կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-08 12:45
Հասարակություն

«Աստծո գործերին կարող ենք խառնվել, բայց ոչ` այս աստիճանի. ոչ ոք չի պատկերացնում` ինչ է նշանակում հնգյակ»

«Աստծո գործերին կարող ենք խառնվել, բայց ոչ` այս աստիճանի. ոչ ոք չի պատկերացնում` ինչ է նշանակում հնգյակ»

Տեղեկացրել էինք, որ երեկ մահացել է հնգյակից ևս մեկ աղջիկ: Երկու աղջիկների վիճակը կայուն է, իսկ տղայի վիճակը` ծայրահեղ ծանր:

Yerkir.am-ի հետ զրույցում երեխաների հորական տատիկը` Ռոզա Մարուքյանը, նշեց, որ այսօր տղան` Վարդանը, այցելել է «Մուրացան» հիվանդանոց` տեսակցել տղա երեխային, որի վիճակը ծայրահեղ ծանր է: «Բժիշկներն ասել են, որ այսօր մի քիչ դրական փոփոխություն կա տղայի մոտ` աղիքը սկսել է մաքրվել: Աստված տա` երեք երեխաների կյանքը գոնե փրկվի: Ես բժիշկների մասին ոչինչ ասել չեմ կարող, շփվել եմ միայն «Էրեբունի» հիվանդանոցի բժիշկների հետ և կարող եմ ասել, որ նրանք հոգետար են, բայց մեզ առաջին օրը չեն ասել, որ երեխաների կյանքին վտանգ է սպառնում, ասում էին` ամեն ինչ նորմալ է: Տղաս մի քիչ վրդովված է, բայց նրան էլ հասկանել է պետք` ծնող է, ամեն օր մի երեխայի մահվան մասին լուր է լսում»,- ասաց նա:

ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը նշեց, որ երեխաների մոտ մի շարք խնդիրներ կան: Ըստ մասնագետի` անհասությունը խնդիր է, բայց բազմապտղությունն առանձին խնդիր է:

«Այնպես չէ, թե կա օրինաչություն, որ անհաս երեխաների կյանքն անվերապահորեն կարելի է փրկել: Կնոջ արգանդը նախատեսված է 2 երեխա ծննդաբերելու համար, մնացած բոլոր դեպքերն աննախադեպ են համարվում, և պտղի զարգացման խնդիրներ են լինում: Հնգյակ ունենալը բացառիկ դեպք է: Աստծո գործերին կարող ենք խառնվել, բայց ոչ` այս աստիճանի: Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի երեխաների կյանքը փրկենք»,- ասաց Կալենտերյանը:

Նա նշեց նաև, որ «Մուրացան» բժշկական համալիրում այս պահին գտնվում է նաև հնգյակից տղան, որի վիճակը ծանր է: «Մենք հիմա պայքարում ենք նրա կյանքը փրկելու համար և մի շարք ֆունկցիաներ վերականգնել ենք, բայց, միևնույն է, վտանգն անցած չէ»,- ասաց բժիշկը:

«Էրեբունի» հիվանդանոցի ծննդօգնության գծով տնօրեն, ծնունդն ընդունող բժիշկ Անդրանիկ Պողոսյանն էլ նշեց, որ բավական աշխատանք է տարվել երեխաների կյանքը փրկելու համար, սակայն 28 շաբաթականում լույս աշխարհ եկած երեխայի հասունության աստիճանը 26 շաբաթականի է:

«Իրականում շատ դժվար է հնգյակի դեպքում, խնդիրները շատ են, սակայն երեխաների կյանքը փրկելու համար հանրապետության լավագույն մասնագետները համախմբվեցին: Հավատացեք` մենք ունենք թե՛ լավ մասնագետներ, թե՛ անհրաժեշտ սարքավորումները, ուղղակի ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ է նշանակում հնգյակ` 800-600 գրամ քաշով»,- ասաց Պողոսյանը: