կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-14 11:05
Հասարակություն

Այս գումարտակի ստեղծումը ապրիլյան դասերի արդյունք է. Արթուր Եղիազարյան

Այս գումարտակի ստեղծումը ապրիլյան դասերի արդյունք է. Արթուր Եղիազարյան

Երեկ տեղեկացրել էինք, որ ՀՅԴ-ն կազմավորում է կամավորականների պահեստային գումարտակ:

Այս կապակցությամբ ապրիլյան կամավորականության մասնակից, ՀՅԴ ԳՄ լիազոր մարմնի անդամ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հիմա որ պաշտոնապես զինկոմիսարիատների միջոցով պահեստազորի հավաք ու հնարավոր վերսկսվելիք պատերազմի դեպքում՝ արագ արձագանքման համար կայուն պահեստազորային ստորաբաժանումներ սկսեն ստեղծել՝ շատերը վայնասուն կբարձրացնեն կամ կփորձեն թռիչքախուսափողական քայլեր անել: Հիմա՝ պետությանը, հայոց բանակին սատարելու համար, առանց զինկոմիսարիատների կողմից պահեստազորին «անհանգստացնելու», դաշնակցական կամ համակիր կամավորականների կողմից պահեստազորում ձևավորվում է լավ պատրաստված գումարտակ՝ ոմանք վայնասուն են սկսում բարձրացնել: Այդ տգետներին փորձեմ մի փոքր պարզաբանել:

Գումարտակը, ճիշտ է, ստեղծվում է դաշնակցական ու համակիր ԿԱՄԱՎՈՐ անձանցից, բայց այն կուսակցական միավոր չի լինելու, այն գործելու է ՀՀ ՊՆ ԳՇ ենթակայությամբ ու ՄԻԱՅՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ըստ անհրաժեշտության՝ նրա հրամանները կատարելով: Բա ինչու՞ ապրիլյան մարտերի ժամանակ դեմ չկանգնեցիք այդ նույն դաշնակցական տղերքի՝ հանպատրաստից դիրքեր մեկնելուն:

Մարդիկ, թողնելով ամեն ինչ, չգիտեին ուր են մեկնում, ինչ կլինի իրենց հետ, անձնուրաց ու հանպատրաստից մեկնում էին, քանի որ գիտեին մի բան. Հայրենի տարածքներ են ընկնում, զինվորներ են զոհվում, րոպե առաջ պետք է հասնել ռազմագիծ ու թեկուզ կյանքի գնով՝ կանխել:

Եվ գիտե՞ք ինչու է պետությունը կողմ, որ հենց դաշնակցական կամավորականներից սկսի Ազգ- Բանակի առաջին քայլերը: Որովհետև կամավոր կերպով նախաձեռնել են իրենց ի սպաս դնել Հայրենիքի Պաշտպանությանը ու այն առաջարկել պետությանը: Որովհետև այդ իրավունքը վաստակել են:

Վաստակել են. - 90-ականների ազատամարտին՝ արյուն-քրտինքով ու կազմակերպվածությամբ, - վաստակել են պատերազմական այն օրը, երբ ՀՀՇ-ական իշխանությունները ՀՀ-ից արտաքսում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին, բայց պետական մտածողությամբ ՀՅԴ-ն իր ռազմական ներուժը չօգտագործեց ներքին տարաձայնություններին մասնակից դարձնելուն, քանի որ բանակը Հայրենիքի սահմաններն ու արտաքին վտանգները կանխելու համար է, այլ ոչ թե ներքաղաքական խնդիրների հաղթահարման, - վաստակել են 2016թ.-ի ապրիլյան վերսկսած պատերազմի օրերին, գործող բանակին աջակցելու համար՝ ադրբեջանցիներից ազատագրված 5 մարտական դիրք՝ 2 հերթափոխով ամբողջական՝ պատվով ու առանց գործող բանակի հետ խառնվելու պահելու համար (միակ կամավորական միավորումն էր, որին լիարժեք վստահվեցին 5 մարտական դիրքեր), այնպես կազմակերպված ու արագ մարտական պատրաստության եկած, որ անգամ գործող բանակի զինվորականները զարմացել էին նրանց վրա, կարծելով, որ կանոնավոր բանակի ստորաբաժանումներ են: Նման լավ պատրաստված պահեստազորային արագ արձագանքող ստորաբաժանումներ եթե լինեին ապրիլյան օրերին՝ էլ ավելի քիչ կորուստներ կունենայինք: Թե նյութական, թե տարածքային, թե մարդկային: Ավելի քիչ երիտասարդ զինվոր կզոհվեր: Այս գումարտակի ստեղծումը ապրիլյան դասերի արդյունք է: Ու փոխանակ ողջունեն, ոմանք վայնասուն են դնում կամ զազրախոսում:

Հետաքրքրության համար, զազրախոսող մի քանի նման անձանց սոցիալական ցանցերի ապրիլյան էջերը նայեցի: Իմ դիտածներում չհանդիպեցի մեկին, ով այդ դժվար ապրիլյան օրերին, որպես կամավորական՝ մեկնել էր ռազմագիծ: Ամեն ինչ պարզ դարձավ ու հասկանալի: Մի խոսքով, չեմ արձագանքելու այլևս նման մարդկանց գրառումներին ու հարցադրումներին: Հավաքական դրանց համար, ինչպես հանրահայտ ֆիլմում՝ ունեմ մի պատասխան. - Որովհետև տգետ ես: Ողջ լերուք:

Հ.Գ. Եվս մեկ անգամ հիշեցնեմ, տեղեկացնեմ ու պարզաբանեմ. Պահեստային գումարտակի կազմավորումը համաձայնեցված է ՀՀ պաշտպանության նախարարության հետ եվ ամբողջ գործընթացը վերահսկվելու է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից: Կամավոր անդամագրվածներն իրենց զինկոմիսարիատներում կցագրվելու են գումարտակին և ԶԿ-ների կողմից կարող են կանչվել վարժական հավաքների՝ ռազմական հմտությունները կատարելագործելու, վերապատրաստվելու և մարտական ներդաշնակման նպատակով: Համաձայն ՀՀ Զինապարտության մասին օրենքի 30-րդ հոդվածի՝ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու ընթացքում, մշտական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացիների աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը:

Մշտական աշխատանք չունեցող պահեստազորայինները վարժական հավաքների ավարտից հետո միանվագ ձևով վարձատրվում են ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական բավարարմանը համարժեք չափով և կարգով: Այլ պարզաբանումներ ստանալու, ինչպես նաև անդամագրվելու համար, ցանկացողները կարող են դիմել ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբին կամ զանգահարել 099640740 հեռախոսահամարով»: