Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:
Ողջունելով հյուրին մեր երկրում և նշելով, որ սա Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Վյաչեսլավ Վոլոդինի հետ առաջին հանդիպումն է՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել հյուրին: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ պետական գործունեության մեջ Վյաչեսլավ Վոլոդինի մեծ փորձն իր զգալի ներդրումը կունենա նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում, ինչին նոր խթան կհաղորդի նրա այցը Հայաստան:
Ընդգծելով, որ ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 3-ին, նշվելու է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը, Նախագահ Սարգսյանը յուրաքանչյուր տոն շատ լավ հնարավորություն է համարել ամփոփելու, գնահատական տալու երկկողմ հարաբերություններին և ուղենիշներ սահմանելու ապագայի համար:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը ևս գոհունակությամբ է փաստել, որ այցի շրջանակներում Հայաստանի խորհրդարանականների հետ հանդիպումները տեղի են ունենում երկու ռազմավարական գործընկեր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում: Նշելով, որ միջպետական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և քննարկելու, ամփոփելու շատ թեմաներ կան, պետդումայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանականները ծրագրում են ընդլայնել հարաբերությունների և համագործակցության շրջանակը, որի նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում գտնվող պետդումայի հանձնաժողովների նախագահները կհանդիպեն և կծանոթանան հայ գործընկերների հետ, կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Տեղեկացնելով, որ պատվիրակության կազմում ընդգրկված են նաև հայկական մեծ համայնք ունեցող Կրասնոդարի և Ղրիմի օրենսդիր մարմինների ղեկավարները, պետդումայի նախագահը կարևորել է տարածաշրջանային մակարդակով ևս երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատանքը:
ՀՀ Նախագահը և ՌԴ պետդումայի նախագահը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում երկուստեք մեծապես կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը և ընդգծել միջխորհրդարանական կապերի շարունակաբար ամրապնդման անհրաժեշտությունը: