Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ Նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի մասնակիցներին ուղղված բացման խոսքում Նախագահը նշել է. «Շուրջ քառորդ դար մեր պետությունն անցել է ժողովրդավարական ինստիտուտների կայացման բարդ ճանապարհ: Մեր պետականության կառուցումը խարսխված է եղել իրավունքի գերակայության, խոսքի ազատության, քաղաքական բազմակարծության և այլ հիմնարար սկզբունքների վրա, որոնք երբեք կասկածի տակ չեն առնվել:
Ցավոք սրտի, իհարկե, եղել են ժամանակահատվածներ, երբ այս սկզբունքներն ավելի շատ կրում էին դեկլարատիվ բնույթ և իրականությանը չէին համապատասխանում: Միաժամանակ մշտապես գիտակցել ենք, որ կան արժեքներ, որոնք վեր են անձնական, խմբակային, կուսակցական և այլ շահերից: Դրանց շարքում կարևորագույներից մեկը մեր երկրի ներքին անդորրի և համերաշխության ապահովումն է, որը ներկայիս տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո էլ ավելի արժեքավոր է դառնում:
Այս արժեքի պահպանումն ինքնին ենթադրում է նաև քաղաքական պայքարի առկայություն և տարաբնույթ շահերի արտահայտման ու պաշտպանության համար ժողովրդավարական հասարակությունում ճանաչված այլ միջոցների կիրառում: Սակայն վերջին ժամանակներս ավելի են ընդգծվում առանձին անձանց օրակարգում տեղ գտած հարցերը քաղաքական գործընթացների շրջանակներից դուրս բերելու և դրանց այլ լուծումներ տալու մտադրություններն ու փորձերը: Մինչ օրս համապատասխան գործողություններին տրված գնահատականները և դրանց առթիվ կատարված վերլուծություններն առավելապես ունեցել են քաղաքական ուղղվածություն: Կարծում եմ, որ այսօր ժամանակն է նման գործողությունները և դրանց հետ առնչվող երևույթները քննարկել նաև ազգային անվտանգության տեսանկյունից:
Մեր խնդիրն է գնահատել, թե որքանով են առկա սպառնալիքները վտանգում անձի, հասարակության և պետության կենսականորեն կարևոր շահերը, ձևավորել ընդհանուր մոտեցում, թե ինչպիսին պետք է լինեն այդ սպառնալիքների չեզոքացման միջոցները: Ասվածը բնավ չի նշանակում, որ հասարակության բնականոն գործունեության համար կարևոր մի շարք հարցերի կապակցությամբ պետությունը չի ունեցել որոշակի վերաբերմունք կամ նոր դիրքորոշումներ է ձևավորում: Մասնավորապես, պետությունը երբեք չի խրախուսել բռնությունների միտված երկիմաստ քարոզչությունը, լավ թե վատ, թեև դա այս պահի խնդիր չէ, փորձել է վերահսկել ֆինանսական միջոցների գոյացման օրինականությունը, ինչ որ չափով արձագանքել է կասկածելի ֆինանսական ռեսուրսները քաղաքական նպատակներով օգտագործելու երևույթին, պարբերաբար հակազդել է մասնավոր շահերի պաշտպանության համար տեխնիկական և կազմակերպական հնարավորությունների անհամաչափ գործածմանը: Իհարկե, այս ամենը պետական իրավասու մարմինների ամենօրյա գործունեության բաղկացուցիչ մասն է:
Սակայն երբ նման բացասական երևույթները միավորվում և ծառայեցվում են երկրի ազգային անվտանգությանը հակադրվող շահերի սպասարկմանը, դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի սկզբունքորեն այլ: Թե ինչպիսին, կքննարկենք այսօր»:
ԱԱԽ նիստում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձևավորվել է ընդհանուր մոտեցում երկրի ազգային անվտանգությանը սպառնացող երևույթները գնահատելու և դրանց վտանգավորության աստիճանին համարժեք միջոցներ ձեռնարկելու կապակցությամբ: ԱԱԽ անդամները միակարծիք են եղել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի չեզոքացման միջոցները պետք է համապատասխանեն օրինականության և արդարության չափանիշներին: