Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիային նոր հրթիռային հարված չեն հասցնի, մինչ համոզված չլինեն, որ Սիրիան ենթադրաբար դարձյալ քիմիական զենք է կիրառել:
Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով` իրավիճակի հետագա զարգացումը կապված է Ռուսաստանի պատասխանից:
«Եթե Ռուսաստանը որոշի պատասխանել հրթիռային հարվածներին, ապա սրացումն անխուսափելի կլինի, իսկ եթե Ռուսաստանը զերծ մնա պատասխանից, հավանական է, որ լարվածությունը կթուլանա»,-նշեց նա` հավելելով. «Այն, որ Ռուսաստանի զինուժի ներկայացուցիչների շրջաններում զոհեր չկան, ավիահարվածը չի հասցվել Սիրիայի բարձրագույն ղղեկավարությանը և քաղաքացիական անձանց շրջանում մեծ թվով զոհեր չկան, վկայում է այն մասին, որ Ռուսատանի պատասխանն ուղղված չի լինի ամերիկյան թիրախների դեմ»:
Փորձագետին մտահոգում է այն հանգամանքը, որ ամերիկյան ուժերը ռուսական ուժերին չեն նախազգուշացրել սպասվող ավիահարվածի մասին: Նրա խոսքով` չզգուշացնելն արտաքուստ նպատակ ուներ ցույց տալու ռուսական կողմին, որ նրանց հետ ոչ միայն հաշվի չեն նստելու, այլևս ճնշման տակ են պահելու, սակայն իրականում ամերիկացիներն ամեն ինչ արեցին, որպեսզի ռուսական կողմին որևէ վնաս չհասցվի: Ըստ արևելագետի` Ռուսաստանն ամեն կերպ կխուսափի կոշտ պատասխանից:
Խոսելով Գերմանիայի դիրքորոշման մասին` Սաֆրաստյանը նշեց, որ Գերմանիայի չմիանալը հարվածներ հասցնելուն սահմանափակեց ամերիկացիների հնարավորությունը: «Եթե Գերմանիան և Իտալիան միանային, ԱՄՆ-ի վճռականությունն ավելի մեծ կլիներ, սակայն, քանի որ չեն միացել, հույս կա, որ որոշ դաշնակիցները շատ հեռուն չեն գնա»,-ասաց նա:
Նշենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների` Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնելը: Փորձագետի խոսքով` գերտերությունների մակարդակով նման սրացումն աննախադեպ էր և վտանգ կա, որ սրացումը կխորանա:
Սակայն նա, միաժամանակ հակված է այն կարծիքին, որ երրորդ համաշխարհին պատերազմի սկսվելու ռիսկերը մեծ չեն: «Ներկա պահին լավատեսորեն եմ տրամադրված և հույս ունեմ, որ աշխարհը կխուսափի վատթարագույնից»,- եզրափակեց նա: