Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ԱԺ «Ելք» խմբակցության առաջարկությունը ՀՀ-ի` ԵՏՄ-ից դուրս գալու հարցի վերաբերյալ, նաև` ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Հիմնական զեկուցող` ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 16-րդ հոդվածը հնարավորություն է տալիս ստեղծելու նման ժամանակավոր հանձնաժողով: Ըստ նրա` «Ելք» դաշինքի անդամները շարունակում են համոզված լինել, որ ՀՀ-ն ԵՏՄ-ում անելիք չունի:
«ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել մեր տնտեսական, ռազմական և քաղաքական անվտանգության համար»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ, օրինակ, ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության երեք տարում մեր համախառն ներքին արդյունքը կրճատվել է 8 տոկոսով:
Ըստ Փաշինյանի` միտումնավոր թաքցվում է այն փաստը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության զգալի անկում է տեղի ունեցել: Փաշինյանը օրինակ բերեց, որ Թուրքիայի հետ, օրինակ, մենք ոչ մի տեսակի հարաբերություն չունենք, նույնիսկ` հարաբերությունները լարված են, բայց առևտրաշրջանառությունը այդ երկրի հետ 164 մլն դոլար է կազմում, որը գերազանցում է Ղազախստանի հետ եղած ցուցանիշը 30-40 անգամ:
«Այս ի՞նչ տնտեսական միություն է, որտեղ միայն անկումներ ենք արձանագրում: Մեր ԵՏՄ գործընկներների կողմից տեսնում ենք արհամարհանք մեր պետականության նկատմամբ, Հայաստանի ներքին գործերին խառնվելու փորձեր ենք տեսնում գործընկեր երկրների կողմից»,- հայտարարեց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ անվտանգային կոնտեքստը չի ապահովվել ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: «Հայկական կողմն ունեցել է տարածքային կորուստներ: Լրջագույն փաստեր կան, որ Ադրբեջանը ապրիլյան պատերազմը քննարկել և համաձայնեցրել է Ռուսաստանի հետ, այլ գործընկերներ թշնամական վերաբերմունք ունեն մեր երկրի հետ` կոնկրետ Բելառուսն ու Ղազախստանը Ադրբեջանի հետ ավելի խորը տնտեսական հարաբերություններ ունեն, քան մեզ հետ, իսկ Ռուսաստանի դեպքում պետք է խորը ուսումնասիրել և պարզել` ո՞ւմ ռազմավարական գործընկերն է ՌԴ-ն` Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի»,- նշեց նա:
Վերջում Փաշինյանն ասաց, որ այս հանձնաժողովի վերլուծության առարկան պետք է լինի ռազմավարական հեռանկարը` արդյո՞ք ՀՀ-ն հեռանկար ունի ԵՏՄ-ում, և, առհասարակ, ԵՏՄ-ն հեռանկար ունի՞, թե՞ ոչ: