Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծին մոտ սկսվում են Ադրբեջանի բանակի մեկշաբաթյա մասշտաբային զորավարժությունները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, զորավարժություններում ընդգրկված է մոտ 60 հազար զինվորական, 50 միավոր ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ, 150 տանկ և զրահատեխնիկա, հրթիռային և ականանետային 700 միավոր համակարգ:
Մեկնարկին մասնակցելու համար Ֆիզուլու շրջանի մերձսահմանային գոտում տեղակայված օպերատիվ հրամանատարական կետ է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս հանգամանքը փաստում է, որ սկսված զորավարժություններն ունեն ոչ միայն կամ ոչ այնքան վարժանքային, որքան ռազմաքաղաքական նշանակություն: Կարելի է ասել՝ այն շփման գծին հնարավորինս մոտ պատերազմի խաղարկում է, որը ցանկացած պահի կարող է խաղից վերածվել իրականի:
Զորավարժություններից երկու օր առաջ ադրբեջանական առաջապահ ուժերը սկսել էին ականանետերից և խոշոր, դիպուկահար հրաձգային միջոցներից Արցախի սահմանների հյուսիային և հյուսիսարևելայն հատվածների հայկական դիրքերի ինտենսիվ արկակոծումն ու գնդակոծումը: Դա ստիպեց հայկական կողմին նոյեմբերի 11-ին անցնելու պատասխան կոշտ, զսպող գործողությունների: Զորավարժությունները նման սադրանքներով սկսելը, թերևս հետապնդում է մեկ մարտավարական նպատակ՝ շփման գծի մոտ զորքի ու զինտեխնիկայի նման ահռելի կուտակումը հնարավորինս նմանեցնել հարձակման նախապատրաստության կամ իմիտացիայի: Զորավարժությունների մեկնարկի օրը Ադրբեջանի նախագահի աշխատակամզի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե մայիսին Վիեննայում նախագահներ Ալիևի և Սարգսյանի մասնակցությամբ կայացած ԼՂ կարգավորման հարցով գագաթաժողովին Բաքուն որևէ պարտավորություն չի ստանձնել: Մամեդովի ակնարկը թափանցիկ է. Բաքուն իրեն պարտավորված չի զգում Վիեննայում ձեռք բերված՝ հրադադարի ռեժիմի պահպանման հետ կապված պայմանավորվածություններով: Այն պարագայում, երբ երկրի զինված ուժերի 2/3-ը երկրի գերագույն գլխավոր հրամանատարի մասնակցությամբ շփման գծին անմիջապես հարող շրջանում զորավարժություններ է սկսում՝ դրա մեկնարկը տալով հայկական դիրքերի ինտենսիվ արկակոծմամբ, այս հայտարարությունը նմանվում է անուղղակի ԼՂ-ին պատերազմ հայտարարելու կամ միջազգային հանրությանն ուղղված՝ պատերազմ սկսելու սպառնալիք-նախազգուշացման:
Պաշտոնական Ստեփանակերտը ստեղծված իրադրությունը գնահատել է խիստ մտահոգիչ: ԼՂՀ արտգործնախարարությունը երեկ հանդես է եկել զորավարժությունների մեկնարկի ֆոնին շփման գծում լարվածության կտրուկ մեծացման մասին հայտարարությամբ, որով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ԵԱՀԿ գործող նախագահին և ողջ միջազգային հանրությանը կոչ է անում «խստագույնս դատապարտել Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունը և գործուն միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա սրացում թույլ չտալու համար»։ Միաժամանակ Ստեփանակերտը զգուշացրել է, որ իրենք կկանխեն հանրապետության անվտանգությանը, խաղաղությանը և կայունությանը սպառնացող Ադրբեջանի ցանկացած գործողություն: Պաշտոնական Ստեփանակերտը փաստացի հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ պատերազմին: Հիմա ողջ հարցն այն է՝ Բաքուն կվերածի՞ զորավարժությունները Արցախի դեմ պատերազմի, թե՞ ոչ:
Ընդհանրապես զորավարժություններն անց են կացվում կոնկրետ տեղանքում: Սահմանին մոտ նման քանակությամբ զորքի կուտակումը կարող է հարձակման լուրջ նախադրյալ ստեղծել: Բայց դրա համար Ադրբեջանին անհրաժեշտ կլինի այդ հսկայական զորքը բացազատել հարձակման համար օպտիմալ այնպիսի չափով, որ նրա գործողությունները լինեն արդյունավետ: Աննկատ նման բացազատում իրականացնել գործնականում հնարավոր չէ: Դատելով նրանից, որ գոնե տեսանելի կերպով հայկական կողմը չի սկսել լուրջ զորաշարժեր և պահեստային ուժերը սահմանային գոտիներ տեղափոխելու ակտիվ գործընթաց, պետք է եզրակացնել, որ հակառակորդի մոտ ուժերի վերադասավորության և բացազատման նշաններ չեն նկատել, այսինքն՝ իրավիճակը համարում են վերահսկելի: Եթե ադրբեջանական ուժերը որոշեն ոչ թե սահմանի երկայնքով լայնածավալ հարձակում իրականացնել, այլ որևէ առանձին հատվածում հայկական ուժերի պաշտպանական գիծը ճեղքելով ԼՂ տարածք մտնել, նրանց կուտակված, մեկ գոտում կենտրոնացած հսկայական ուժերը կարող են հայկական հրետանային, հրթիռային ուժերի համար խոցելիության, վնասների մասշտաբայնության իմատսով պարզապես վերածվել հեշտ և նախընտրելի թիրախի: Նման փորձը կարող է հանգեցնել ադրբեջանական բանակի հարվածային, հիմնական ուժերի կատարյալ ոչնչացման: Սա ստեղծում է մի վիճակ, երբ գործնականում բացառվում է զորավարժությունները կտրուկ, բլից-քրիգի կանոններով արագ, անակնկալ վերածել հարձակողական գործողութունների: Այլ խնդիր է, որ կուտակված ուժերի պարագայում հրետակոծման,արկակոծման, նաև դիվերսիոն ներփաթանցման ձեռնարկների միջոցով Ադրբեջանը կարող է փորձել հայկական կողմին սադրել կանխարգելիչ գործողությունների և դա պատճառ դարձնել աստիճանաբար լարվածությունը մեծացնելով իրավիճակն հասցնել նախապատերազմական վիճակի: Այս առումով սկսվող զորավարժություններն ավելի շատ հիշեցնում են հարձակման նախապատրաստության իմիտացիա:
Զորավարժությունները փաստացի շանտաժի նոր դրսևորում է, որն ուղղված է Մոսկվային: Դա հաստատում է Մամեդովի արած երկու թափանցիկ ակնարկնարկը: Նախ՝ նա նշել է, թե Բաքուն հավատում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որի՝ սանկտպետերգուրգյան հանդիպման ժամանակ գործադրած ջանքերն իրենց ոգևորել է: Երկրորդ՝ նշելով, որ Վիեննայում իրենք որևէ պարտավորություն չեն ստանձնել, Մամեդովը հիշեցրել է, թե Սանկտ-Պետերբուրգում նախագահները հանդես են եկել հայտարարությամբ: Այսինքն՝ եթե Բաքուն ինչ-որ պարտավորություններ էլ ստանձնել է, ապա միայն հունիսին Պուտինի հրավիրած այդ հանդիպման ժամանակ և միայն եռակողմ պայմանավորվածությունների, թերևս, նաև պարտավորությունների համատեքստում: Եվ եթե մյուս կողմերը և մասնավորապես Մոսկվան չի պահում իր բաժին պայմանավորվածությունը, ապա Բաքուն կարող է իրեն այլևս կաշկանդված չհամարել որևէ պարտավորությամբ: Այս իմաստով, պատերազմի վերսկսման պոտենցիալ ունեցող ու սադրիչ զորավարժության անցկացմամբ Ալիևը հասկացնում է, որ Համբուրգում դեկտեմբերի սկզբին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ Մոսկվայից սանկտպետերբուրգյան պայմանավորվածությունների համատեքստում ակնկալում է կոնկրետ արդյունք: Պարզ է, որքան Մոսկվան անտեսի Բաքվի այդ հիշեցումները, այնքան վերջինս մեծացնելու է լարվածությունը արցախա-ադրբեջանական շփման գծում:
Գևորգ Դարբինյան
Հ.Գ Ի դեպ, այսօր լրանում է 2014թ. նոյեմբերին հայկական ուղղաթիռի խոցման երկրորդ տարելիցը: Այն ևս բացահայտ սադրանքի դրսևորում էր, ու ևս պայմանավորված էր զորավարժություններով, տվյալ դեպքում՝ հայկական կողմի զորավարժություններով, որը Բաքուն առիթ դարձրեց իրավիճակը պայթյունավտանգ դարձնելու համար և հասունացրեց դրանից 4 ամիս անց ապրիլյան կարճատև պատերազմը: