Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում է քննվում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստով ամիսներ առաջ հարուցված մի քրեական գործ, որում շոշափվում են նաև պաշտոնատար անձանց անուններ: Մեր ունեցած տեղեկություններով՝ քաղաքացու կողմից հաղորդում է ներկայացվել տասնյակից ավելի անձանց՝ այդ թվում հայտնի դասախոսների, փաստաբանների, անգամ դատավորների դեմ:
Հիշյալ գործն առնչվում է տարիներ առաջ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում մի բնակարանը մի քանիսին վաճառելու հայտնի պատմության հետ, հետևանքն է այդ ընթացքում կատարված և հետագայում բացահայտված բազմաթիվ կեղծ գործարքների և անօրինական որոշումների: Գործում շոշափվում են կրկնավաճառքի գործով հայտնի «Գապբնակշինի» հիմնադիրներից Արտաշես Կակոյանի, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանի, Սամվել Թադևոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի անունները:
Ըստ հաղորդման՝ խարդախությունների հետևանքով «Գապբնակշին» ընկերության կողմից 30 մլն դոլար գումարի յուրացումը կատարվել է ոչ միայն կառուցապատողների, այլև շարքային քաղաքացիների, փաստաբանների, դասախոսների և անգամ դատավորների միջոցով:
Հիշյալ գործի վերաբերյալ Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ ճշտելու, արդյոք այս գործով, որպես կասկածյալ, մեղադրյալ կամ այլ դատավարական կարգավիճակ ունեցող անձինք կան, թե՝ ոչ: Ի պատասխան՝ ՀՀ ՔԿ-ից մեզ տեղեկացրել էին, որ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են դատախազությունից:
Նախաքննության ընթացքում նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Մեզ հայտնեցին, որ սույն քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձ դեռ չկա:
«Իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն»,-ասված է մեզ ուղարկված պատասխանում:
Ուշագրավ է, որ դատախազությունն այս գործը ոչ թե ուղարկել է պաշտոնատար անձանց վերաբերյալ գործեր քննող ՀՀ հատուկ քննչական ծառայություն, այլ Քննչական կոմիտե: Հավանաբար, դա պայմանավորված է հիշյալ գործում շոշափվող պաշտոնատար անձանց նկատմամբ «ավելորդ» ուշադրությունը չեզոքացնելու հետ:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ի կողմից դեռևս 2012թ-ին քննված «Գապբնակշինի» գործին Yerkir.am-ն իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է: Այս գործով առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:
Մասնավորապես, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի՝ 2013թ-ի դեկտեմբերի 11-ի դատավճռով Երևանի Արամի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար «Գապբնակշինի» նախկին տնօրեն, հայտնի շինարար Գագիկ Պապոյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը, սակայն խստացրել էր Պապոյանի նկատմամբ կայացրած առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 11 տարի ժամկետով:
Ի տարբերություն «քավության նոխազ» շինարարի՝ «Գապբնակշին»-ում կատարված խարդախությունների գործով այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն, նախկին ոստիկան Սիմոն Աղազարյանը: Փոխարենը նա 2015թ-ի հուլիսի 1-ին առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվեց 7 տարվա ազատազրկման մեկ այլ՝ Բուզանդի փողոցի շենքի բնակարանների հետ կապված յուրացում և վատնում կատարելու համար: Վերաքննիչ դատարանի վճռով՝ նրա պատիժը դարձավ 6 տարի 10 ամիս:
Նշենք, որ Սիմոն Աղազարյանը կալանքի տակ է 2012 թվականի հուլիսի 4-ից , այսինքն նրա պատժի կրման ավարտին մնացել է մեկուկես տարի: Աղազարյանը ներկայումս իր պատիժն է կրում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Որոշ տեղեկությունների համաձայն, բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած կապերի շնորհիվ նախկին ոստիկան Աղազարյանի համար «Վարդաշեն» ՔԿՀ-ում արտոնյալ պայմաններ են ստեղծված, սակայն նրա պաշտպանների պնդմամբ՝ Աղազարյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: Ավելին, ըստ պաշտպանական կողմի՝ նա պատժի կրման հետ կապված անհամատեղելի հիվանդություն ունի, սակայն ՔԿՀ վարչակազմն անտեսում է այդ հանգամանքը:
Աղազարյանին պատժից վաղաժամկետ ազատ արձակելու հարցին կանդրադառնանք հետագայում՝ միևնույն ժամանակ ուշի ուշով հետևելով 30 մլն դոլարի փոշիացման հետքերով հարուցված համեմատաբար թարմ քրեական գործի հետագա զարգացումներին: