կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-04 11:54
Տարածաշրջան

Թուրքիան լրագրողների համար դարձել է դժոխք

Թուրքիան լրագրողների համար դարձել է դժոխք

1993թ. մայիսի 3-ին ՄԱԿ-ն այդ օրը հռչակեց Մամուլի ազատության միջազգային օր: Այս առթիվ թուրքական «Birgün» թերթի կայքն անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության վիճակին. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թերթի՝ վերջին մեկ տարում արտակարգ դրության պայմաններում ընդունված, օրենքի ուժ ունեցող որոշումների շրջանակներում Թուրքիայում դադարեցվել է հարյուրավոր հրատարակությունների գործունեությունը: Տարբեր աղբյուրների հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում այս պահին անազատության մեջ է գտնվում 159-ից մինչև 168 լրագրող:

Մամուլի ազատության օրվա կապակցությամբ թուրքական թերթին հարցազրույց տված տարբեր թուրքական իրավապաշտպան կառույցների  և լրագրողական միությունների ղեկավարները դատապարտել են երկրում մամուլի և լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումներն ու բռնությունները՝ նշելով, որ Թուրքիան վերածվել է բացօթյա բանտի:

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բարըշ Յարքադաշը հետևյալ մեկնաբանությունն է արել. «Թուրքիան լրագրողների համար դարձել է իրական դժոխք: Նրանց ազատությունները զրոյի են հավասարեցվել: Լրագրողները շնչել անգամ չեն կարողանում: Հարյուրավոր լրագրողներ ամիսներ շարունակ փակված են բանտերում, իսկ նրանց մեծ մասի վերաբերյալ մեղադրական եզրակացություններն անգամ դեռևս կազմված չեն»: 

Յարքադաշը  հիշեցրել է, որ անազատության մեջ է գտնվում նաև «Birgün» թերթի թղթակիցներից մեկը, որի վերաբերյալ ո'չ առաջադրված մեղադրանքն է դեռ հայտնի, ո'չ մեղադրական եզրակացությունն է պատրաստ: 

Հավելենք նաև, որ օրեր առաջ «Freedom House»-ի կողմից հրապարակված մամուլի ազատության համաշխարհային զեկույցում Թուրքիան զբաղեցրել էր 163-րդ տեղը՝ ընդգրկվելով անազատ մամուլ ունեցող երկրների ցուցակում: