կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-22 20:00
Հասարակություն

Պահեստազորային գումարտակի անհրաժեշտություն միանշանակ կա. Արթուր Եղիազարյան

Պահեստազորային գումարտակի անհրաժեշտություն միանշանակ կա. Արթուր Եղիազարյան

Արդեն հայտնի է, որ ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը պահեստազորային գումարտակ ստեղծելու նպատակով զինակոչ էր հայտարարել: Նշվել էր, որ գումարտակը ստեղծվելու է  ՊՆ-ի համաձայնությամբ:

Գումարտակի անհրաժեշտության, կազմավորման  ընթացքի և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է պահեստազորի սպա, ազատամարտիկ, ապրիլյան պատերազմի կամավորական, դաշնակցական Արթուր Եղիազարյանի հետ, ով նույնպես դիմել է` անդամակցելու ՀՅԴ պահեստազորային գումարտակին:

Ըստ նրա` այս գումարտակի անհրաժեշտությունը միանշանակ կա: «1994 թվականին կնքվեց  հրադադար, բայց դա դեռ հաշտություն չէր, ընդամենը զինադադար էր, որը կարող է խախտվել ցանկացած ժամանակ: Հետևաբար` նոր, լայնամասշտաբ պատերազմի պարագայում պետք է ունենալ արդյունավետ գործող պաշտպանություն: Մենք, իհարկե, տարիներով պահեստազոր ունեցել ենք, բայց ճիշտ չի օգտագործվել այն, և ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք պետք է ունենանք մշտապես գործող, կազմ ու պատրաստ պահեստազոր»,- նշեց մեր զրուցակիցը` հավելելով` ուստի ՀՅԴ ազատամարտիկների հանձնախումբը, պետության հետ համագործակցելով, աշխատանք տարավ`պաշտպանության շտաբի ենթակայության տակ ձևավորելու կամավորականների պահեստազորային գումարտակ:

Եղիազարյանը նշեց, որ այս պահի դրությամբ 650-ից ավելի մարդ է դիմել` գումարտակին մաս կազմելու համար: «Աշխատանքները բնականոն շարունակվում են, պահեստազորային այս գումարտակը կունենա կայուն` 400-500 հոգանոց կազմ, բայց այդ 400-500 հոգին էլ պետք է իրենց հերթափոխներն ունենան: Այսինքն` թվաքանակը շատ ավելի մեծ կարող է լինել, և սահմանափակում չկա, ովքեր անդամակցելու ցանկություն են հայտնում, բոլորին այս պահին ցուցակագրում են, որից հետո պետք է լինի, այսպես ասած, զտման աշխատանքը: Կան մարդիկ, որ ցանկանում են անդամագրվել, բայց պետք է նայել մարդու առողջական վիճակը, ռազմական գործին տիրապետելը, այսինքն` համադրման բազմաթիվ աշխատանքներ կան, որովհետև գումարտակը պետք է ունենա իր ստորաբաժանումները, որտեղ պետք է հստակ լինի` գնդացրորդ, հրաձիգ, նռականետորդ և այլն: Պետք է ստեղծենք այդ ստորաբաժանումները` մարդկանց վերապատրաստելով»,- ասաց նա:

Խոսելով տարիքային շեմի մասին` մեր զրուցակիցը նշեց, որ սկզբնական շրջանում սահմանվել էր մինչև 35 տարեկանը, բայց քանի որ շատ են 35 տարեկանից մեծ դիմողները, տարիքային շեմը բարձրացվեց մինչև 45 տարեկանը:

Եղիազարյանը հայտնեց, որ ինքն էլ է դիմել, որպեսզի անդամակցի գումարտակին: «Ես անդամակցում եմ տվյալ գումարտակին, ունեմ բավական մեծ զինվորական փորձառություն: Հիմա դիմել եմ անդամակցելու համար, հետագայում երբ որ հանձնախումբը սկսի իր ստորաբաժանումների կազմավորման գործընթացը, կերևա իմ դերը տվյալ գումարտակի կազմում»,- ասաց նա:

Խոսելով գումարտակի նպատակի մասին` մեր զրուցակիցը հայտնեց, որ այն պահեստազորային է լինելու և մշտապես զորավարժանքներ, պարապմունքներ է անցկացնելու: «Պաշտպանության նախարարության համապատասխան զորավարժարան կտրամադրվի, որտեղ պարբերաբար կիրականացվեն մարզումները: Այնուհետև ՊՆ գլխավոր շտաբը գումարտակին կտա հստակ պաշտպանական տարածք, ուր ժամանակ առ ժամանակ գումարտակը կայցելի` տեղանքն ուսումնասիրելու, ծանոթանալու համար, որ հետագայում` լայնամաշտաբ պատերազմների կամ ապրիլյան դեպքերի նման գործողությունների ժամանակ, գումարտակը հստակ ունենա իր դերը, այսինքն` այդ ժամանակ անծանոթ չի լինի` որտեղ պետք է մարտական գործողություն իրականացնել»,- նշեց Եղիազարյանը:

Ըստ նրա` գումարտակն առաջին հերթին անհրաժեշտ է նրա համար, որ ժամանակի կորուստ չլինի:  «Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ ժամանակի բավականին կորուստ կար. մինչև կազմակերպվեց պահեստազորը, հագուստ, զենք ստացավ  և այլն, բավականին ժամանակ պետք եկավ: Իսկ ՀՅԴ պահեստազորային  գումարտակը միշտ կունենա իր զինային և հանդերձանքային միջոցները, և երբ արդեն ահնրաժեշտ լինի, գումարտակում ընդգրկված մարդիկ կիմանան, ուր են գնում, որտեղից են ստանում իրենց զենքն ու հագուստը, և արդեն ժամեր անց, առանց ժամանակի կորստի, պատրաստ կլինեն մասնակցել մարտական գործողություններին»,- ասաց Եղիազարյանը:

Նրա խոսքով` քանի որ գումարտակը ՊԲ շտաբի ենթակայության տակ է, ապա զորավարժություններ գումարտակի հետ կանցկացնեն նաև ՊԲ մասնագետները:  «Այս գումարտակում ընդգրկված մարդիկ  տարվա մեջ պարբերաբար պարապմունքներ են անցկացնելու, այսինքն` առօրյա կյանք վերադանալով էլ` չեն կտրվում ռազմական գործից: Նրանք մշտական պարապունքների են մասնակցելու` նորմայի մեջ, պետք է լինեն կազմ ու պատրաստ»,- ասաց Եղիազարյանը:

Ի դեպ՝ դեռևս 2012 թվականին Արթուր Եղիազարյանը բաց նամակով դիմել էր ՀՀ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ նշելով կամավորական պահեստազորի անհրաժեշտության մասին: «Հարգարժան պարոն Օհանյան, այն իրավիճակը, որ ստեղծվել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների մոտ, ստիպում է, որ Ձեզ դիմեմ կարճ խնդրանք-առաջարկով: Հին սպարտացիների պես, հանուն ազգի առողջ գենոֆոնդի (18-20 տարեկան զորակոչիկների) պահպանման, մեզ, այն պահեստային զինվորականներիս, որոնք որպես կամավորականներ ցանկանում են, ֆիզիկապես կարողունակ են և ունեն տված սերունդ, որպես իրավիճակային արագ արձագանքման զինվորականների` զորակոչել և ուղարկել ռազմասահմանագիծ, մինչև որ այնտեղ կրկին կվերականգնվի հարաբերական անդորրը: Ես ներկայումս քաղաքացիական ծառայող եմ, բայց պատրաստ եմ մշտապես մասնակցել պլանային և ֆիզիկականվերականգնողական վարժանքների և նման իրավիճակների առաջացման դեպքում մեկնել վտանգավոր սահմանահատվածները` մեր ողջ ուժն ու գիտելիքները կրկին ի սպաս դնելով հանուն հավիտենական արժեքների` Ազգի և Հայրենիքի պաշտպանության: Մենք պետք է լինենք Ազգ - Բանակ: Կարծում եմ, որ այս հարցում ունեմ համախոհներ և իրավունք եմ ինձ վերապահում հանդես գալու Ազգի այդ հատվածի անունից: Խնդրում եմ մտածել ասածիս ուղղությամբ և այս խնդրի իրագործման գործնական տարրերի ներդրման հարցում պատրաստ եմ համագործակցել: Պատիվ ունեմ: Հարգանքով` Հայոց Բանակի պահեստազորի սպա, կապիտան Եղիազարյան»: