կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-14 13:48
Հասարակություն

Որտեղից է գալիս ձու կռվեցնելու սովորույթը

Որտեղից է գալիս ձու կռվեցնելու սովորույթը

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն այսօր, լրագրողների հետ խոսելով Սուրբ Զատկի կամ Սուրբ Հարության տոնի մասին, ասաց, որ այս տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, այն շարժական տոն է և այս տարի նշվում է ապրիլի 16-ին: Տեր Պետրոսի խոսքով՝ այս տարի ամբողջ քրիստոնյա աշխարհը տոնը նշելու է հենց ապրիլի 16-ին: Նա ասաց նաև, որ վաղը երեկոյան մատուցվելու է Ճրագալույցի պատարագ, ապա ներկաները Նավասարդ սրբազանի օրհնությունը ստանալուց հետո կանթեղներով երթ են կազմակերպելու դեպի Հանրապետության հրապարակ:

«Սուրբ Հարության օրհնությունը փոխանցում ենք մեր ազգաբնակչությանը: Առաջին տարում միայն թեմի երիտասարդներն էին մասնակցում, հիմա արդեն մասնակցում են զինվորներ, Ոստիկանության ակադեմիայի ուսանողներ, սկաուտներ և այլն: Այս ամենը դարձել է գեղեցիկ սուրբզատկական միջոցառում»,- ասաց տեր Պետրոսը:

Խոսելով Սուրբ Զատկի խորհրդի մասին՝ նա ընդգծեց, որ տոնը կոչվում է Զատիկ, քանի որ հիմքում ընկած է մեղքերից զատվելու, ազատվելու և տիրոջը մոտենալու երևույթը: Ձուն կարմիր գույնով ներկելու խորհրդին անդրադառնալով՝ հայտնեց, որ օտարամոլություն է ձվերը, բացի կարմիրից, այլ գույնով ներկելը: «Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուսի արյան գույնը, ձվի կեղևը երկինքն է խորհրդանշում, ներսի թաղանթը՝ օդը, սպիտակուցը՝ ջուրը, դեղնուցը՝ երկրագունդը»,- ասաց քահանան:

Տեր Պետրոսը նշեց նաև, որ վերջերս տարածում գտած՝ փոքրիկ դեղին ճուտիկներով Զատկի տոնական սեղանը զարդարելու սովորությունը չունի քրիստոնեական հիմք: «Ճիշտ է, ավելի է գեղեցկացնում սեղանը, բայց սա քրիստոնեական չէ: Նոր կյանքի խորհրդանիշ է համարվում ճուտիկը, բայց սա նաև բիզնես պրոյեկտ է, խորհուրդ չկա դրա մեջ և չպետք է պաշտամունքի վերածել»,- ասաց նա՝ հավելելով, որ ձու կռվեցնելու սովորությունը հակաքրիստոնեական չէ` ժողովրդական է:

Տեր Պետրոսի խոսքով՝ իրականում մեր բոլոր սովորույթների հիմքում կան հեթանոսական տարրեր: «Մենք չենք կարող հրաժարվել մեր արմատներից, ամեն ինչի հիմքում էլ կան հեթանոսության փոքրիկ տարրեր»,- ասաց նա:

Խոսելով տաղավար տոներին, մասնավորապես` Զատկին հաջորդող մեռելոցի մասին, տեր Պետրոսն ասաց, որ այն տարածված մոտեցումը, թե նոր ննջեցյալ ունեցող ընտանիքի անդամները չպետք է ձու ներկեն, սխալ է: «Ի՞նչ է նշանակում` նոր կամ հին ննջեցյալ: Նրանք բոլորն էլ ննջեցյալներ են: Այդպիսի բան չկա, որ նոր հանգուցյալ է, ընտանիքի անդամները չպետք է ձու ներկեն, չամիչով փլավ պատրաստեն: Այդ ամենը սխալ է»,- ասաց նա:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ ընդգծեց, որ ավանդական կերակուրների բաղադրատոմսերի պահպանման համար պետք է շնորհակալ լինել մեծահասակներին, ովքեր էլ պահպանել են իրենցից մեծերի սովորույթները: Սուրբ Զատկի տոնին մատուցվող ավանդական կերակուրներից խոսելով՝ Մամուլյանը նշեց, որ, բացի ներկած ձվից ու չամիչով փլավից, այդ օրը պատրաստում են բանջարեղենով կերակուրներ, ձուկ:

«Նույն ածիկ կերակուրը` ծլած ցորենից պատրաստված կերակուր է: Հարության խորհրդի հետ կապված` տեսեք, ցորենը գցեցինք, որ աճի, ցորենը մահացավ, բայց նրանից ծլարձակում եղավ»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդունված է պատրաստել նաև քաշովիներ՝ չրերով, չամիչով, ձկներ՝ լավաշով կամ խմորով: