Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Hetq.am կայքում կարդում ենք. «Չափահաս մարդու օրգանիզմի 60-70%-ը բաղկացած է ջրից, երեխայի օրգանիզմի՝ 80%-ը: Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ մեր օգտագործած ջուրը լինի անվտանգ և օգտակար։
Մենք լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել 6 տեսակի ջուր, որից՝ 4-ը մանկական և 2-ը՝ սովորական շշալցված ջուր և պարզել, որ դրանցից միայն 2 են համապատասխանում սահմանված նորմերին: Ավելին՝ նմուշներից երկուսում եղել է ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ, իսկ մեկում՝ պսևդոմոնաս աէրոգինոզա մանրէ:
Մանկական ջրեր՝ առանց պարտադիր պետական գրանցման
Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս երեխայի ծննդյան առաջին օրերից կերակրել բացառապես կրծքի կաթով՝ առնվազն 6 ամիս։ Մաքուր ջուրը սկսում են երեխային տալ այդ ժամանակահատվածից հետո։
Եթե ինչ-ինչ պատճառներով ծնողները չեն կարողանում երեխային ապահովել մայրական կաթով, դիմում են մանկական կերերի օգնությանը։ Իսկ դրանց պատրաստման համար գնում հատուկ՝ մանկական ջուր։
2015-2016թթ. «Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն» զեկույցի մեջ նշված է, որ Հայաստանում մինչև 6 ամսական երեխաներին բացառապես կրծքով կերակրելու ցուցանիշը կազմում է 45%, այսինքն՝ մնացած 55%-ը այս կամ այն կերպ օգտվում է մանկական կերերից, հետևաբար նաև՝ ջրերից:
Մանկական ջրերը սովորական շշալցված ջրերի համեմատ ավելի թանկ են: Դրանք վաճառվում են ինչպես սովորական խանութներում, այնպես էլ՝ դեղատներում:
Այդ ջրերն օգտագործում են ոչ միայն մանկական կերերի, այլեւ մանկական հյութերի, թեյերի պատրաստման համար, ինչպես նաև՝ պարզապես երեխաների խմելու։
Մանկական ջրի վերաբերյալ կան հատուկ պահանջներ. դրանք սահմանված են ինչպես ազգային իրավական ակտերով, այնպես էլ՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով:
Մասնավորապես՝ այն պետք է ունենա հավասարակշռված մանրէաբանական բաղադրություն և լինի բարձր կարգի։ Մանկական ջուր գնելիս և ավելորդ գումար ծախսելիս մարդիկ պետք է համոզված լինեն, որ այն միանգամայն անվտանգ է իրենց երեխաների համար և պարունակում է այն միկրոտարրերը, որոնք նշված են շշվի վրա:
Բացի այդ, «Սննդային արտադրանքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգի 24-րդ հոդվածը սահմանում է, որ մասնագիտացված սննդային ապրանքը պետք է ունենա պարտադիր պետական գրանցում: Մանկական սնունդը, ինչպես նաև՝ մանկական ջուրը համարվում են մասնագիտացված սնունդ, հետևաբար՝ ենթակա են պարտադիր պետական գրանցման:
Փորձաքննության ներկայացված 6 նմուշից 4-ը մանկական ջրեր են, սակայն դրանց պետական գրանցման մասին ԵԱՏՄ ապրանքների պետական գրանցման միասնական ռեեստրում որևէ գրառում չկարողացանք գտնել:
Համար 1 նմուշի տակ փորձաքննության է ներկայացվել «Բյուրեղ» մանկական, 0,5լ ջուրը: Այն արտադրում է «Ջերմուկ գրուպ» ՖԲԸ-ն:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ միկրոտարրերի ցուցանիշներով այն չի համապատասխանում մանկական ջրերին ներկայացվող պահանջներին: Մասնավորապես՝ ալյումինի քանակը նորմայից ավելի է 0,15 մգ/դմ3 -ով, իսկ մագնեզիումի, կալիումի, կալցիումի ցուցանիշները սահմանված նորմաներից քիչ են, համապատասխանաբար՝
* Մագնեզիում ՝ 5-50 անգամ
* Կալիում՝ 1-20 անգամ
* Կալցիում՝ 12,5-36 անգամ
Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Նոյ» մանկական 0,5լ ջուրը: Այն արտադրում է «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանը:
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ ջուրը համապատասխանում է սահմանված պահանջներին և պիտանի է օգտագործման համար:
Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Մաքուր ջուր» 0,5լ շշալցված ջուրը՝ «ՄԳԱ Վոթըր» ՍՊԸ-ի արտադրության:
Այս ջուրը թեև մանկական չէ, սակայն ընտրվել է փորձաքննության համար մի քանի պատճառով:
Նախ՝ «Մաքուր ջուր» ընկերության արտադրանքը ներկայացվում է որպես մեր «ընտանիքի առողջ ապագա», ինչը նշանակում է, որ այն ընտանիքի բոլոր անդամների համար անվտանգ և առողջ պետք է լինի:
Բացի այդ, մակնշման վրա առկա էր Unicef-ի նշանը, որով արտադրողն ասում է, որ, «գնելով «Մաքուր ջուր», դուք օգնում եք երեխաներին»՝ հավանաբար այս ջրերից ստացած հասույթի մի մասը փոխանցելով է Unicef հիմնադրամին:
Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Մաքուր ջուր»-ն ամենևին էլ մաքուր չէ. դրանում առկա է նորմայից ավելի ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ). 22° C-ում դրանց քանակը գերազանցում է 2,7 անգամ, իսկ 37° C –ում՝ 3,65 անգամ:
ՄԱՖԱՄ-ի առկայությունը ջրի մեջ վկայում է այն մասին, որ աղբյուրը, որից վերցված է ջուրը, աղտոտված է, կամ խախտված է շշալցման տեխնոլոգիան: ՄԱՖԱՄ-ի քանակը կարող է բարձր լինել նաև ջրի երկարատև պահման դեպքում:
Այսպիսով, նմուշ N 3-ը չի համապատասխանում սահմանված նորմերին»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում