կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-06 19:25
Հասարակություն

Մարզերից արդեն կան ձևավորված փաստաթղթեր, համայնքային տնտեսական ծրագրեր են կազմվել և պիտի ֆինանսավորվեն. Լոքյան

Մարզերից արդեն կան ձևավորված փաստաթղթեր, համայնքային տնտեսական ծրագրեր են կազմվել և  պիտի  ֆինանսավորվեն. Լոքյան

ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Համայնքների տարեկան աշխատանքային պլաններ» խորագրով

աշխատաժողով, որին ներկա են գտնվել նախարար Դավիթ Լոքյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում ծրագրի» Հայաստանի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը: Աշխատաժողովին մասնակցել են նաև նախարարության գործընկեր ԱՄՆ ՄԶԳ  և Շվեյցարական կոնֆեդերացիայի զարգացման գործակալության ներկայացուցիչները, նախարարության պատասխանատուները և խոշորացված 18 համայնքի ղեկավարները, փորձագետները:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է, որ ԳՄՀԸ-ի օԺանդակությամբ նաև պետք է համակարգվի համայնքների զարգացման գաղափարախոսությունը, ստեղծվի մոդել, որպեսզի դրանով կազմված փաստաթղթերում ծրագրերի ետևում ֆինանսավորում լինի և իրականություն դառնա: «Մարզերից արդեն  կան ձևավորված փաստաթղթեր, համայնքային տնտեսական ծրագրեր են կազմվել և  պիտի  ֆինանսավորվեն: Այդ ծրագրերը  դառնալու են  համայնքի սեփականությունը և չեն կարող  մասնավոր հատվածի տրվել, վաճառվել»,- ասել է նախարարը: Նա շնորհակալություն է հայտնել ԳՄՀԸ-ին համագործակցության համար և նկատել, որ ընկերությունը  նախարարության  թիմի մաս է, բարեկամը, որը օգտակար, լուրջ աշխատանք է կատարում:  

«Ձեր շնորհիվ և կառավարության գործունեության արդյունքում,  2018 թվականի  հունվարի 1-ից համայնքերում սկսում ենք ԵՄ օժանդակությամբ զարգացման ծրագրերը, որոնք հիմնականում ուղղվելու են խոշորացվող համայնքներում զարգացման ծրագրերի իրականացմանը: Բայց ունենք խիստ պարտավորություններ՝  երեք հիմնական չափորոշիչներով սահմանված, ըստ որոնց, կֆինանսավորվի ծրագիրը: Առաջինը՝ խոշորացման տիրույթն է, որն արդեն հաղթահարել եք: Երկրորդ կարևոր և հիմնական պայմանը՝ դա համայնքների բյուջեների արդյունավետությունն է, և երրորդ՝ ժողովրդավարության սկզբունքները»,-ասել է նախարարը:

«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում ծրագրի» Հայաստանի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը նախ շնորհակալություն է հայտնել նախարար Լոքյանին աշխատաժողովին  ներկա գտնվելու համար:  «Մեր հրավերն ընդունելը ցույց է տալիս, թե որքան կարևոր է այս գործընթացը: «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում ծրագրի» առաջին փուլում,  ինչպես գիտեք, մենք աջակցում ենք խոշորացման առաջին փուլում ներառված 18 համայնքի` նպաստելով հիմնական գործառույթների զարգացմանը, որոնց թվում են բյուջետավարումը, պլանավորումը, ծառայությունների մատուցումը և այլն: Կարևոր է, որպեսզի  պլանավորման գործընթացներն ավելի ներդաշնակեցվեն և սինխրոնիզացվեն բյուջետավարման գործընթացի հետ և հասկացա, որ սինխրոնիզացիան նաև նախատեսված է կառավարության ծրագրով»,-ասել Քաթրին Շեֆերը, հավելել, որ երկրորդ փուլի մեկնարկով  սկիզբ է դրվում մի շարք միջոցառումների, որոնք ուղղված են լինելու պլանավորման հետ կապված համայնքային ծառայողների վերապատրաստմանը:

Աշխատաժողովի ժամանակ, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը,  տեղի է ունեցել   «Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդական ուղեցույց»-ի շնորհանդեսը: Այն պատրաստվել է «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի կողմից՝ ԳՄՀԸ  «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի և ՏԿԶ նախարարության միջև համաձայնեցված ծրագրի շրջանակներում:

Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության (ԳՄՀԸ) ծրագրի համակարգող Արմեն Քեշիշյանը   տեղեկացրել է, որ արդեն իսկ բազմաթիվ խոշորացված համայնքներում ՏԿԶՆ ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ միասին մրցակցային առավելությունները, ռեսուրսային բազան, ձևավորվել է տնտեսական զարգացման տեսլականը և դրա կապը հնգամյա սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և տարեկան աշխատանքային պլանի հետ:  «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանն էլ  համայնքային պլանավորում և բյուջետավարում թեմայի շրջանակներում  ներկայացրել է առկա խնդիրները և հեռանկարները: Աշխատաժողովի ավարտին մասնակիցներին հուզող հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: