Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
1993 թ. Օգոստոսի 15-ին Հադրութի և կենտորնական պաշտպանական շրջանները խնդիր ունեին ճեղքել ազերիների պաշտպանությունը Բայլանդ, Ցոր, Ղշլաղ, Սուլեյմանլու ուղղությամբ՝ նպատակ ունենալով շարժվել դեպի Ջեբրայիլի և Առաքյուլի բարձրունքները: Առավոտյան՝ ժամը 5:00-ին, թշնամու դիրքերը մեր ձեռքին էին, սակայն հակառակորդը ամբողջ օրը հակահարձակումներով կասեցրեց մեր ստորաբաժանումների առաջխաղացումը: Այդ օրը մենք ունեցանք 10 զոհ և տասնյակ վիրավորներ: Այս մարտի մասին, մի օր ավելի ընդարձակ կպատմեմ դառը ճշմարտությունը:
Օգստոսի 15-ին և 16-ին Հարդութում համատարած խուճապի և վախի մթնոլորտ էր: Ես և Արմեն Աբրահամյանը երկար առանձազրույց ունեցանք. մի հաղթանակ էր պետք, այլապես զորքը կարող էր դառնալ անկառավարելի: Պայմանավորվեցինք ատեղծել սպայական դասակներ և սկսեցինք անձամբ հետախուզել առաջնագիծը՝ սկզբում Հադրութի ուղղությամբ, իսկ հետո մյուս ուղղություններով: Ելքը մեկն էր ՝ պետք էր թշնամուն հանկարծակիի բերել: Լավագույն լուծումը թշնամու թիկունք մտնելն էր, այն էլ հարվածային մեծ ուժով: Որոշումը գաղտնի պահելով Ստեփանակերտից և ստորաբաժանումների հրամանատարներից՝ օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը զրահատեխնիկան և անձնակազմը դուրս բերեցինք Հարդութից և տեղափոխեցինք Բլութան, Արիշ բնակավայրեր: Օգոստոսի 18-ի առավոտյան, խնդիրը ներկայացրինք ստորաբաժանումների հրմանատարներին և հրետանուն: Ժամը 12:00-ին ուժեղ կրակի տակ առնելով Ֆիզուլիի բարձունքներում տեղակայված թշնամու դիրքերը, մի քանի րոպեում ճեղքեցինք առաջնագիծը ու դուրս եկանք Ֆիզուլի-Ջեբրայիլ մայրուղի:
Այլևս կանգնելը մահ էր, պետք էր միայն առաջ շարժվել: Անհրաժեշտ էր մայրուղով առաջ շարժվել մոտ 20 կմ, որպեսզի դուրս գանք «9-րդ կմ»-ի խաչմերուկ ու թեքվենք դեպի Հադրութ՝ թիկունքից հարվածելով Հադրութի դիմաց դիրքավորված թշնամուն: Դեռ չհատած «9-րդ կմ»-ի խաչմերուկ, տեսանք ազերիների խուճապահար փախուստը Հադրութի դիմացի բարձունքներից, որոշեցինք հետապնդել ազերիներին և շարժվեցինք դեպի Ջեբրայիլ: Դաշկեսանի /Արա լեռ/ բարձունքներից ազերիները կրակի տակ առան մայրուղին: Կորուստներից խուսափելու համար, Դաշկեսան բնակավայր չմտած, թեքվեցինք դեպի Սուլեյմանլու բնակավայրը, որպեսզի կրակի տակ վերցնենք Դաշկեսանի բնակավայրը և բարձունքները: Սուլեյմանլու դեռ չհասած, տեսանք ազերիների լքված գումրատակի բազան. խուճապահար փախչող ազերիները ամեն ինչ թողել էին բազայում՝ զինամթերք, պարեն, ամենակարևոր դրոշն ու շտաբային փաստաթղթերը:
Մութն ընկել էր, մեր ստորաբաժանումները անցան պաշտպանության, իսկ մենք վերադարձանք Հադրութ:
Տեսա մեկ այլ Հադրութ, ցնծության մեջ Հադրութ: 1993թ. Օգոստոսի 18-ին հաջորդեցին հաղթական շատ օրեր:
Հ.գ.
1-Դաշկեսանը ազատագրեցինք օգոստոսի 19-ին:
2- Այս գրառման մեջ անուններ չեմ հիշատակել, վախենամ սխալվեմ: Խոստանում եմ մի օր հիշել օգոստոսի 18-ին հերոսաբար մարտնչած տղաներին՝ անուն առ անուն:
3-1993թ. օգոստոսի 15-ին՝ Հադրութի ազատագրման օրը, զոհվել են՝ Գևորգյան Շահեն Աշոտի, Ղասումյան Վանիկ Վարդանի, Քարամյան Արտեմ Ալեքսեի, Մայիլյան Սեյրան Արկադիի, Մելքումյան Միքայել Հայկի, Մելքումյան Լյոնիա Նիկոլայի, Օհանյան Միքայել Մանվելի, Օսիպյան Ապրես Միքայելի, Սարգսյան Վաչագան Գեորգիի, Չաքմազյան Բաշիր Վաղոյի: Փառք ձեզ՝ տղաներ:
4- Օգոստոսի 18-ին, մոտ 30 կմ երթով անցնելիս, կորուստ չենք ունեցել, ցավոք, միայն մի տանկ է պայթել ականի վրա:
Բարեբախտաբար այդ օրը մեզ հետ էր Արցախի հեռուստաընկերության լեգենդար օպերատոր Բենոն, ում արխիվից ներկայացնում եմ մի քանի նկար: