Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստը որոշեց բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանին ազատել պաշտոնից` իր իսկ դիմումի համաձայն: Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:
Ներկայացնում ենք Միքայել Նարիմանյանի զրույցը որոշ լրատվամիջոցների հետ:
- Չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ բուհում կոռուպցիոն սկանդալներն են եղել, կա ձերբակալված: Բուհի ռեկտորի պաշտոնից Ձեր ազատման պատճառը հենց դա՞ է:
-Ես արդեն 4 տարի է, ինչ ղեկավարում եմ այս բուհը և դրա պատճառով դադարեցրել էի իմ գիտական, բուժական գործունեությունը: Լինելով թոքաբան` ուզում եմ վերադառնալ այն նախագծին, որն իրականացնում էի մինչ այս պաշտոնին գալը` մարզերում ընտանեկան բժշկության զարգացմանը նպաստել, քանի որ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչն եմ եղել 14 տարի: Բացի այդ` թոքաբանությունը` որպես կլինիկական լիարժեք գիտություն, պետք է իր տեղը գտնի բժշկագիտության և պրակտիկ բժշկության տարբեր ոլորտներում: Հիմա այն պահն է, որ ես պետք է վերադառնամ այդ ծրագրերին, դա իմ ներքին զգացողությունն է, որը վերջին տարվա ընթացքում ավելի ուժգին էր դարձել: Գտնում եմ, որ, որպես պրոֆեսիոնալ, պետք է վերադառնամ այդ գործին: Բուհում էլ մեկ սկանդալ է եղել: Կոռուպցիայի մասին հիմնավորված կարելի է խոսել այն ժամանակ, երբ հետաքննությունը պարզի ամեն ինչ: Համոզված եղեք` իմ հրաժարականը ոչ մի կերպ կապված չէ բուհում կատարվող երևույթների հետ, ես դա ասում եմ ամենայն անկեղծությամբ և պատասխանատվությամբ: Ես չէի որակավորի սա որպես հեռացում, հեռանալը ճիշտ խոսք չէ: Ես մնում եմ բուհում, ես ունեմ ամբիոն, ծրագրեր, ընդ որում` միջազգայնացված, և սա պետք չէ դիտարկել որպես հեռացում, ուղղակի փոխվում է աշխատանքային ծանրաբեռնվածությունը, որակը, ուղղվածությունը:
-Իսկ վարկային պատմությունների մասի՞ն ինչ կասեք` բուհը մի քանի միլիոն դոլարի վարկ ունի:
-Վարկային պատմությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ, այո, բուհը վարկեր վերցրել է, բայց` 2006-ից սկսած: Այդ վարկերն օգտագործվել են համալսարանի զարգացման համար` կառուցվել են շենքեր, ապահովվել են բարձր որակի ախտորոշման հնարավորություններ: Այս ամենն արժեր լուրջ գումարներ: Երբ ես դարձա ռեկտոր, համալսարանն ուներ 4,5 մլն դոլարի պարտք, իսկ այսօր 1,6 մլն դոլար է կազմում պարտքը, այսինքն` լուրերը, թե մեր պարտքն ավելացել է, չեն համապատասխանում իրականությանը, այն իրականում 3 միլիոնով նվազել է: Մենք ունենք լավ վարկային պատմություն:
-Վարկն ինչի՞ հաշվին է մարվել, արդյո՞ք ուսանողների` բարձրացող վարձավճարների հաշվին չէ այն մարվել:
-Մեկ անգամ է ուսանողների վարձավճարը բարձրացվել, այն էլ` այս տարի` 800 000-ից դառնալով` 1 մլն: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ պետպատվերն իրականացվում է 890 000 դրամի շրջանակներում, ապա մինչև 1 մլն բարձրանալն այդքան էլ բարդ բան չէ: 1990-ականներից երբեք ուսման վարձի բարձացում չի եղել, սա առաջին դեպքն էր: Բժշկական բարձրագույն կրթությունը բարդ պրոցես է և միջազգային ստանդարտներով` նաև շատ թանկ, իսկ մենք բացեցինք էլեկտրոնային լսարան, զարգացան մեր կլինիկական բազաները: Այս ամենը չի կարող չանդրադառնալ գնի վրա: Այսպիսով` թանկանում է այն ծառայությունը, որը բուհն իրականացնում է որպես կրթական ծրագրերի մատուցում ուսանողներին: Նորմալ է:
-Բուհի անվտանգության բաժնի պետը ձերբակալվել էր` կոռուպցիայի մեղադրանքով: Այստեղ Ձեր` որպես բուհի ռեկտորի մեղքը չե՞ք տեսնում:
-Կոռուպցիան արատավոր երևույթ է և կա այն պատճառով, որ կան վատ սովորող ուսանողներ, որոնք չեն կարողանում հաղթահարել ծրագրերը, և կան մարդիկ, ովքեր փորձում են որոշակի ձևով աջակցել նրանց: Ես իմ մեղքը չեմ տեսնում:
-Այս տարի ամռանը 43 ուսանող դուրս մնաց բուհից, ինչի՞ հետևանք էր սա:
-Նրանք ընդամենը չհաղթահարեցին ավարտական քննությունները: Ամեն տարի որոշակի չափով ուսանողներ չեն հաղթահարում այդ շեմը, և այս տարվա` դուրս մնացած ուսանողների թիվը չի գերազանցում նախորդ տարիների` բուհից դուրս մնացած ուսանողների թիվը: Նորմալ է, որ կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հաղթահարել քննությունը, քանի որ եթե մենք նրանց բաց թողնենք դեպի մասնագիտական քննություն, կունենանք բժիշկներ, որոնց չենք կարող վստահել: Դուրս մնացած ուսանողներին հաջորդ տարի հնարավորություն է տրվում նորից քննություն հանձնելու:
-Այդ դեպքում` ո՞րն էր աղմուկի պատճառը, Ձեր դեմ ինչ-որ լարվածությո՞ւն էին ստեղծում:
-Հարցրեք աղմուկ բարձրացողներին: Չգիտեմ: Պատճառ չեմ տեսնում:
-Պարո'ն Նարիմանյան, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին բուհի ուսանողներն օրերս բողոքում էին, որ իրենք 300 000 դրամ են վճարում ուսումնական ծրագիրը ստանալու համար: Թանկ չէ՞, արդյոք, ուսանողի համար:
-Նման որոշում է կայացրել հոգաբարձուների խորհուրդը: Ուսումնական ծրագիրը պատրաստելու համար մեծ աշխատանք է տարվում` 700 էջ անգլերենով է տպվում, ինչի դիմաց էլ պատրաստողները վճարվում են: Նորից եմ ասում` գինը որոշել է հոգաբարձուների խորհուրդը, իսկ եթե այն շատ է, արդեն Արմեն Մուրադյանը կարող է հարցը բարձրացնել և փոխել: Ես դեմ չէի լինի այդ հարցը քննարկել, բայց դա ինձ չի մտահոգել, մեծ սխալ դրա մեջ չեմ տեսնում:
-Եթե ամփոփենք Ձեր` ռեկտորի պաշտոնում լինելու ժամանակ արված աշխատանքն ու բացթողումները` ի՞նչը կհատկանշեք:
-Ամենամեծ փոփոխությունն այն էր, որ ուսումը նախկինում տևում էր 7 տարի` 5 տարի բակալավրիատը, 2-ը` մագիստրատուրան, 2013-ին 7 տարուց այն դարձավ 6 տարի: 2015-ին մենք բացեցինք սիմուլյացիոն կենտրոն, հետո իրականացրինք «Ստենտ` կյանքի համար» ծրագիրը: Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա մենք ունենք մեկ լուրջ թերություն` քննությունների` ոչ բազմաբաղադրյալ լինելը:
-Ձեր բուհի ուսանողների քանի՞ տոկոսին կվստահեք Ձեր առողջությունը:
-Մենք փայլուն ուսանողներ ունենք, բայց ունենք նաև ուսանողներ, որոնց ես իսկապես չէի վստահի իմ առողջությունը: Բուհի` մոտ 60 տոկոսին կվստահեի իմ առողջությունը, մնացածին` ոչ:
-Արմեն Մուրդայանին կվստահե՞ք Ձեր առողջությունը:
-Այո, միանշանակ, բայց Աստված չանի, քանի որ նա ուռոլոգ է: Ի դեպ, երկուշաբթի արդեն սենյակս կհանձնեմ Արմեն Մուրադյանին: