Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Տեղեկացրել էինք, որ ռուսաստանաբնակ անվանի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության երկար ցանկում:
Այսօր լրագրողների հետ էր հանդիպել ֆիլմի դերասանական կազմը: Հրանտ Թոխատյանը նշեց, որ ֆիլմում նկարահանվելու համաձայնությունը տվել է միանգամից, քանի որ կարծում է` շատ պետքական գործ է արվել, քանի որ, ըստ նրա, կա սերունդ, որը Սպիտակի երկրաշարժն ընկալում էը որպես մի սև օր, որը կարող է լինել օրացույցում:
«Ֆիլմը, բնականաբար, չէր կարող միանշանակ ընդունվել, քանի որ այն նայում են մարդիկ, ովքեր ապրել են արհավիրքը: Ֆիլմը տարբեր կերպ է ընդունվում հայերի ու օտարերկրացիների կողմից, համենայն դեպս, մեր ապրումները շատ իրական էին և փորձել էինք դրանք փոխանցել ֆիլմի միջոցով»,- ասաց Թոխատյանը:
Yerkir.am-ի հարցին, թե ֆիլմը վերջնական տարբերակով նայելուց հետո ի՞նչ կարծիք ունի, ստացվե՞լ է այն, ինչ պատկերացնում էր, Թոխատյանը պատասխանեց, որ ինչ-որ տեղ` այո, ինչ-որ տեղ` ոչ: «Սցենարից շեղվել էին մի փոքր, քանի որ կան համահեղինակներ: Նկարահանման ժամանակ, միևնույն է, դու վերջնական արդյունքը պատկերացնել չես կարող: Դա գալիս է ֆիլմի ռեժիսորի և պրոդյուսերի հմտությունից, մտածելակերպից, նպատակից, նրանից, թե ինչ խնդիր են դրել իրենց առջև: Ռեժիսորն ու պրոդյուսերը ոչ ամեն ինչն են քննարկում դերասանական կազմի հետ, դրա համար վերջում, երբ նայում ես ֆիլմը, հիշում ես, որ կան էպիզոդներ, որ բացակայում են, կամ նոր դրվագներ են ավելացել: Դրա համար էլ, եթե նայես ու ասես` ստացվել է այն, ինչ կուզեինք, այդ դեպքում` ամենավատ ֆիլմը կլիներ, քանի որ դու միշտ անբավարարված ես մնում քո արած աշխատանքով»:
Դերասաններից Արմեն Մարգարյանն էլ նշեց, որ իր համար շատ կարևոր էր նկարահանվել ֆիլմում, որը պատմական է և մնալու է մեր պատմության մեջ` սերունդներին պատմելով մեր ամենամեծ ողբերգության մասին:
«Լինել մասնակիցը, մեկը, ով իր էներգիան ու հնարավորությունները ներդնում է ֆիլմի ստեղծման գործում, պատիվ էր: Առաջին իսկ մուտքից նկարահամնան հրապարակ, ես ամբողջությամբ զգացի շունչն արհավիրքի, քանի որ նկարիչը ստեղծել էր համապատասխան մթնոլորտը, ինչն օգնում էր ճիշտ ընկալել և վերարտադրել զգացածդ: Ֆիլմում նկարահանվելը մխիթարանքի, հատուցման պես մի բան էր, քանի որ 1988-ին ես փոքր եմ եղել, ոչնչով օգնել չեմ կարողացել»,- ասաց դերասանը:
Արման Նավասարդյանն էլ առանձնացրեց նկարիչների աշխատանքը` նշելով, որ այն հնարավորություն էր տալիս առաջին իսկ կադրից մտնել իրավիճակի մեջ: «Ես, օրինակ, պետք է փլատակների տակից մի երեխայի հանեի, և իրավիճակն այնքան իրական էր, որ ուղղակի չէի կարողանում, հուզվում էի, ձեռքերս դողում էին… Իրականությանը բախվելու փաստը շատ դժվար էր: Սա կարծես հարգանքի տուրք էր մեր դժբախտությանը»,- ասաց նա: