կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-22 13:42
Քաղաքական

Այո՛, պետական պարտքի մակարդակը սրընթաց բարձրացել է. ֆինանսների փոխնախարար

Այո՛, պետական պարտքի մակարդակը սրընթաց բարձրացել է. ֆինանսների փոխնախարար

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում մեկնարկեց կառավարության և Զարգացման ֆինանսական գործակալության միջև ստորագրված միջազգային համաձայնագրի քննարկումը:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հայտնեց, որ համաձայնագրով` ՀՀ-ին կտրվի քառասուն միլիոն եվրո բյուջետային վարկ՝ քսան տարի մարման ժամկետով՝ արտոնյալ պայմաններով:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ տարատեսակ աղյուսակներով մեր երկիրը համարվում է նվազ պարտքային բեռ ունեցող երկիր, թեև «հինգ միլիարդի հոբելյանական սահմանագիծը հատել ենք»:

«Մեր երկիրն ունի զրո ներդրումային միջավայր, և մեր տնտեսության քաղաքական հետագիծը, առաջնագիծը և տեսլականը բացարձակ պոզիտիվ չեն: Բացի հայտարարություններից, բացի հռետորական խոսքերից, որևէ այլ գործնական քայլ, որ երկիրը կարող է բերել ներդրումներ, և այդ ներդրումները կարող են լրացուցիչ ներարկումներ անել տնտեսության մեջ, մենք չունենք»,- մտահոգություն հայտնեց պատգամավորը:

Նա հարցրեց ֆինանսների փոխնախարարին. «Եթե հատենք ռիսկային շեմը, և մեր երկիրը դառնա ոչ վարկունակ, ի՞նչ ենք անելու, որովհետև որևէ տեսանելի բան, որ Հայաստանում առաջիկա տարիներին հնարավոր են լուրջ ներդրումներ, որոնք կկարողանան բալանսավորել մեր տնտեսությունը, չկա: Ելքը ո՞րն է լինելու: Երկիրը կդառնա ռիսկային՝ որևէ վարկի տրամադրման համար: Պետք է աշխատել ներդրումների վրա, ոչ թե դեսպաններին կանչեք ու հանձնարարություն տաք, ասեք՝ դեսպա՛ն, գնա ու քո շրջապատում տես՝ ո՞վ կարող է ներդրում բերել: Դեսպանների հիմնական ֆունկցիան դա չէ»:

Ֆինանսների փոխնախարար Հայրապետյանը պատասխանեց, որ ամբողջապես կիսում է այն մտահոգությունը, որ երկիրը ներդրողների պակաս ունի: «Բայց մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որ հակառակ էֆեկտ չունենանք ներդրողների համար: Այո՛, սրընթաց բարձրացել է պետական պարտքի մակարդակը և ինքնանպատակ չի բարձրացել: Տնտեսագիտության մեջ կա կարևոր կատեգորիա՝ մակրոտնտեսական հավասարակշռություն, որը պետք է ապահովել երկրում,- ասաց փոխնախարարը՝ հիշեցնելով. «Արտաքին աշխարհից եկող երկու շոկ է եղել, մեկը` ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները, մյուս կողմից էլ` պղնձի գներն են նվազել, ինչը մեր տնտեսական պոտենցիալի վրա լուրջ ազդեցություն ունի»: