կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-09 20:01
Աշխարհ

Հայ Դատը նույնպես ունի իր թեկնածուն…

Հայ Դատը նույնպես ունի իր թեկնածուն…

Արդեն հայտնի է, որ այսօր ԱՄՆ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը: ԱՄՆ ընտրությունների ընթացքի, ժողովրդավարության, հայաստանյան ընտրությունների հետ տարբերության մասին Yerkir.am-ը զրուցել է Ազատուհի Սիմոնյանի հետ, ով ԱՄՆ Կոնգրեսի Օpen world («Բաց աշխարհ») ծրագրի շրջանակներում գտնվում է ԱՄՆ-ում` ուսումնասիրելու ընտրական համակարգը:

Մեզ հետ զրույցում Ազատուհին հայտնեց, որ իրենք հանդիպել են քաղաքական գործիչների հետ, որոնք ներկայացրել են ԱՄՆ քաղաքական, մասնավորապես` ընտրական համակարգը:

Խոսելով հայկական ընտրական համակարգի և ԱՄՆ ընտրական համակարգի տարբերությունների մասին` մեր զրուցակիցը նշեց, որ ԱՄՆ քաղաքացիները նախապես ընտրելու մի քանի հնարավորություններ ունեն` էլեկտրոնային քվեարկություն, փոստով քվեարկություն, երբ ընտրատեղամասից ուղարկում են քվեաթերթիկը, մարդը քվեարկում է և փոստով էլ հետ ուղարկում տվյալ ընտրատեղամաս, և անձի` ընտրատեղամասում քվեարկելը:

Ազատուհին հայտնեց, որ քվեարկությունը ԱՄՆ ընտրատեղամասերում ամբողջությամբ կատարվում է համակարգչային համակարգի միջոցով: «Քվեաթերթիկը դրվում է  հատուկ սարքի մեջ և հատուկ գրիչով նշում կատարվում: Քվեարկությունից հետո քվեաթերթիկը գցվում է  հատուկ «խելացի» արկղի մեջ, որն ամբողջությամբ պահպանում է քվեարկության արդյունքները և ընտրության արձանագրությունը  ավտոմատ տալիս հանձնաժողովի անդամներին»,- ասաց նա` հավելելով, որ հանձնաժողովի անդամները, այնուամենայնիվ, ևս հաշվում են արդյունքները` թյուրիմացությունից խուսափելու համար:

Ազատուհին նշեց, որ Կալիֆոռնիա նահանգը, որտեղ ինքը գտնվում է, ավանդաբար դեմոկրատական նահանգ է:  «Այստեղ ընտրվել է  Հիլարի Քլինթոնը, բայց, այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը»,- ասաց նա:

Ազատուհին կարևորեց մի փաստ, որը կարծես վրիպել է բոլորի աչքից և մղվել երկրորդ պլան: «Ամերիկացիները ընտրում են ոչ միայն իրենց նախագահին, այլև նահանգային, քաղաքային տեղական մակարդակի խորհուրդների անդամներին ու ներկայացուցիչներին,  որտեղ Հայ Դատը նույնպես ունի իր թեկնածուն: Օրինակ` Կալիֆոռնիայի նահանգում թեկնածուներից մեկը Արդի Քասախյանն է»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Նա հայտնեց նաև, որ մի շարք նահանգների օրենքներում փոփոխությունների համար են ընտրություններ կատարվում: «Օրինակ` Լոս Անջելեսում դրված է  քվեարկության` կո՞ղմ եք մահապատժին, թե՞ ոչ, կամ`կո՞ղմ եք մարիխունայի օրինականացմանը, թե՞ ոչ»,- ասաց Ազատուհին:

Մեր զրուցակցի խոսքով` ընտրությունների ընթացքում ԱՄՆ ընտրատեղամասերում չենք կարող տեսնել դիտորդներ, առավել ևս ԶԼՄ ներկայացուցիչներ, և որ մարդիկ ազատ մտնում են, իրենց ընտրությունը կատարում և դուրս գալիս: Իսկ ընտրություն կատարելուց հետո քաղաքացուն հանձնում են փաստաթուղթ, որը վկայում է նրա` ընտրություններին մասնակից լինելու մասին: «Ամենավերջում քվեատուփի մոտ կանգնած հանձնաժողովի անդամը քաղաքացուն է  հանձնում մի փաստաթուղթ-կտրոն, որով հաստատվում է, որ այդ քաղաքացին մասնակցել է ընտրությանը: Սա ԱՄՆ-ում ընդունված մեթոդ է, որ յուրաքանչյուր քաղաքացի, եթե մասնակցել է ընտրություններին, պետք է ունենա փաստաթուղթ, որը հավաստում է նրա մասնակցությունը»,- եզրափակեց Ազատուհին: