կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 14:09
Հասարակություն

Թեքահարթակների թեքությունը մեզ էլ է անհանգստացնում. փոխքաղաքապետ

Թեքահարթակների թեքությունը մեզ էլ է անհանգստացնում. փոխքաղաքապետ

2016-ին Երևանի քաղաքապետարանը կառուցել է 275 նոր թեքահարթակներ, իսկ 2017-ին ևս 420 թեքահարթակ կկառուցվի. լրագրողներին այսօր հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ 2017-ի համար արդեն իսկ սկսել են գույքագրվել բոլոր տարածքները, որտեղ թեքահարթակների անհրաժեշտություն կա: «Թեքահարթակների նախագծային աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ են իրականացվում: Բացի այդ` շինարարության ընթացքում ամիսը մի քանի անգամ մոնիթորինգ է արվում, ընթացքում էլ նախագիծը շտկելու հնարավորություն է լինում: Սա շատ արդյունավետ աշխատաոճ է եղել»,- ասաց Արեյանը:

Yerkir.am-ի հարցին, թե քաղաքապետարանն արդյո՞ք պատրաստվում է արդեն իսկ եղած «մահացու» թեքահարթակների խնդիրը լուծել, քանի որ, օրինակ, գետնանցումների մոտ առկա թեքահարթակները ոչ միայն կիրառելի չեն, այլ նաև` վտանգավոր, փոխքաղաքապետը պատասխանեց, որ, այո, գետնանցումների մոտ կան թեքահարթակներ, որոնց թեքությունն անհանգստացնող է: Ըստ նրա` հանրապետության 39 ստորգետնյա անցումներից ոչ բոլորն ունեն թեքահարթակներ: «Եղածները շտկելու կարիք, իրոք, կա, հատկապես` 2000 թվականին կառուցված թեքահարթակների թեքությունը շատ անհանգստացնող է: Մենք այս տարի պետք է փորձենք դրանց թեքությունը շտկել: Բացի այդ` հասարակական մի շարք շենքեր դեռևս մատչելի չեն, և դրանց խնդիրը նույնպես պետք է լուծվի: Մեզ համար մեծ խնդիր են մնում հին շենքերը, որոնց հատակագիծն այնպիսի տեսք ունի, որ հնարավոր չէ ինչ-որ փոփոխության ենթարկել»,- ասաց Արեյանը: