կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-19 20:07
Առանց Կատեգորիա

Համանախագահները Բաքվին «ավերիչ հրթիռային» հարված են հասցնում

Համանախագահները Բաքվին «ավերիչ հրթիռային» հարված են հասցնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները՝  Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), երեկ համատեղ հայտարարությամբ անդրադարձան մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կառավարվող հրթիռով հայկական զինուժի տեխնիկային հասցված հարվածին՝ փաստացի առաջին անգամ Ադրբեջանին ուղղակիորեն մեղադրելով նախահարձակ գործողությամբ իրավիճակի ապակայունացման մեջ: «Տարբեր վստահելի աղբյուրներից հավաքված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան և մյուս օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում ու տագնապի պատճառ են»,- ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Երևանն արդեն արձագանքել է համանախագահների հայտարարությանը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախ «ոչ ստանդարտ» է որակել այն՝ նկատի ունենալով հավասարության նշան դնելու` նախկին շաբլոնային ձևակերպումների փոխարեն տեղի ունեցածը հասցեական նկարագրելու հանգամանքը, ապա ավելացրել, որ այն «հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին»:

Համանախագահների այս հայտարարությունն առանձնահատուկ է մի քանի պատճառով: Նախ՝ դրանով Ադրբեջանն իսկապես մեղադրվում է նախահարձակ գործողության մեջ: Այս կոնկրետությունն ունի իր օբյեկտիվ պատճառները: Խնդիրն այն է, որ հայկական զինտեխնիկային հարվածը նույն օրը հաստատեցին թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը: Վերջինս նույնիսկ դրա մասին վկայող տեսանյութեր հրապարակեց: Տեխնիկան գտնվում էր առաջնագծի թիկունքում, այն հարձակողական նշանակության չէր, և փաստացի չկար որևէ հիմք անգամ տեսականորեն ենթադրելու, որ այն սպառնալիք էր ներկայացնում Ադրբեջանի համար: Այլ կերպ ասած՝ չկար որևէ լուրջ, թեկուզ կասկածելի հանգամանք, որի տակ թաքնվելով կամ որից կառչելով` համանախագահները կարող էին դարձյալ հավասարակշռող դիրքորոշում հայտնել և դարձյալ անուղղակի խրախուսել Բաքվի պատերազմական շանտաժային քաղաքականությունը: Մյուս կողմից, սակայն, չարձագանքելու հնարավորություն եռանախագահողները ևս չունեին՝ հաշվի առնելով թե' հայկական կողմի պատասխանը և թե', ընդհանրապես, այն հետևանքները, որոնք կարող էին ու դեռ կարող են ունենալ նման սադրանքները:

Երկրորդ՝ հասցեականացնելով իրավիճակի լարման մեջ Ադրբեջանի՝ որպես նախահարձակ կողմի պատասխանատվությունը՝ համանախագահներն անուղղակի լեգտիմացրին հաջորդ օրը՝ մայիսի 16-ին, արցախյան ԶՈւ-ի կողմից հասցված պատասխան հարվածը, ինչով առհասարակ լեգիտիմացրին հետագայում նմանատիպ իրավիճակներում հայկական կողմի համաչափ կամ անհամաչափ հարվածներ հասցնելու, պատժիչ գործողություններ կատարելու իրավունքը: Եթե ավելի պարզ՝ համանախագահներն այս հայտարարությամբ հայկական կողմին «արտոնեցին», ըստ անհրաժեշտության, ուշքի բերել Ադրբեջանին:

Երրորդ՝ որքան էլ ակնհայտ էր Բաքվի կողմից նախահարձակ լինելու հանգամանքը, այնուհանդերձ, համանախագահները սրանով իրենք իրենց համար հասցեական գնահատականներ հնչեցնելու նախադեպ են ստեղծում: Այս հայտարարությունից հետո շատ դժվար կլինի դարձյալ բերել նախկինում բազմիցս ներկայացվող այն անհեթեթ պատճառաբանությունը, թե կողմերի գործողություններին գնահատական տալու մանդատ չունեն: Դրա հիմնական պատճառը, թերևս, Ադրբեջանի սադրանքի` անկանխատեսելի հետևանքներով հղի լինելու հետևանքների գիտակցումն էր, ընդ որում` առաջին հերթին նույնիսկ ոչ թե շփման գծի կայունության, այլև հենց ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափի հեղինակության համար: Որովհետև այդ սադրանքն ուղղված էր առաջին հերթին եռանախագահության ֆորմատի անգործունակությունն ապացուցելուն: Պետք է հույս ունենալ, որ հետայսու համանախագահները հենց այս ձեռագիրը կորդեգրեն և դա կդարձնեն Ադրբեջանին զսպելու մեխանիզմ: Իհարկե, ամենևին չի բացառվում, որ սա կարող է նախադեպ չդառնալ և մնալ որպես սկզբունքայնության եզակի դրսևորում: Բայց համանախագահները չեն կարող հաշվի չառնել, թե այդ դեպքում որքան է մեծանալու հայկական կողմի հակազդեցությունն ու ճնշումը, եթե այս մոտեցումը շարունակություն չստանա:

Չորրորդ՝ նման բովանդակությամբ հայտարարության հնչեցումը ուշագրավ է համանախագահների` առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի խորապատկերին: Այնպես, ինչպես Բաքվի նման լկտի սադրանքն էր այդ այցի համատեքստում, այդպես էլ՝ համանախագահների հայտարարությունը: Այն փաստացի «հրթիռային» պատասխան հարվածն էր Ադրբեջանին, որով համանախագահները Բաքվին հղեցին կարևոր ուղերձ` միևնույն է՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ Վիեննայի գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններն օրակարգից դուրս չեն բերվել, և ադրբեջանական կողմն ստիպված է լինելու համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում կրկին քննարկել դրանք: Այս հայտարարությամբ համանախագահները նաև որոշակիորեն ակնարկեցին, թե ինչի համար են նրանք գալիս տարածաշրջան, և որն է լինելու օրակարգի հիմնական թեման:

Սա չի նշանակում, իհարկե, թե Բաքվին պարտադրվելու են այդ մեխանիզմները: Նախ՝ անկախ Ադրբեջանից ցանկությունից, ամբողջ շփման գիծը, գոնե արցախա-ադրբեջանական հատվածում, հայկական կողմը հագեցրել է տեխնիկական համապատասխան սարքավորումներով: Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են բավարար փաստեր մատակարարել միջնորդներին` հրադադարի խախտման մեջ կողմերի դերակատարության առումով: Բայց եթե անգամ սա մի կողմ դնենք, նման ուղերձի քաղաքական նշանակությունն այն է, որ Ադրբեջանը փախչելու տեղ չունի և շարունակելու է մնալ այդ պարտավորությունների թակարդում: Այլ կերպ ասած՝ համանախագահներն իրենց այս հայտարարությամբ արդարացնում են նախապայմաններով առաջնորդվելու` Երևանի ուղեգիծը, ամրապնդում նրա բանակցային դիրքերը:  Մնում է այս ամենը վերածել կոնկրետ քաղաքական դիվիդենդների:

Գևորգ Դարբինյան