կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-13 11:27
Հասարակություն

Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն

Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը սադրանքների են դիմում Արցախի Հանրապետության տարբեր գյուղերի ուղղությամբ, կրակում են ու ականներ կիրառում խաղաղ բնակիչների նկատմամբ, և այս ամենն արդեն ամենօրյա բնույթ են կրում։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի կարծիքով՝ Արցախում թշնամու ակտիվությունը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով, քանի որ թշնամին մտածում է, թե ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով, ինքն էլ կարող է Արցախում ավելին ստանալ։

«Այս ամենն ինչ-որ տեղ նաև փորձ է՝ նման ճգնաժամային իրավիճակներում շոշափել տարածաշրջանում, տվյալ պարագայում՝ Արցախում Ռուսաստանի զգոնությունը։ Ամեն օր ավելացնելով ճնշումը՝ եթե սկզբում բարձրախոսներով էին ժողովրդին ահաբեկում, հետո՝ ավտոմատներից, այսօր արդեն կիրառում են ականանետեր և աստիճանաբար մեծացնում են ճնշումները»,- նշեց Վահրամ Բալայանը։

Ինչ վերաբերում է գազատարի վթարին, ապա Վահրամ Բալայանը դժվարացավ որևէ ստույգ բան ասել, թե ինչն է վթարի պատճառը, կամ ընդհանրապես վթա՞ր է, թե՞, ասենք, պայթեցում: Նրա խոսքով՝ մինչև այժմ գնահատական չի տրվել, քանի որ ադրբեջանական կողմը հայկական կողմին թույլ չի տալիս մոտենալ այդ վայրին, որպեսզի կարողանան ուսումնասիրել և ստույգ գնահատական տալ։

«Խոսակցություններ են շրջանառվում, որ թշնամին այդ հատվածներն ականապատել է։ Հնարավոր է նաև, որ այս լոգիստիկ հարցերի լուծման ընթացքում, տվյալ պարագայում՝ երկաթգծի, ճանապարհների բացման պատրվակով ինչ-որ ձևով փորձում են Հայաստանի վրա ճնշումներ գործադրել և ինչ-որ բաներ պոկել»,- հավելեց Վահրամ Բալայանը։

Անդրադառնալով Ադրբեջանի սադրանքներին ի պատասխան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր արձագանքներին, Վահրամ Բալայանը նկատեց՝ ցավոք, 2020 թվականի պատերազմից հետո Մինսկի խումբը գործնական քայլեր չի ձեռնարկել։

«Կարծում եմ՝ այդ կառույցից շատ բան է կախված, այն, ի վերջո, ներկայացնում է երեք հզոր պետություններ։ Մենք ԱԺ մեր հայտարարություններում մշտապես նշել ենք, որ սպասում ենք, որպեսզի Մինսկի խմբի համանախագահ երկրները համապատասխան քայլեր ձեռնարկեն, որպեսզի արդյունավետություն ապահովեն։ Ցավոք, առ այսօր նման բան չկա։ Մեր հույսն այսօր ավելի շատ ռուս խաղաղապահներն են Արցախում, նրանք բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ, որպեսզի կարողանան հարցին ինչ-որ ձևով լուծում ապահովեն»,- շեշտեց Վահրամ Բալայանը։

Իսկ ինչպե՞ս պետք է Հայաստանն արձագանքի այս սադրանքներին՝ գոնե պաշտոնական մակարդակում, Վահրամ Բալայանը պատասխանեց, որ Հայաստանն առնվազն մի քանի փաստաթղթերով հանձնառու է Արցախի անվտանգության հարցերի լուծման համար։

«Ի վերջո, վերջին 2 տասնամյակների ընթացքում բանակցային գործընթացով զբաղվում է Հայաստանը, մյուս կողմից էլ՝ չպետք է անտեսենք, որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված երկիր է, ՄԱԿ-ի անդամ է և իր կապերն ու ռեսուրսները պետք է օգտագործի, որպեսզի նման ճգնաժամերից մենք կարողանանք խույս տանք, նաև պետք է ակտիվություն ցուցաբերի հարցի վերջնական կարգավորման տեսանկյունից»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Աղբյուրը՝ 168.am