Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Սերբիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է երկու երկրների նախագահների երկկողմ ձևաչափով հանդիպումը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-սերբական բարեկամությունը խորը արմատներ ու պատմություն ունի, և այդ պատմության մեջ բարեկամության բազմաթիվ դրսևորումներ կան, որոնք լավ հիմք են այսօր միջպետական հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու համար:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սերբիայի Նախագահի այցը նոր խթան կհաղորդի հայ-սերբական քաղաքական երկխոսությանը և երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին:
Տոմիսլավ Նիկոլիչը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ Սերբիայի Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, իր համար կարևոր է եղել Հայաստանի և Սերբիայի միջև հարաբերությունների զարգացումը, որը, Նախագահ Նիկոլիչի խոսքով, այսօր բավարար մակարդակի վրա չէ: Սերբիայի Նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կներդնի առավելագույն ջանքեր՝ հայ-սերբական միջպետական կապերը սերտացնելու և համագործակցությունը խորացնելու համար:
Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին պարգևատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի առթիվ և ի նշանավորումն հայ-սերբական ավանդական բարեկամության: Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը փոխադարձաբար Նախագահ Սերժ Սարգսյանին պարգևատրել է Սերբիայի Հանրապետության շքանշանով: