Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ամփոփեց մայիսի 14-ին կայացած` Երևանու ավագանու ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները: Համաձայն դրանց՝ մայրաքաղաքի նոր ավագանիում ՀՀԿ-ն կրկին կունենա որոշիչ մեծամասնություն՝ ստանալով ընտրություններին մասնակցած ընտրողների 71 տոկոսի քվեն, հետևաբար` նաև ձեռք բերելով քաղաքապետ առաջադրելու և ընտրելու իրավունքը: Սա նշանակում է, որ Տարոն Մարգարյանն առաջիկա տարիներին ևս լինելու է Երևանի քաղաքապետը: Ընդդիմության և քաղաքական փոքրամասնության դերում հանդես կգան «Ելք» դաշինքը, որն ստացել է ընտրողների 21 տոկոսի քվեն, և նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունը` վստահության 8 տոկոս ձայներով: Երեք ուժերն էլ անցնում են ավագանի, քանի որ ընտրական օրենսգրքի պահանջով Երևանի ավագանին կարող է կազմված լինել նվազագույնը 3 քաղաքական ուժից, իսկ եթե ավելի մեծ թվով ուժեր չեն մասնակցել ընտրություններին, դրանց համար չի գործում նվազագույն շեմը անցնելու պահանջը: Սա նշանակում է, որ երեք ուժերի միջև տոկոսային նույն հարաբերակցությունը կլինի նաև ավագանիում, որտեղ, փաստորեն, կլինի մոտ 30 տոկոսանոց ընդդիմություն:
Քվեարկությանը նկատելիորեն քիչ թվով ընտրողներ էին մասնակցել` երևանցի ընտրողների ընդամենը 41 տոկոսը: Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկուկես ամիս առաջ ԱԺ ընտրություններին մասնակցեց երևանցի ընտրողների 59 տոկոսը:
Խորհրդարանական ընտրությունների քաղաքական նշանակությունն անհամեմատելի է ՏԻՄ ընտրությունների հետ: Եվ այս իմաստով բնական և օբյեկտիվ է, որ ավագանու ընտրողներին մասնակցությունն ավելի փոքր է: Սակայն խզումն ամեն դեպքում անբնական մեծ է, և դա հստակ երևում է 2012թ. Երևանի ավագանու ընտրությունների ֆոնին: Այն ժամանակ մասնակցել էր ընտրողների գրեթե 54 տոկոսը, ինչը նշանակում է, որ երևանցի ակտիվ ընտրազանգվածի 15-20 տոկոսն այս անգամ պարզապես «բոյկոտել է» ընտրությունները՝ կանխորոշելով ՀՀԿ-ի՝ նման պատկառելի ցուցանիշով հաղթանակը:
Խնդիրն այն է, որ ընտրություններին չի մասնակցել քաղաքականապես ակտիվ և հակաիշխանական տրամադրություններ ունեցող շրջանակը: Դրա մասին է խոսում այն փաստը, որ իշխանությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, այս ընտրություններին հավաքել է գրեթե նույնքան քվե, որքան նախորդ ընտրություններին: 2012թ. ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն ստացել է մոտ 235 հազար քվե, 2017թ. ԱԺ ընտրություններին՝ 241 հազար և Երևանի ավագանու այս ընտրություններին՝ 240 հազար: Այսինքն` ՀՀԿ-ի էլեկտորատի չափը փաստացի չի փոխվել: Եվ առավելագույնը, ինչին, իր ամբողջ ռեսուսրներով հանդերձ, այս կուսակցությունը կարողանում է հասնել, ընդամենը 240 հազար ընտրողի կամ Երևանի ընտրողների ընդամենը 29-30 տոկոսին մոբիլիզացնելն է: Եթե ՀՀԿ-ի էլեկտորանտը չի փոքրանում, նշանակում է ընտրությունները «բոյկոտել» է նրան չընտրող կամ նրան սկզբունքորեն դեմ արտահայտվող զանգվածի մեծամասնությունը:
Այս իրավիճակը փաստում է, որ ՀՀԿ-ն շարունակում է հաղթել և բացարձակ իշխանությունը պահպանել ոչ թե այն պատճառով, որ չափից դուրս ուժեղ է ու անհաղթելի, կամ որ ընտրողների «հավաքագրման» ավանդական դարձած մեխանիզմները տոտալ բնույթ են կրել, այլ որովհետև այլընտրանքային բևեռն է շարունակում մնալ չափից դուրս թույլ ու մասնատված: Նախընտրական շրջանում ընտրական պրոցեսներից ինքնակամ մեկուսացած, մարգինալ դարձած ուժերը, անհատներն ամեն ինչ արեցին թե' «Ելք»-ի և թե' «Երկիր ծիրանիի» նկատմամբ, որպես իրական ընդդիմադիր ուժերի, կասկածները խորացնելու, ընդհուպ` իշխանական պրոյեկտ լինելու շուրջ համոզմունք ձևավորելու համար՝ այդ ամենն ուղեկցելով անհանդուրժողականության, թույնի, նախանձի հեղեղով: Մյուս կողմից` այս երկու ուժերը նախընտրական շրջանում ավելի շատ թիրախավորեցին միմյանց՝ էլ ավելի մեծացնելով համընդհանուր հիասթափությունը, կասկածամտությունը: Դա չէր կարող չազդել ընտրությունների ելքի և ընտրողների մասնակցության վրա: Թեև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պնդում է, որ քվեարկողների սակավությունը կապված է ընտրություններին քիչ թվով քաղաքական ուժերի մասնակցության հանգամանքով, իրական պատճառն ընդդիմադիր կամ այլընտրանքային դաշտում ստեղծված` առանց չափազանության ողբալի, խղճուկ և ճգնաժամային իրադրությունն է, ներքին վստահության խորագույն դեֆիցիտը: Այլ իրավիճակում ընտրություններին քիչ թվով ուժերի մասնակցությունը ոչ թե ձայները փոշիացնելու, այլ նրանց շուրջ մոբիլիզացվելու պատճառ կլիներ:
Ինչևէ, կասկած չկա, որ եթե «Երկիր ծիրանին» չմասնակցեր ընտրություններին, չմասնակցողների ցուցանիշն շատ ավելի մեծ էր լինելու: Զարուհի Փոսանջյանն ընդամենը 2 ամսվա ընթացքում 7 տոկոսանոց էլեկտորատ հավաքեց հենց ինքնամեկուսացած ընդդիմադիր ուժերի «անտեր» մնացած ընտրազանգվածի շնորհիվ: Սակայն դեռ փաստ չէ, որ նա վերջնականապես է «յուրացրել» այդ ռեսուրսը: Նման եզրակացության համար դեռ վաղ է մի կուսակցության դեպքում, որն իր ինքնահաստատման միջոցը «Ելք»-ին թիրախավորելն է դարձրել:
Ինչ վերաբերում է վերջինիս, ապա դաշինքը փաստացի կարողացավ պահպանել իր ընտրազանգվածքը՝ 69-71 հազարի սահմաններում: Եթե նկատի ունենանք, որ սրանք ՏԻՄ ընտրություններ էին, ընտրողների թվի ապահովումը «Ելք»-ի համար վատ ցուցանիշ չպետք է համարել: Բայց սա ԱԺ ընտրությունների, դաշինքի կիրառած ագրեսիվ քարոզարշավի իներցիոն ազդեցության հետևանքն է: «Ելք»-ը ևս ձեռք բերած ընտրազանգվածի կայունությունը պահպանելու և այն քաղաքական կապիտալի վերածելու խնդիր ունի, որի լուծումը կախված է բացառապես իր հետագա գործունեությունից, սկզբունքայնությունից և նրանից, թե որքանո՞վ կլինի ամբողջական:
Գևորգ Դարբինյան