Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տասնամյակներ առաջ` դեռևս խորհրդային իշխանության տարիներին, տեղի տալով ժողովրդի հիշողության ուժի ու պահանջի առջև, օրվա իշխանությունը համարձակություն ունեցավ մասամբ մաքրել պատմության փոշին Սարդարապատի ճակատամարտի վրայից:
Կես ճշմարտությունն այն ժամանակ երևի միակ ելքն էր` խոսելու մեր պատմության հերոսական էջի մասին: Բայց կես ճշմարտությունը, ինքնին, կես սուտ է: Իսկ սուտն այն է, որ օրվա իշխանությունն ու «պատմաբանները» ամեն ջանք գործադրում էին Սարդարապատը՝ որպես ժողովրդի ինքնաբուխ, անկազմակերպ պոռթկում ներկայացնելու համար, փորձում էին տպավորություն ստեղծել, որ Սարդարապատը, Բաշ-Ապարանը և Ղարաքիլիսան ժամանակագրական առումով էին միայն համընկնում, բայց դրանք նախապատրաստական ու կազմակերպական առումով, ինչպես նաև միասնական ղեկավարությամբ իրար հետ փոխկապակցված և Հայաստանի անկախության վերականգնմանը հանգեցրած պատմական վճռորոշ իրադարձություններ էին:
Այն ժամանակ գաղափարական հակառակորդի՝ Դաշնակցության դեմ պայքարը, պարտադրում էր ամեն ինչ անել նրա գործունեությունը արժեզրկելու, մոռացության մատնելու համար:
Զավեշտալին այն է, սակայն, որ այս քաղաքականությունը շարունակվում է նաև մեր այսօրվա իշխանության կողմից: Այսօր ամեն ինչ, այդ թվում՝ պատմական ճշմարտությունը միայն քաղաքական շահին ու քաղաքական դիվիդենդ ստանալուն ծառայեցնելու մարմաջը հանգեցնում է նեոբոլշևիկյան ոճով պատմաշինության, որը հանգեցնում է ուղղակի ծիծաղելի դրսևորումների, երբ պետականորեն ավելի ճոխությամբ նշում են Սարդարապատի տարեդարձը՝ փորձելով չնշել այն մեծագույն արժեքը՝ Անկախության վերականգնումը, որին հանգեցրեց այդ ճակատամարտը, իսկ մեր պատմության մեծագույն դեմքերից մեկին՝ Արամ Մանուկյանին հիշատակելով ընդամենը որպես Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար, բայց ոչ որպես ինը դար ընդմիջումից հետո անկախության վերականգնման ուղղությամբ վճռական քայլ արած պետական և քաղաքական գործիչ:
Մոռացության է մատնվում նաև այն հանգամանքը, որ այս ճակատամարտերում թափած արյամբ Հայաստանը ձեռք բերեց Անտանտի «փոքր» դաշնակցի կարգավիճակ, իսկ դրանով էլ՝ Սևրի դաշնագրով ամրագրված մեր իրավունքների՝ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի ամրագրում: