կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-14 12:13
Քաղաքական

Ինչ կապ ունի ավանդների փոխհատուցման ծրագիրը ՕԵԿ-ի հետ

Ինչ կապ ունի ավանդների փոխհատուցման ծրագիրը ՕԵԿ-ի հետ

Օրերս թերթերից մեկը դիպուկ էր նկատել` Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությունն իր տարերքի մեջ է. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ կրկին գործի են դրել իրենց «հին ու բարի» մեթոդները` պոպուլիզմն ու երեսպաշտությունը` այդպես փորձելով ազդել հիմնականում լյումպեն խավի վրա:

««Հայկական վերածնունդ»-ի քարոզարշավի հիմնական մեխերից է լինելու ԽՍՀՄ ավանդների վերադարձի հարցը, առավել եւս, որ այդ ուղղությամբ նրանք վաղուց են սկսել քայլեր անելը. տեւական ժամանակ է` «Հայկական վերածնունդ» կուսակցության տարածքային կառույցները հայտարարություն են տարածում ԽՍՀՄ ավանդները չստացած քաղաքացիների հաշվառման եւ ավանդների վերադարձման երկրորդ փուլ նախաձեռնելու մասին` առաջարկելով գրանցվելու համար դիմել կուսակցության գրասենյակներ: Դե, կուսակցության գրասենյակում էլ մարդկանց ցուցակագրում են, եթե կարողանում են համոզել, ապա անդամագրում են ՀՎԿ շարքերը եւ, որ ամենակարեւորն է, համոզում են ընտրել իրենց` խոստանալով ավանդները վերադարձնել մեկ ռուբլին մեկ դոլարի հարաբերակցությամբ: Քիչ թե շատ գրագետ մարդու համար պարզ է, որ մարդկանց ավանդները վերադարձնողը ՀՎԿ-ն չէ, ոչ էլ գումարները տրվելու են Արթուր Բաղդասարյանի գրպանից, այլ այդ հարցը կանոնակարգված է օրենսդրությամբ, այն կառավարության իրավասության շրջանակներում է: Բայց Արթուր Բաղդասարյանի հույսը շարքային քաղաքացիների ցածր իրավագիտակցությունն է, առավել եւս, երբ հեռավոր մարզերում դեռեւս կան նման կեղծ խոստումներին հավատացողներ: Տեղի ունեցածը, համաձայնեք, ոչ այլ ինչ է, քան սեփական ժողովրդի, սեփական ընտրողի նկատմամբ ծաղր, երբ օգտվելով մարդկանց ոչ լիարժեք տեղեկացված լինելու հանգամանքից՝ ուղղակի խաբում են»,- գրում է թերթը եւ մեջբերում կուսակցության մամլո խոսնակի խոսքերը. «Հենց մեր օրենսդրական նախաձեռնության արդյունքում է, որ այսօր շուրջ 40 մլն դոլարի ավանդների փոխհատուցում է եղել: Դա պոպուլիստկա՞ն է: Այսօր, երբ երրորդ-չորրորդ երեխայի համար պետության կողմից տրամադրվում են միանվագ օգնություն: Դա պոպուլիստակա՞ն է»:

Այն, որ ավանդների թեման նախընտրական շրջանում Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը մատի փաթաթան է սարքել, թերեւս նորություն չէ: Բայց տեղին է եւս մեկ անգամ հիշել, թե ինչպես է օրենքը դարձել օրենք, ինչն այդքան շատ են սիրում իրենց վերագրել նախկին ՕԵԿ-ականները, դեռ մի բան էլ նեղսրտել, թե իրենց արածը չեն գնահատում եւ մեղադրում են պոպուլիզմի մեջ:

Այսպես`

ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ բազմաթիվ քաղաքացիների` ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման, ուշադրություն` փոխհատուցման /ամբողջական վերադարձը, ՕԵԿ-ի ասած տարբերակով, բացարձակապես անհնար է գոնե մի 30 տարի, քանի որ ահռելի գումար է-խմբ./ գործընթացը սկսվել է 2006-ին: Մինչ այդ քաղաքացիները, տարբեր ուժեր պահանջում էին, որ պետությունը վերադարձնի ավանդները, սակայն պետությունն ի վիճակի չէր այդ գումարը վերադարձնել: Մյուս կողմից, սակայն, մարդկանց սոցիալական վիճակը հաշվի առնելով, որոշվեց, որ պետք է ավանդների փոխհատուցման ծրագիր մշակվի: 2006-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որպեսզի ավանդների փոխհատուցման կարգն ու ժամկետները որոշվեն: «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում արդեն սահմանվեց, որ մինչև 1993-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց քաղաքացիները պետք է փոխհատուցում ստանան: Օրենքում նշված էր նաև /հոդված 13/, որ պետք է սահմանել փոխհատուցման տրամադրման կարգն ու ճշտել նշված փոխհատուցումը ստանալու առաջնահերթ իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները:
http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2424
Այնուհետեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի այն ժամանակվա նախարար Աղվան Վարդանյանը  ՀՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ կոալիցիոն կառավարությանը ներկայացրեց օրենքի` կյանքի կոչման մանրամասները, որն էլ հաստատեց կառավարությունը, և ՀՀ կառավարության 2006-ի մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ` 2006-ի օգոստոսից ավանդների փոխհատուցումը սկսվեց. տվյալ տարվա համար հատկացվել էր 1 միլիարդ դրամ: http://www.arlis.am/documentview.aspx?docid=23146

Փոխհատուցումը տրամադրվում էր նրանց, ովքեր ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլիով դրամական ավանդ էին ներդրել` մինչև 1993-ի հունիսի 10-ը ներառյալ: Սկզբում փոխհատուցման առաջնայնության կարգը ըստ սոցիալական վիճակի էր` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին էր տրվում: 2014-ին եւ 2016-ին սակայն, ավանդների փոխհատուցման տրամադրման կարգը փոխվեց: 2016թ. փետրվարի 11-ի որոշման ընդունմամբ` 2016թ. հունվարի 1-ից հետո ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար դիմելիս մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունենալու պահանջը հանվեց: Այսպես. նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներինմարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցողՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց: 

Ուշագրավ մի հանգամանք եւս` մինչեւ 2006թ. մայիսի 12-ը ՕԵԿ-ը ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիայի մեջ էր: Հարցը քննարկվել է կոալիցիայի խորհրդում, և օրենքի ընդունումը վերագրել բացառապես սեփական կուսակցությանը, մեղմ ասած, գեղեցիկ չէ:

ՕԵԿ-ը չի բավարարվում` ավանդների վերադարձի, իսկ ավելի ճիշտ ձեւակերպմամբ` փոխհատուցման ծրագիրը սեփական կուսակցության ձեռքբերումը ներկայացնելով միայն, իրենց են վերագրում նաեւ «երրորդ-չորրորդ երեխայի համար պետության կողմից տրամադրված միանվագ օգնություն»-ը: Իրավական ձեւակերպմամբ` դա նույն` ընտանեկան դրամագլխի մասին որոշումն է, հեղինակը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է` բնականաբար, ոչ ՕԵԿ-ական նախարարի գլխավորությամբ: Հարկ է նշել, որ անապահով ընտանիքների համար երրորդ եւ հաջորդ երեխային միանվագ հրատապ օգնության տրամադրման մասին համապատասխան որոշում եղել է դեռևս 2006-ին /կառավարության N 1896 որոշմամբ/:

Նշենք նաեւ, որ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը և ընտանեկան դրամագլուխը միևնույն ծրագիրն են, պարզապես ընտանեկան դրամագլուխը ենթադրում է ծննդյան միանվագ նպաստի մի մասի վճարում: