կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-28 16:43
Հասարակություն

Ամենակարևոր ձեռքբերումը լրագրողի ազատությունն է. «Երկիր Մեդիան» դարձավ 10 տարեկան

Ամենակարևոր ձեռքբերումը լրագրողի ազատությունն է. «Երկիր Մեդիան»  դարձավ 10 տարեկան

Այս հեռուստաընկերությունն առաջին անգամ ուղիղ եթեր ապահովեց արտասահմանից, նրա եթերից առաջին անգամ խոսեց Հրանտ Դինքը, սփյուռքի գաղթօջախներին նվիրված առաջին հաղորդումները ցուցադրվեցին այստեղ… «Երկիրը երկրի մասին» կարգախոսով հայաստանյան հեռուստաընտանիք մուտք գործած «Երկիր Մեդիան» այսօր դարձավ 10 տարեկան:

 

2004-ի մայիսի 28` Հայաստանի առաջին Հանրապետության օրը` ժամը 20:30-ին, առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Երկիր Մեդիայի» առաջին հաղորդումը ` ազդարարելով նոր` քաղաքական , լրատվական, հասարարակական հեռուստաալիքի մուտքը մեդիադաշտ: Թեև այսօր հեռուստաընկերությունում կրկնակի տոնական օր էր, սակայն այստեղ սովորականի պես պատրաստվում էին լուրերի հերթական թողարկմանն ու սպասում հերթական հաղորդման եթեր հեռարձակվելուն:

 

Ինչպես մյուս հեռուստաընկերություններում, այստեղ էլ խնդիրներ կան, սակայն առավելություններն ավելի տեսանելի են: Օրինակ՝ «Երկիր մեդիան» երբեք չի սահմանափակվում մայրաքաղաքով, հաճախ է անդրադառնում մարզերին, առավել ևս՝ սահմանամերձ գյուղերին: «Երկիր Մեդիայի» լուրերի հերոսը պարզ, շարքային քաղաքացին է, ոչ թե պետական պաշտոնյան»,-yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանը: Նրա խոսքով` իրենց հեռուստաընկերության ամենամեծ առավելությունը աշխատակիցների համախմբվածությունն է, համառությունը, մեծ գործեր սկսելու և ավարտին հասցնելու ցանկությունը: Համախմբվածության մասին են վկայում նաև լրագրողները: Նրանք համոզված են՝ իրենց մեկ տանիքի տակ է հավաքել հենց այդ համոզմունքը:

 

Երկիր մեդիայի «հնաբնակներից» Աննա Դավթյանի խոսքով՝ թեև այս տարիների ընթացքում կոլեկտիվում եղել են փոխոխություններ, միևնույն է, մթնոլորտը մնացել է նույնը: «Հիմնական աշխատաոճը, որ դրված էր 2004-ից, մինչ օրս պահպանվել է, և դա այն կարևոր նախապայմաններից է, որն օգնում է մեզ միահամուռ լինել և չմտածել այստեղից հեռանալու մասին»,-մեզ հետ զրույցում ասաց լրագրողը և նշեց, որ երբեք չի մտածել այլ հեռուստատեսություն տեղափոխվելու մասին:

 

«Երկիր Մեդիան» այսօր շարունակում է մնալ այն հեռուստաընկերությունը, որտեղ լրագրողը կարող է իրեն ազատ զգալ: Այստեղ դու կարող ես ճիշտ մատուցել ցանկացած նյութ և չմտածել վերահսկվելու մասին»,-ասաց նա և հավելեց . ««Երկիր Մեդիայում» ձևավորված մթնոլորտը թույլ է տալիս սկսնակ լրագրողներին կայանալ»: Լրագրողը հույս հայտնեց, որ հեռուստաընկերությունը կշարունակի լրատվություն մատուցել հանրությանը` մրցակցային դաշտում մշտապես կարողանալով ապահովել իր դիրքերը:

Հեռուստաընկերության սկսնակ լրագրողներից Մարինե Մելիքսեթյանն էլ խոստովանեց, որ այստեղ հասցրել է ամրապնդել է իր ստացած գիտելիքնրը և շատ բաներ սովորել: «Իսկապես մթնոլորտը լավն է, կարծես մի ընտանիք լինի, հուսով եմ՝ միշտ էլ այսպես կլինի»,-անկեղծացավ աղջնակը: Այսօր ոչ թե կրկնակի, այլ եռատոն էր «Երկիր Մեդիայի» հեռուստամեկնաբան Արթուր Կիրակոսյանի համար: 5 տարի առաջ այս օրն առաջին անգամ Արթուրն աշխատանքի անցավ «Երկիր մեդիայում»:

 

Անխափան եթեր մաղթելով հեռուստաընկերությանը` Գեղամ Մանուկյանն ասաց. «Երկիր մեդիայի» լրագրողները մի շատ կարևոր բան գիտեն՝ ես նրանց պաշտպան եմ մինչև վերջ, բայց՝ հավաստի լուրերի համար, դրա համար նրանք տալիս են միայն հավաստի լուրեր, երբեք բարոյականության կարմիր գիծը չեն անցնում, որը, ցավոք, այսօր հայաստանյան եթերում շատ չէ: Կցանկանամ, որ 20 տարի հետո էլ, երբ աշխատակիցներով իրար հանդիպենք, անկախ նրանցից՝ այստեղ կաշխատենք, թե՝ ոչ, իրար պարզ ճակատով նայենք»:

 

«Երկիր Մեդիայի» իրականացրած նորամուծությունների, առաջինը հեռարձակած լուրերի, հեռուստաընկերության սկզբունքների մասին yerkir.am-ի տեսանյութում պատմում է Գեղամ Մանուկյանը: