կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-09 17:20
Քաղաքական

Ադրբեջանի պահվածքն այլ տրամադրությունների մասին է հուշում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի պահվածքն այլ տրամադրությունների մասին է հուշում. Տիգրան Աբրահամյան

2017-ի առաջին օրերը հակամարտ զորքերի շփման գծում աչքի ընկան Ադրբեջանի կողմից հրադադարի բազմակի խախտմամբ: Բանակցային գործընթացի ու դիվանագիտական ջանքերի մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ: Հարցին, թե ի՞նչ դասեր կարող է քաղել Հայաստանը քառօրյա պատերազմից, որի արդյունքում ունեցանք տարածքային կորուստ և բանակի կոռուպցիայի մասին հանրային քննարկումներ, նա պատասխանեց. «Բարդ է ասել, ոչ թե նրա համար, որ ոչինչ չի արվել, այլ նրա համար, որ մի քիչ դժվար է խոսել բանակում կոռուպցիոն երևույթների մասին, դա առավել մասնագիտական, խորքային վերլուծություն է ենթադրում: Օրինակ՝ մենք տեսնում ենք կոռուպցիոն բացահայտումների մասին պաշտոնական հաղորդագրություններ, սակայն չկան ընդհանուր թվեր, որպեսզի հասկանանք` որքան են ռիսկերը, դրանց որ մասն է բացահայտվում և այլն: Դասեր, այնուամենայնիվ, կարծում եմ` քաղվել են: Դա նկատելի է ինչպես առաջնագծում իրականացվող աշխատանքների ծավալից, այնպես էլ՝ նոր մոտեցումների արտահայտմամբ»:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում ռազմական հավասարակշռությանը, այն դեպքում, երբ վերջին տարիներին Ադրբեջանն առանց թաքցնելու սպառազինվում էր, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ երբ խոսք է գնում  Ադրբեջանի ֆինանսական և ռազմական պոտենցիալի մասին, ապա պետք է հաշվի առնել նաև վերջին երկու տարիներին այդ երկրի ֆինանսատնտեսական ոլորտում նկատվող զարգացումները` բյուջեի, այդ թվում՝ ռազմական, նվազումից մինչև փոխարժեքի փլուզումներ, էներգակիրների միջազգային գների նվազում և այլն: Ճիշտ է՝ երկրի ռեզերվային ֆոնդում գումարներ դեռ կան, սակայն, Տիգրան Աբրահամյանի խոսքով, Ադրբեջանն իրեն նախկինի պես վստահ չի զգում. ակնհայտ է, որ գրպանի գումարները կտրուկ նվազել են:

«Ուժերի հավասարակշռությունն Ադրբեջանի օգտին չի փոխվել, եթե դա այդպիսին լիներ, ապա ապրիլյան պատերազմն այլ ելք կունենար»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի դիվանագիտական ջանքերը բանակցային գործընթացը վերսկսելու գործում, քաղաքագետը պատասխանեց, որ այս փուլում գնդակը Ադրբեջանի դաշտում է, և եթե Ադրբեջանը չի ցանկանում բանակցել, հակված է խնդրի ձգձգմանը կամ ռազմական ճանապարհով լուծմանը, ապա ոչ միայն Հայաստանի,  այլև միջնորդ երկրների ջանքերը արդյունք չեն տա, ինչպես եղավ 2016-ի ապրիլին:

Իսկ թե հնարավո՞ր է` 2017-ին որևէ բեկում լինի բանակցային գործընթացում, Տիգրան Աբրահամյանը նշեց. «Չեմ կարծում, թե 2017 թվականին գործընթացում բեկում կլինի, համենայն դեպս, Ադրբեջանի պահվածքն այլ տրամադրությունների մասին է հուշում: Իիսկ հրադադարի ռեժիմի խախտումները 2017 թվականի հունվար ամսի առաջին տասնամյակում այնքան շատ չեն, սակայն դրանք ամեն պահի կարող են կտրուկ աճել»: