Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին:
Սերժ Սարգսյանը ողջունել է ՄԻԵԴ նախագահի այցը մեր երկիր, հատկապես երբ այն կայանում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող կարևոր միջոցառումներից մեկի՝ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովի կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր ԵԽ ակտիվ անդամներից է, մասնակցում է կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում՝ իր ներդրումը բերելով կազմակերպությունում ընթացող գործընթացներին և համաեվրոպական օրակարգային հարցերի ձևավորմանն ու մեր երկրի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ԵԽ անդամակցությունից 12 տարի անց ստանձնել կազմակերպության նախագահությունը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԻԵԴ դերը ԵԽ անդամ երկրներում բնակվող շուրջ 800 միլիոն մարդկանց իրավունքների պաշտպանության գործում:
Ընդգծելով, որ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները տարբեր են իրենց պատմությամբ և ներկայով, սակայն միավորված են ընդհանուր արժեքներով, Նախագահը նշել է, որ Հայաստանի ցանկությունն է, որպեսզի Եվրոպական դատարանը լինի հնարավորինս արդյունավետ աշխատող կառույց: Այս առումով, ըստ Հանրապետության Նախագահի, Հայաստանն ամբողջապես աջակցել և աջակցում է բոլոր այն գործընթացներին ու բարեփոխումներին, որոնց նպատակը Դատարանի արդյունավետության բարձրացումն է:
Նշելով, որ առաջին անգամ է այցելում Հայաստան, ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանը ուրախությամբ է փաստել, որ դա տեղի է ունենում ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում: Նա գոհունակությամբ է խոսել այցի շրջանակներում ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ ունեցած արդյունավետ քննարկումների մասին:
Հանդիպմանը ՀՀ Նախագահը և ՄԻԵԴ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքի, եվրոպական կառույցների հետ մեր երկրի համագործակցության և բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերվող աջակցության կարևորության, ինչպես նաև ՄԻԵԴ ընթացիկ գործունեության մասին: