կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-15 12:48
Քաղաքական

Ապացույցներ ունեք, դիմեք իրավապահ մարմիններին. ՀՀԿ-ականը՝ ՊՆ հարստացած պաշտոնյաների մասին խոսողներին

Ապացույցներ ունեք, դիմեք իրավապահ մարմիններին. ՀՀԿ-ականը՝ ՊՆ հարստացած  պաշտոնյաների մասին խոսողներին

ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը: Հարակից զեկուցող` ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա խոսեց օրինագծի նկատմամբ հասարակության տոտալ անվստահության մասին` ասելով, որ դա պատահական չէ, որ պետք է նախ պատասխանատվության կանչել ՊՆ հարստացած պաշտոնյաներին, ովքեր թալանով են զբաղվել, հսկայական ունեցվածք կուտակել:

Կորյուն Նահապետյանը համաձայնեց, որ այս օրինագծի կյանքի կոչման գործում վստահության գործոնը ամենակարևորն է: Միաժամանակ նշեց, որ եթե ինչ-ինչ անձանց կողմից եղել է բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսում, ապա պետք է խոսել կոնկրետ փաստերով ու դեպքերով:

«Եթե կոնկրետ փաստ ու ապացույցներ գիտեք ՊՆ-ում չարաշահման դեպքերի մասին, ուրեմն հանդես եկեք համապատասխան հայտարարությամբ: Մենք չենք կարող ապօրինի խոսել պատասխանատվության մասին` չունենալով ապացույցներ` մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց Կորյուն Նահապետյանը` կարծիք հայտնելով, որ նման հայտարարություններ անելը գուցե քաղաքական առումով հարմար է:

Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ բացարձակապես հարմար չէ շոշափել բանակի ու ապօրինի հարստացած պաշտոնյաների թեման քաղաքական առումով: «Ձեզ հարց եմ տալիս` ինչո՞ւ պաշտոնանկ արվեցին պաշտպանության ոլորտի տարբեր պաշտոնատար անձինք, լավ աշխատելու համա՞ր: Բացատրեք` ինչպե՞ս է, որ պաշտպանութան ոլորտի տարբեր պաշտոնյաներ, գեներալներ ապրում են ցոփ ու շվայտ կյանքով: Իմ իմանալով` նրանք Բիլ Գեյթսը չեն, ոչ էլ ՏՏ ոլորտում հայտնագործություններ են արել: Որտեղի՞ց նրանց այդ աստղաբաշխական եկամուտները»,- հարցրեց պատգամավորը:

Կորյուն Նահապետյանն էլ պատասխանեց, որ ՊՆ տարբեր պաշտոնյաներ պաշտոնանկ էին արվել ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, բայց նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար բավարար հիմքեր պետք է լինեն, և եթե չկան ապացույցներ, ապա նման գնահատականներ հնչեցնելը ճիշտ չէ: Նա կրկին շեշտեց, որ եթե պատգամավորը կարծում է, որ ՊՆ պաշտոնյաներն ապօրինի են հարստացել, եթե ունի փաստեր, ուրեմն պետք է դիմի համապատասխան մարմիններին: