կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-02 13:53
Քաղաքական

Նախարարների հաճույք ստանալուց մինչև պատգամավորների վերընձյուղում. Մեկնաբանում են լրագրողները

Նախարարների հաճույք ստանալուց մինչև պատգամավորների վերընձյուղում. Մեկնաբանում են լրագրողները

Yerkir.am-ի զրուցակիցներն են լրագրողներ, որոնք լուսաբանում են կառավարության և Ազգային ժողովի աշխատանքները: Թե ինչ հիշարժան պահեր եղան 2016-ին, իրենց աշխատանքային գործունեության մեջ, տպավորություններով կիսվել են armtimes.com կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն ու newsbook.am կայքի լրագրող Նաիրա Հարությունյանը:

 2016-ին կառավարությունում, ԱԺ-ում ի՞նչը ձեզ զարմացրեց, զայրացրեց, ուրախացրեց:

Նաիրա Հարությունյան- Եթե հարցին լուրջ մոտենանք, ապա մի փոքր դժվարանում եմ պատասխանել, թե ինչը ուրախացրեց, ի վերջո մեր խորհրդարանն ավելի շատ մտահոգվելու առիթներ է տալիս քան ուրախանալու: Բայց ամեն դեպքում ուրախանալու, ավելի ճիշտ ժպիտներ պարգևելու գործում մեծ ավանդ ունի Գալուստ Սահակյանը: Նա ամբողջ տարի իր մտքերով ուրախացրեց հանրությանը:

Զարմանալու առիթներ այս պահին չեմ հիշում: 5 տարի է` նույն կազմն է խորհրդարանում, արդեն պարզ է` ով ինչի է ընդունակ, և կարծես զարմացնողներ չեղան: Եթե խորհրդարանում զարմացնողներ չեղան, ապա նույնը չի կարելի ասել գործադիրի վերաբերյալ: Այստեղ տեղի ունեցած փոփոխությունները արդեն իսկ զարմանալի էին, քանի որ գոնե տարվա կեսին չէր սպասվում հրաժարականների նման տարափ:

Թե նոր կադրերը ինչ փորձառություն ունեն իրենց վստահված ոլորտներում միանշանակ գնահատական տալ չեմ կարող, բայց կարող եմ հստակ նշել վերջիններիս բարեկիրթ պահվածքի մասին: Նման պաշտոնյաները իսկապես շատերի զարմանքն էին առաջացրել:

 Տիրայր Մուրադյան- 2016 թվականին փոխվեց կառավարության կազմը, բայց դա ոչ զարմացրեց, ոչ ուրախացրեց, ոչ էլ հանգստացեց: Պարզապես նոր կառավարությունից որոշակի սպասելիքներ առաջացան, որոնք հետագայում այդպես էլ սպասելիք մնացին: Այսինքն՝ էական որեւէ բան տեղի չունեցավ կառավարության գործունեության ընթացքում, բացառությամբ որոշակի դրայվը:

 Ո՞ր նախարարը կամ պատգամավորն աչքի ընկավ 2016-ին, և ինչո՞վ:

 Նաիրա Հարությունյան- Պատգամավորներից որևէ մեկին առանձնացնել չեմ կարող: Հատուկ որևէ մեկն ինձ համար աչքի չի ընկել, բացառությամբ մի քանիսի, որոնք փայլեցին իրենց գռեհիկ բառապաշարով:

Տիրայր Մուրադյան- Նախարարներից ինձ համար առանձնացավ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որը նոր լիցք հաղորդեց կառավարությանն ու իր ղեկավարած գերատեսչությանը: Ամիրյանը ստանդարտից դուրս գործեց, սակայն մինչ օրս ինչ-որ դարակազմիկ փոփոխություն դեռ իր ղեկավարման ընթացքում  ես չեմ տեսել: Ինձ պարզապես ուրախացնում են նոր նախարարի նոր մոտեցումները, թեև դեռ գործնական փոփոխություններ չեմ կարող առանձնացնել:

2016-ին ընդունած ամենաանհեթեթ կամ ամենալավ օրենքը:

Նաիրա Հարությունյան- ՓՄՁ-ներին աջակցող որոշակի նախագծեր ինձ համար դրական էին: Գործարարարներից շատերն էին գոհունակություն հայտնում: Բայց միևնույն ժամանակ ընդունվեց Հարկային օրենսգիրքը, որը բավական վատ արձագանք ստացավ և եթե խնդիր է դրվել զարգացնել տնտեսությունը կարծում եմ այն չի կարող խթանել զարգացմանը: Սա է ինձ համար ընդունված վատագուն օրենքը:

Տիրայր Մուրադյան- Այս հարցը ես որոշակիորեն կխմբագրեի: Կառավարության ընդունած ամենարդյուանվետ եւ ոչ արդյունավետ բարեփոխումը: Նոր կառավարության գործունեության մեջ արդյունավետը կարող եմ նշել արդարադատության համակարգում տեղի ունեցած կոսմետիկ փոփոխությունը, ԴԱՀԿ-ի ծանուցումները, ապօրինի հարստացման դեմ պայքարի օրենսդրական փաթեթը եւ այլն: Ամենաանարդյունավետն իմ կարծիքով ծառայողական մեքենաների կրճատման բլեֆն էր: Այսինքն՝ կրճատվեցին եւ աճուրդի հանվեցին շարքից դուրս եկած մեքենաներ, որոնց մեջ ցավոք սրտի, առաջին նախագահին սպասարկած ավտոմեքենան էլ կար, այն շուտով աճուրդի կհանվի:

Կառավարության կամ ԱԺ-ի նիստերից ամենահետաքրքիր դրվագը:

Նաիրա Հարությունյան- 2016 թվականին  կառավարության ամենհետաքրքիր դրվագը Հովիկ Աբրահամյանի հրաժարականի տեքստն էր, որը լսել եմ համակ ուշադրությամբ: Ինձ համար դրան գերազանցող դրվագ չի գրանցվել, ոչ խորհրդարանում, ոչ էլ` նոր ձևավորված կառավարության նիստում:

Տիրայր Մուրադյան- Նախ մի քանի դրվագ կառանձնացնեի, որոնք կրկին այդքան էլ էական բաներ  չեն: Նախ, որ նոր կառավարության ղեկավարը որոշակի ձեւական բաներ վերացրեց, օրինակ, նախարարները նստած տեղից են զեկուցում, կարճ են սկսել զեկուցել, ինչպես նաեւ կառավարության նիստում չեն հաստատվում անպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ինչ-որ մի նախարարի տեղակալին բջջային հեռախոս հատկացնելը եւ այլն:

Ի՞նչ հումոր կամ թևավոր խոսք ծնվեց աշխատանքային պրոցեսում:

Նաիրա Հարությունյան- «Վերընձյուղվել»  բառը պատգամավորներից մեկը գործածեց իր խիստ պաթետիկ ելույթում և լրագրողներիս համար դարձավ նոր հումորային մանրապատումների թեմա:

Տիրայր Մուրադյան- Զավեշտալի դրվագներից մեկն այն էր,  երբ Կարեն Կարապետյանը նախարարներից երկուսին հարցեց, թե ինչի՞ց են հաճույք ստանում: Դրանից բացի աշխատանքային պրոցեսում ինչպես լրագրողների, այնպես էլ քաղաքական գործիչների մոտ հարցուպատասխանի նոր ոճ ձեւավորվեց: Ավելի ճիշտ՝ փոխառություն վերցրեցինք վարչապետից: Խոսքը՝ հարց տալ եւ այդ հարցին պատասխանելն է: Մամուլում հիմա կարելի է հրապարակումներ տեսնել, երբ նյութի հեղինակը վարչապետի խոսակցական ոճի պես  ինքն իրեն հարց է տալիս եւ հարցին պատասխանում, դրանով նաեւ հեգնելով գորադիրի ղեկավարի այդ մոտեցումը: