կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-03 17:54
Հասարակություն

ԿԳ նախարարն ընդունել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվիրակությանը

ԿԳ նախարարն ընդունել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվիրակությանը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ապրիլի 1-5-ը հյուրընկալում է Մոսկվայի Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվիրակությանը՝ ռեկտոր Վլադիմիր Մալիշևի գլխավորությամբ:

Այցը կազմակերպված է ինստիտուտի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին ընդառաջ: Պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են ինստիտուտի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները և ռուսական կինոյի աշխարհահռչակ վարպետները, ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ արվեստի կրթության հիմքում համամարդկային և հումանիստական արժեքներն են դրված. «Արվեստը, մասնավորապես կինոարվեստն անգնահատելի առաքելություն ունի մարդու անհատականության ձևավորման գործընթացում: Արվեստի կրթությունը մենք դիտարկում ենք քաղաքակրթական և բարոյական արժեքների համադրման համատեքստում, որպես կրթության, հատկապես դաստիարակության կարևոր բաղադրիչ»,- նշել է Լ. Մկրտչյանը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարին՝ ընդունելության համար, նշելով, որ հայ ժողովրդի կրթական և մշակութային հարուստ ավանդույթները մշտապես հետաքրքրում են արվեստի հետազոտողներին և գործիչներին: Նրանք նաև տեղեկացրել են, որ 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հրատարակվել է «Հայկական հետքը Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում» գրքույկը, որտեղ ներկայացված են բուհում ուսանած անվանի հայ կինոգործիչները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արվեստի կրթության ոլորտում համատեղ կրթական նախագծերի իրականացման հնարավորությունը:

Նշենք, որ պատվիրակության կազմում ընդգրկված բուհի առաջատար մասնագետները և կինոգործիչները ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար հանդես կգան վարպետության դասերով: Մասնավորապես նախատեսվում են կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՌԴ Ժողովրդական արտիստ, Օսկարի դափնեկիր Վ. Վ. Մենշովի, անիմատոր մուլտ-ռեժիսոր Անիմացիայի և Մուլտիմեդիայի ֆակուլտետի դեկան, դոցենտ Ե. Գ. Յարեմենկոյի և այլ հայտնի մասնագետների վարպետության դասերը:

Ինստիտուտի դերասանական ֆակուլտետի ուսանողները ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնում հանդես կգան նաև «Եվգենի Օնեգին» ներկայացումով, ինչպես նաև կկազմակերպվեն հանդիպումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ: