթակը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար կարող է դրական լինել: Այն ընկերությունների համար, որոնք զբաղված են տրանսպորտի կապալառու գործունեության, շինարարության և տնտեսության տարբեր բնագավառներում, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պայմաններ կստեղծվեն՝ նրանց ակտիվության ընդլայնման նպատակով:
Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը: Էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագրի շրջանակում ունենք երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունը, ինչպես նաև այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են խթան հանդիսանալ համագործակցության զարգացման համար: Կարծում եմ, որ մասնավոր հատվածի մեր ներկայացուցիչները կարող են օգտվել ստեղծվող պայմաններից, երկու երկրներում ազատ տնտեսական գոտիների առկայությունը նույնպես կարող է գործարար շրջանակների համագործակցության զարգացման խթան հանդիսանալ: Շնորհակալություն»: