կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-13 20:01
Իրավական

ԱԱԾ-ն չի կողմնորոշվում՝ թշնամուն հանձնվածները դավաճաննե՞ր են, թե՞ ոչ

ԱԱԾ-ն չի կողմնորոշվում՝ թշնամուն հանձնվածները դավաճաննե՞ր են, թե՞ ոչ

Շուրջ մեկ ամսվա ընթացքում Բաքու են մեկնել և Ադրբեջանին հանձնվել իրեն ակտիվիստ հռչակած, հոգեբուժարանում հաշվառված Վահան Մարտիրոսյանը, ահաբեկչության մասին կեղծ հաղորդում տալու համար դատապարտված, իրեն լրագրող ներկայացնող Սյուզան Ջաղինյանը և «վտարանդի գրող» հորջորջվող Վահե Ավետյանը:

Երեկ էլ տեղեկատվություն տարածվեց ոմն ակտիվիստ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Վիրաբյանի՝ Բաքու տեղափոխվելու մասին: Այսօր արդեն, կարծես, այդ տեղեկատվությունը հերքվում է: Վիրաբյանը տեսաուղերձով է հանդես եկել եւ պնդում է, թե Գերմանիայում է:

Այն, որ վերոհիշյալ քաղաքացիները Ադրբեջան են տեղափոխվել երրորդ երկրով, փաստ է: Հարցն այն է, թե ի՞նչ հանգամանքներում և ինչո՞ւ են նրանք նախընտրել հենց թշնամական երկիրը, և ի վերջո, ինչպե՞ս է օրենքի շրջանակներում կարգավորվելու այս հարցը, արդյո՞ք նրանց համար նախատեսված քրեական պատասխանատվության մեխանիզմներ կան, թե՞ ոչ:

Առաջին իսկ հարցը, որ ծագում է, այն է, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն պետական դավաճանության փաստով քրեական գործ չի հարուցում և քրեական հետապնդում չի սկսում Ադրբեջանին հանձնված քաղաքացիների նկատմամբ: Դեռևս մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 8-ին, Yerkir.am-ը  գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ: Հետաքրքրվել էինք, թե, ԱԱԾ-ի ունեցած տվյալներով, այս անձանցից յուրաքանչյուրը ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է հայտնվել Ադրբեջանում, արդյո՞ք վերոհիշյալ անձանց արարքում առկա է ՀՀ ՔՕ 299 հոդվածի (պետական դավաճանությունը) հատկանիշներով նախատեսված արարք:

ԱԱԾ-ից մեզ պատասխանել էին, որ մեր հարցումն ընթացքի մեջ է, սակայն մինչ օրս որևէ պատասխան չկա, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ԱԱԾ-ին մինչ օրս չի հաջողվել պարզել, թե ինչպես և երբ են ՀՀ քաղաքացիները հայտնվել հարևան պետությունում, թեև այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելուն, ապա, հավանաբար, ԱԱԾ-ն խուսափել է պաշտոնական մեկնաբանություն տալ՝ պայմանավորված խնդրահարույց հոդվածով:

Ինչևէ, փոխարենը կփորձենք ինքներս ընթերցողին ներկայացնել խնդրի իրավական կարգավորման հնարավորություններն ու տալ կարևորագույն հարցի պատասխանը: Նախ նշենք, որ պետական դավաճանությունը համարվում է պետության դեմ ուղղված հանցագործություն: ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածում ամրագրված է. «Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»:

«Պետական դավաճանություն» եզրույթի մեկնաբանության համար ներկայումս գործող իրավական կարգավորումները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկան պարզապես բավարար չեն, քանի որ այն նույնությամբ կրկնում է դեռևս խորհրդային իրավական համակարգից նույնությամբ փոխանցված խմբագրությունը: Իսկ նախկին խորհրդային իրավական կարգավորման չափանիշներով «թշնամի» եզրույթի մեջ ներառվում էին բոլոր ոչ սոցիալիստական երկրները, և բավական էր, որ, օրինակ, զբոսաշրջիկը չվերադառնար ԽՍՀՄ, որպեսզի նրա արարքը որակվեր որպես պետական դավաճանություն:

Ինչ վերաբերում է հանցակազմի տարրերին, ապա միջազգային պրակտիկայում դրա վերաբերյալ չկա ողջամիտ կանխատեսելիություն: Նշենք նաև, որ անգամ ՌԴ քրեական օրենսգրքից է հանվել «թշնամու կողմն անցնելը» արտահայտությունը:

Այս դեպքում թշնամու կողմն անցնելը, որպես ինքնուրույն դիսպոզիտիվ հատկանիշ, պահպանվել է ՀՀ օրենսդրությունում, և այդ հանցագործությունը կարող է տարածվել Ադրբեջանին հանձնված երեք քաղաքացիների նկատմամբ:

Իսկ ինչ վերաբերում է «թշնամի» եզրույթին, նշենք, որ պաշտոնական և ոչ պաշտոնական մեկնաբանություններում այն երբեք չի փոխկապակցվել պաշտոնապես պատերազմական վիճակի մեջ գտնվող պետության տարածք անցնելու հետ: Այսինքն` կապ չունի Հայաստանը ներկայումս Ադրբեջանի հետ դե յուրե (իրավաբանորեն) գտնվո՞ւմ է պատերազմական դրության մեջ, թե՞ ոչ, միևնույն է, Ադրբեջանը համարվում է թշնամի պետություն:

Խնդիրն այն է, թե հիշյալ քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը որևէ գործնական արդյունք կտա՞, թե՞ ոչ: Կարծիք կա, որ այդ կերպ իրավապահները «կրակի վրա յուղ կլցնեն»՝ առիթ տալով նրանց՝ Ադրբեջանում հաստատվելու փաստը շահարկել միջազգային հարթակներում:

Սակայն, մյուս կողմից, եթե հիմնավորված քրեական հետապնդում իրականացվի, գուցե պարզ դառնա, որ Ադրբեջան տեղափոխվելը պատահական չէ, և որ այդ կերպ Հայաստանի նկատմամբ պարզապես տեղեկատվական դիվերսիա է իրականացվում և ոչ միայն:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ է այն կարծիքին, որ այդ կերպ Ադրբեջանըթշնամական ակցիա է իրականացնում Հայաստանի նկատմամբ, դա, ըստ էության, տեղեկատվական դիվերսիոն գործողություն է: Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ ՀՀ քաղաքացիներին Բաքու տեղափոխելը միջազգային հարթակում Հայաստանին հեղինակազրկելու խնդիր չի կարող լուծել:

«Ակնհայտ է, որ դա Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությունն է՝ ուղղված հայ ժողովրդի դեմ և ինչ-որ չափով` նաև իրենց պետության ներսում խնդիրներ լուծելուն: Սա թշնամանքի իրացման ձևերից մեկն է: Ես կարծում եմ` մեր կողմից ճիշտ քայլեր կատարելու դեպքում այն կարող է ուղղվել հենց Ադրբեջանի դեմ: Ադրբեջանը մի կողմից տարբեր առիթներով փորձում է Մինսկի խմբի համանախագահներին կամ մյուս միջնորդներին համոզել, որ իրենք կողմնակից են խաղաղ կարգավորման, սակայն, մյուս կողմից, տեղեկատվական դիվերսիա են իրականացնում՝ այդ քաղաքացիների միջոցով փորձելով շրջանառության մեջ դնել տարածքներ հանձնելու գաղափարը, այսինքն` տարբեր անձանց շուրթերով պրոպագանդում են իրենց պետական դիրքորոշումը»,- ասաց քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ առաջին հերթին պետք չէ հավատալ ադրբեջանական քարոզչամեքենայի լուրերին, խուսափել թշնամու քարոզչությունը տարածելուց : Բացի այդ` պետք է աշխատանքներ տանել՝ հասարակությանը բացատրելու Ադրբեջանի իրական նպատակները, որպեսզի որևէ մեկը չմոլորվի և նման քայլի չգնա:

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի խոսքով` Ադրբեջանի այդ պրիմիտիվ քարոզչությունը, միանշանակ, իր ազդեցությունը կունենա ադրբեջանական հասարակության մի հատվածի վրա, սակայն ոչ մի էական բան չի փոխի միջազգային հանրության, ավելի կոնկրետ՝ միջնորդ երկրների համար, առավել ևս՝ հայ հանրության շրջանում: «Ինչ վերաբերում է այսպիսի միջադեպերի հնարավոր կանխարգելմանը, ապա այդ մարդիկ Ադրբեջան են տարվում երրորդ երկրներից, իսկ այդ պարագայում դրանց կանխարգելումը բարդանում է»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մի ուշագրավ հանգամանք ևս: Եթե Վահան Մարտիրոսյանի՝ ընտանիքի հետ Ադրբեջանում հաստատվելու մասին Հայաստանում իմացել են նրա՝ Բաքվում հաստատվելուց հետո միայն, ապա Սյուզան Ջաղինյանն ու Վահե Ավետյանն իրենց մտադրությունների մասին ավելի վաղ են բարձրաձայնել: Այսինքն` ի սկզբանե հնարավորություն եղել է նրանց մուտքը կանխելու: Բացի այդ` ՀՀ ԱԱԾ-ն իրեն վերապահված իրավասությունների շրջանակում պարտավոր էր վերահսկել թշնամուն հանձնվել պատրաստվող անձանց, ինչու չէ` նաև գաղտնի հետախուզություն իրականացնելով:

Համաձայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի՝ Ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնական ուղղություններից մեկն էլ հետախուզական գործունեությունն է, այդ թվում՝ արտաքին հետախուզությունը: Այն ուղղված է ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն եւ պետության հիմքերն ամրապնդելուն:

Ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում է նաև հակահետախուզական գործունեությունը՝ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը եւ խափանմանը:

Հետախուզական և հակահետախուզական միջոցառումներ անցկացնելու կարգը, ինչպես նաեւ հետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների եւ միջոցների օգտագործման կարգը սահմանված են համապատասխան օրենսդրությամբ և նորմատիվ ակտերով:

Թագուհի Մելքոնյան