կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-01-27 13:28
Քաղաքական

Վիգեն Սարգսյանի երազանքը

Վիգեն Սարգսյանի երազանքը

Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրուցեց նաև ներքաղաքական հարցերի մասին:

Հարցին, թե որքանո՞վ է ընդգրկված լինելու նախընտրական քարոզարշավում, պատասխանեց. «Այո, նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ես մասնակցելու եմ նախընտրական քարոզարշավին այն ծավալով, ինչ ծավալով կուսակցությունը նպատակահարմար գտնի: Վստահեցնում եմ, որ անելու եմ այնպես, որ քարոզարշավին իմ մասնակցությունը լինի օրենքի տառին համահունչ, աշխատանքային ժամերից դուրս»:

Հարցին` արդյո՞ք ինքն է ղեկավարելու ՀՀԿ համամասնական ցուցակը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է իր կուսակցությունից առաջ ընկնել ցուցակը հրապարակելու հարցում: Այն կհրապարակվի, դրանում ինտրիգ չկա»:

Անդրադառնալով ճշտող հարցին, թե արդյո՞ք ամիսներ անց չի պարզվի, որ ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ է հատկացրել քարոզարշավին, Սարգսյանը պատասխանեց. «Զարմանում եմ, որ դուք իմ գործունեության մեջ տեսել եք քաղաքական մասի գերակշռում: Այս 118 օրերի ընթացքում ես քաղաքականությամբ զբաղվել եմ ՀՀԿ համագումարի օրը և հինգշաբթի օրերին` մասնակցելով ՀՀԿ ԳՄ նիստերին: Եթե դուք նկատի ունեք, որ իմ լավ գործունեությամբ կարող եմ բարձրացնել կուսակցության վարկանիշը, դա հենց քաղաքականության անբաժան մասն է»:

Հնարավո՞ր է Վիգեն Սարգսյանը գլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը, կամ` եթե Կարեն Կարապետյանը, մշտական բնակության վայրի խնդրով պայմանավորված, չկարողանա դառնալ վարչապետ, հնարավո՞ր է դառնա վարչապետ: Այս հարցին Սարգսյանը պատասխանեց, որ պաշտպանության նախարարի աշխատանքը համարում է երկրի ամենահետաքրքիր, պատասխանատու ու կարևոր աշխատանքներից մեկը, որը համադրելի չէ այլ պաշտոնների հետ, թեև վարչապետի պաշտոնն էլ հսկայական ոլորտի համար է պատասխանատու:

«Ես ունեմ այլ երազանք` որ առաջիկա ընտրություններում կարողանանք ապահովել այնպիսի արդյունք, որը թույլ կտա ինձ շարունակել աշխատել որպես պաշտպանության նախարար, որովհետև ես այստեղ տեսնում եմ շատ մեծ անելիքներ և հույս ունեմ` կունենամ հնարավորություն իրականացնելու այդ անելիքները: Իմ խորին համոզմամբ` այս ոլորտում պետք է պլանավորել երկարատև աշխատանք, և չի կարելի այս ոլորտից արագ տեղափոխվել այլ ոլորտ, դա ազնիվ չի լինի համակարգի նկատմամբ»,- ասաց Վիգեն Սարգսյանը: