կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-15 18:23
Հասարակություն

ԿԳ նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

ԿԳ նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթական ծրագրերի ղեկավար Քրիստիան Աեդոյի ղեկավարած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի շարունակական աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայումս կրթության ոլորտը գտնվում է փոփոխությունների նոր փուլում` այս հարցում ակնկալելով ՀԲ աջակցությունը:

Նախարարի խոսքով` արդեն պատրաստ է Կրթության զարգացման պետական ծրագիրը, որը մշակվել է ԿԳ նախարարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Ասիական բանկի փորձագետների կողմից: «Ծրագրի արդյունքում կունենանք երեք` բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական կրթության և հանրակրթության զարգացման ծրագրեր: Նախատեսվում է, որ Բարձրագույն կրթության հայեցակարգը կազմված կլինի երկու հատվածից` «Բարձրագույն կթրության մասին» օրենքում համապատասխան փոփոխություն և կառուցվածքային ուղղություն: Վերջինիս պարագայում նախատեսվում է մշակել հետազոտական համալսարանի մոդել, որը պետք է դառնա գերազանցության կենտրոն` հենց համալսարանական ցանցի հիման վրա: Այս գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է նախապատրաստել այդ ցանցը` մասնագիտությունների վերանայում, հավատարմագրման գործընթացի կատարելագործում, ներքին շարժունության ապահովում և այլն»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ծրագրի որոշակի բաղադրիչների մասով ակնկալվում է ՀԲ աջակցությունը: Ըստ Լևոն Մկրտչյանի` Հանրակրթության զարգացման ծրագրում շեշտը դրվելու է «Ուսուցիչ» նախաձեռնության վրա:

«Այն պետք է իրականացվի երեք բաղադրիչով. առաջին` որակ /ԿԱԻ վերափոխում, դասագրքեր, վերապատրաստում, չափորոշիչներ/, երկրորդ` դպրոցների կառավարման խորհուրդների, ընտրության անցկացման կարգի, ֆինանսավորման մեխանիզմների վերանայում և երրորդ` ուսուցչի սոցիալական վիճակի բարելավում: Ոսուցիչների տարակարգերի համար նախատեսվող հավելավճարների մշակման և անցումների ճիշտ ապահովման նպատակով ևս ակնկալվում է ՀԲ աջակցությունը»,-նշել է նախարարը` այս համատեքստում կարևորելով մանկավարժական կրթության արմատական վերանայման խնդիրը: Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ ՀԲ-ի հետ տարվող հետագա ծրագրերն առավելապես կունենան բովանդակային ուղղվածություն: ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթական ծրագրերի ղեկավար Քրիստիան Աեդոն շնորհակալություն է հայտնել նախարարին` նախատեսվող բարեփոխումները համապարփակ ներկայացնելու համար: Նրա խոսքով` առաջարկվող ծրագրերի որոշ բաղադրիչների մասով Համաշխարհային բանկը կարող է տրամադրել որոշակի աջակցություն: Հանդիպմանը քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր: