Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արաբական աշխարհի ամենահզոր հայկական գաղթօջախներից մեկում՝ Լիբանանում, հայերի առօրյան բուռն է: Փոքրիկ հայկական պետություն է հիշեցնում Բեյրութի հայտնի Բուրջ Համուդ (արևմտահայ.՝ Պուրճ Համուտ) հայկական թաղամասը: Այստեղ ամեն քայլափոխի հանդիպում ես հայկական երկու հանրապետությունների դրոշների, «Ղարաբաղ» գրությամբ պաստառների, հայկական անվանումներով փողոցների: Այս թաղամասում արգելված են թուրքական ապրանքները:
Բուրջ Համուդում է գտնվում Հակոբ Քեջեջյանի փոքրիկ «Վերնիսաժը», որտեղ վաճառվում է այն ամենը, ինչը վերաբերում է պատմական և ներկայիս Հայաստանին ու հայությանը: Խանութում հայ, սփյուռքահայ երգիչների, երաժիշտների ձայնասկավառակների մի ամբողջ տեսականի կա: Այստեղ առևտուրը նկատելի է հատկապես ապրիլի 24-ին ընդառաջ:
Հակոբի խանութից ոչ շատ հեռու ՀՅԴ «Սարդարապատ» ակումբն է, որտեղ հավաքվում են լիբանանահայ դաշնակցականները: Մեր այցելության ժամանակ «Ռոստոմ» պատանեկան միության անդամները շոկոլադե կոնֆետների համար զամբյուղ էին պատրաստում, որպեսզի Ծաղկազարդի տոնին բաժանեն անապահով ընտանիքներին: Այս նախաձեռնությունը ԼՊՄ-ի համար ավանդական է:
12-ամյա Փանո Փարթամյանը դասերից հետո շտապում է ակումբ՝ օգնելու ընկերներին` պատրաստվելու Զատկի տոնին: Տեսախցիկի առջև խոսելիս կարմրում է, մեր հարցերն էլ նրա համար արևմտահայերեն են ձևակերպում նրանից մեծ ընկերները: Փանոն երբեք Հայաստանում չի եղել, բայց հայոց պատմություն շատ լավ գիտի: «Ես գիտեմ մեր Ջարդի մասին, մեր թագավորների, իշխանների մասին»,- ասում է նա ու նշում, որ Հայաստան գալիս առաջինը Էջմիածին կայցելի, հետո՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մի քանի բառով նկարագրելով հայերին՝ տղան ասում է. «Հայերն ավելի քաղաքավար են, շատ աղվոր երկիր ունին, և լեզուն շատ մաքուր է»:
14-ամյա Սարին Նալբանդյանը հասցրել է մեկ անգամ լինել Հայաստանում: Ասում է՝ Հայստանում իրեն ավելի հանգիստ է զգացել: Մեկ շաբաթում նկատել է՝ հայատանյան կարգուկանոնը տարբերվում է լիբանանյանից: «Երանի Լիբանանն ալ այդպես կարգուկանոնով ըլլար»,- ասում է Սարինը:
Երբ Լիբանանում թուրքական ինչ-որ միջոցառումներ են լինում՝ հակահայկական նախաձեռնություններ, լիբանանահայ երիտասարդական միությունները, օրինակ` ՀՅԴ ԼԵՄ-ը (խմբ.՝ Լիբանանի երիտասարդական միություն), ԶՈՄ-ը՝ Զավարյան ուսանողական միությունը, արևմտահայերենով ասած՝ քով-քովի կուգան և ցույցի կելլեն` պաշտպանելով հայերի իրավունքները: Լիբանանում հայ համայնքի 500 երիտասարդ՝ ուսանողներ, արհեստավորներ, աշակերտներ, ընդգրկված են Լիբանանի երիտասարդական միության կազմում:
Վարանդա Յաքուբյանը Լիբանանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ է: Նրա խոսքով՝ դաշնակցական երիտասարդությունը բավական կապված է իր արմատներին, հայությանը: «Մենք հատկապես մտահոգ ենք հայապահպանման խնդրով, քանի որ Սփյուռքի մեջ կապրինք: Մենք կուզինք մեր հայաշատ շրջաններն ավելի հայ պահել, որպեսզի մեր Դատը մոռացության չմատնենք, և Սփյուռքի մեջ հայությունը չկորսվի»,- ասում է Վարանդան:
Խոսելով թուրքական ապրանքները բոյկոտելու մասին՝ 23-ամյա հայուհին նշում է, որ դա հայապահպան աշխատանքի չնչին մասն է միայն: «Այսօր թրքական արտադրանքը կթափանցե Լիբանանի բոլոր շրջաններեն ներս, Լիբանանին մեջ կգտնենք մեծ թիվով թրքական արտադրություններ, մանավանդ` Բուրջ Համուդին մեջ, որտեղ հայեր կապրին: Մենք վստահ ենք, որ մեկ շոկոլադ, մեկ ափսե կամ մեկ հագուստ պակաս՝ թրքական տնտեսությունը չի թույլնար, բայց եթե հիմա քաջալերեմ թրքական ապրանքը, և իմ զավակս տեսնե դա, իր մեջ այդ միտքը չի արթնար, որ այդ թրքական է: Թուրքը մեր թշնամին է, քանի դեռ մեր դատը լուծված չէ: Ուրեմն մենք ամեն ձևերով մեր դատին կնպաստենք, հատկապես` երիտասարդությանն արթնցնենք, որ չբերեն թրքական ապրանք, չծախեն, թրքական ֆիլմեր չդիտեն, թրքական երաժշտություն չլսեն և նույնիսկ Թուրքիա չճամփորդեն»,- ասում է Վարանդան:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: