Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.35 |
EUR | ⚊ | € 412.25 |
RUB | ⚊ | ₽ 4.0389 |
GBP | ⚊ | £ 493.31 |
GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Եթե երկու աշխատող ծնողները վճարել են իրենց ուսանող զավակի ուսման վարձը՝ 400 հազար դրամ, 200 հազար դրամը կարող են ետ ստանալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով տեսանյութ: «Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո հայտարարագրման արդյունքում կրթության համար նախատեսված է վերադարձնել յուրաքանչյուր աշխատողի հաշվով 100 հազար դրամ, առողջապահության ապահովագրության համար՝ մինչեւ 50 հազար դրամ, բայց երկուսը միասին ոչ ավելի, քան 100 հազար դրամ: Այս վերադարձը տեղի է ունենալու աշխատող քաղաքացիների վճարած եկամտային հարկերից»,- նշել է Փաշինյանը:
Ֆեյսբուքյան օգտատերերը Փաշինյանի հայտարարություններին ու խոստումներին սկսել են խիստ թերահավատորեն մոտենալ: Նրանք մասնավորապես գրում են, որ Փաշինյանը հերթական անգամ խաբում է իրենց, որ նման բան չկա եւ այլն: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետեւյալ խոստմանը, ասաց. «Այս պահի դրությամբ սոցիալական ծախսերի փոխհատուցման գործիքը, եկամուտների համընդհանուր հայտարարագրման հարթակը չի գործում առհասարակ, ակտիվ չէ: Ես օրեր առաջ ինքս ճշտեցի թեժ գծից, ասացին, որ այս պահի դրությամբ համակարգը ներդրված չէ, ընթացքի մեջ է, բայց թե երբ կներդրվի այն եւ ինչ ընթացքով, պարզ չէ: Այս պահի դրությամբ փաստացի համակարգը չի աշխատում: Սա` մեկ, երկրորդ կարեւոր կետը, որ կցանկանայի կարեւորել, այն է, որ այդ կարգավորումն աբսուրդ է` ի վնաս քաղաքացիների: Եթե եկամտահարկի հայտարարագիր ներկայացնող քաղաքացին ուսման վարձը մուտք է արել իր չաշխատող ուսանող երեխայի անունով, փաստացի չի կարողանալու որեւէ փոխհատուցում ստանալ: Ակնհայտ է, որ ուսանողներից շատերին ծնողը տալիս է վարձը վճարելու գումարը, եւ երեխան ինքն է գումարը տանում բանկ ու վճարում: Որպես կանոն, այդպես է, ես էլ եմ իմ երեխային գումար տալիս, որ նա տանի բանկ ու վճարում կատարի: Այս պարագայում փոխհատուցումը մերժվում է: Շատ ու շատ քաղաքացիներ շուտով այս խնդրին են բախվելու: Շատերը չգիտեն, որ նման խնդիր է առաջանալու, բայց ՊԵԿ-ը եւ ուսումնական հաստատությունները գիտեն, թե ինչ է կատարվում: Կարգավորումն այնպիսին է, որ մեծ մասը չի ստանալու փոխհատուցում, որովհետեւ նախորդ տարի չի ստացել առնետային սահմանափակումը: Օրական մի բան հնչեցնում են այս իշխանությունները, որոնք հիմնականում մանիպուլյատիվ բնույթի են, պարզվում է՝ տեխնիկական խնդիրներ կան, կամ բովանդակային առումով թերացումներ կան եւ այլն: Որոշումն ասում է, որ եթե ուսանողի ծնողները վճարում են գումար` ուսման վարձի համար, յուրաքանչյուրի սահմանաչափը 100 հազար դրամ է: Այսինքն` ամեն մեկը 100 հազար դրամ կարող է ստանալ, միասին` 200 հազար դրամ: Տրամաբանությունը սա է: Մյուս կարեւոր աբսուրդն էլ այն է, որ սոցիալական ծախսը ոչ մի կապ չունի եկամուտների հայտարարագրման գործիքի հետ: Այդ պրոցեսներն իրար կապել են արհեստականորեն: Իբրեւ արտոնություն են տալիս, որ մարդիկ հայտարարագիր լրացնեն, բայց իրականում բովանդակային առումով ոչ մի կապ չկա այդ երկու պրոցեսի միջեւ: Որպես օրինակ` հիպոթեքային վարկի եկամտահարկի միջոցով տոկոսների վերադարձը կարող ենք նշել, այն տարիներ շարունակ գործում է: Եթե պետությունն ունի նման կամք, ցանկություն, առանց եկամուտների հայտարարագրի էլ կարող է աջակցել իր քաղաքացիներին: Սա զուտ արվում է արհեստական կապ ստեղծելու համար, որպեսզի քաղաքացիները լրացնեն այդ աննպատակ հայտարարագիրը»: