Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն այսօր շրջայց կատարեց «Արաբկիր» զբոսայգում, որը ժողովրդի շրջանում ընդունված է անվանել «Մալականի այգի»:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի խորհրդական Արամ Գրիգորյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այգին նախկինում, մեղմ ասած, անմխիթար վիճակում էր, այն բարեկարգելու համար թաղապետարանի միջոցներով որոշակի աշխատանքներ կատարվում էին, բայց դեռևս չէին կարողանում հաճելի զբոսայգի դարձնել բնակչության համար:
«Վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի կողմից որոշում կայացվեց, որ գտնենք հովանավոր, ով կբարեկարգի այգին»,- ասաց նա, ապա հավելեց, որ «Գրիս սմայլս» ընկերության հետ արդեն պայմանագիր է կնքված, և այգին ամբողջությամբ վերափոխվելու է:
Նշենք, որ զբոսայգին դառնալու է զվարճանքի գոտի: Նախատեսվում է կառուցել զիփ լայն` էքստրիմալ տուրիզմի առաջատար ձևերից մեկը: Ճոպանը կապելու է Արաբկիր վարչական շրջանը Աջափնյակի հետ, անցնելու է Դավթաշենի կամրջի տակով: Ճոպանի առաջին գիծը կլինի 870-900 մետր, երկրորդ գիծը` 650-680 մետր:
Գրիգորյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ այգու կանաչ տարածքներն ամբողջությամբ պահպանվելու են: «Բացի զիփ լայնից, նախատեսվում են նաև լեռնային հեծանիվներ, ժայռամագլցում, բացօթյա գրադարաններ, լինելու են յոգայի և նկարչության ժամեր: Այգու մի մասում կլինի հատված, որն ամբողջությամբ նախատեսված կլինի միայն երեխաների համար` մանկական խաղահրապարակով, ճոճանակներով»,- ասաց նա:
Գրիգորյանը կարևորեց այն հանգամանքը, որ ծառահատումներ և շինարարական աշխատանքներ չեն լինելու` ամեն ինչ կոնստրուկտորներով է հավաքված լինելու, և ցանկացած ժամանակ, առանց այգին վնասելու, կարելի է դրնաք հեռացնել:
Նա նշեց, որ աշխատանքները նախատեսում են ավարտել երկու ամսվա ընթացքում: «Մինչև հոկտեմբերի 10-15-ը մենք կունենանք արդեն պատրաստի գործող այգի»,- հավաստիացրեց Գրիգորյանը:
Ի դեպ, զիփ լայնը հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց. հնարավոր է լինելու թռչել նաև հաշմանդամի սայլակով: