կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 17:05
Հասարակություն

250-300 հազար դրամով աշխատատեղեր կային, ոչ ոք չուզեց. առողջապահության նախարար

250-300 հազար դրամով աշխատատեղեր կային, ոչ ոք չուզեց. առողջապահության նախարար

150 հազար դրամը բժշկին վայել աշխատավարձ չէ, բժիշկը պետք է 3-4 անգամ շատ ստանա, բայց պետք է մտածել նաև նրա արդյունավետության մասին. այսօր «Ազատություն» ռադիոկայանի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Հարցին` արդյո՞ք արդար է, որ պոլիկլինիկաներում աշխատակիցները 40-50 հազար դրամ են ստանում, Ալթունյանը նշեց, որ եթե բժիշկն աշխատում է ամբողջ հաստիքով, 40-50 հազար դրամ չի կարող ստանալ: «Ընտանեկան բժիշկը ստանում է 150-166 հազար դրամ: Տարիներ առաջ, երբ նոր էր բացվել «Վարդանանց» բժշկական կենտրոնը /3-4 տարի առաջ/, աշխատակիցներ ընդունելու համար ես առաջարկեցի լավ աշխատավարձեր` 250-300 հազար,  աշխատաժամերը` 9:00-15:00-ն: Պատկերացրեք` ցանկացողներ չեղան: Ընտանեկան բժիշկների համար 150 հազար դրամ ստանալ և մինչև ժամը 13-ն աշխատելն ավելի ձեռնտու է»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է պոլիկլինիկաների անմխիթար վիճակին, ապա, ըստ Ալթունյանի, իրենք սկսել են մարզերից, և մարզերի գրեթե բոլոր ամբուլատոր հաստատությունները վերանորոգվել են, իսկ այսօր եկել է Երևանի հերթը: «Հույս ունեմ, որ մոտակա 5-7 տարիների ընթացքում Երևանի պոլիկլինիկաները նույնպես կզինվեն նոր տեխնիկայով և կվերանորոգվեն: Ես, ճիշտ է, որպես նախարար, չեմ շրջել պոլիկլինիկաներում, բայց 58 տարի է` ապրում եմ այս քաղաքում և գիտեմ դրանց անմխիթար վիճակը»,- ասաց նախարարը:

Հարցին, թե բժիշկների որակավորման հա՞րցն ինչպես է լուծվելու, նա պատասխանեց, որ բժիշկներն այլմոլորակային չեն, հասարակության մի մասն են: «Մենք ենք աճեցրել այդ մասնագետներին, պետք է փոխվենք բոլորս միասին»,- ասաց Ալթունյանը: