Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում բնապահպանության ոլորտի 2017թ. բյուջեի նախագիծը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` նախատեսվում է իրականացնել 17 ծրագիր, որոնցից 7-ը բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությանն են ուղղված: Կան ոլորտային մի քանի ծրագրեր` թափոնների վնասազերծման ծառայությունների ծրագիրն է, մյուսը` ջրային օբյեկտների աղտոտվածության աստիճանի մոնիտորինգի իրականացումը, որի շրջանակում նախատեսվում է 55 ջրային օբյեկտներում 131 դիտարկում իրականացնել: Կա ծրագիր Սևանա լճում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման վերաբերյալ, որի նպատակը իրականացվող քաղաքականության արդյունավետության գնահատումն է: Որոշ ծրագրեր էլ վերաբերում են Սևանա լճի ավազանի մաքրման աշխատանքներին ու հետազոտական աշխատանքներին:
ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանին հետաքրքրում էր բնապահպանական վճարների հարցը, նրա կարծիքով` առավել շատ գումարներ պետք է հատկացնեն բնության վերականգնման աշխատանքներին:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ շրջակա միջավայրի համակարգը պետք է դիտարկել որպես երկրի զարգացման հիմք: «Այո, բնապահպանական վճարները պետք է արդյունավետությամբ մտնեն մեր տնտեսություն և շրջակա միջավայր, որ ստեղծվի ավելի բարվոք վիճակ: Օրինակ` պարտադիր չէ, որ աղտոտումների համար որոշակի գումար վճարվի պետական բյուջեին: Հնարավոր է այդ չվճարվող գումարով` պետության սուբսիդավորման քաղաքականության միջոցով, էականորեն նվազեցնել այդ աղտոտումը, շրջակա միջավայրը պաշտպանել նոր տեխնոլոգիաների միջոցով»,- ասաց նա:
Ըստ նախարարի` շրջակա միջավայրը պետք է վերածել տնտեսական զարգացման լավ գործիքի, այնպես, ինչպես էկոտուրիզմն է, գիտական հետազոտությունները բնապահպանության ոլորտում և այլն: Բնապահպանության նախարարությունը նաև խնդիր է դրել բերել դրամաշնորհներ` մի շարք բնապահպանական ծրագրեր իրականացնելու համար:
ԲՀԿ-ական Վահագն Մախսուդյանը հարցրեց Սևանա լճի ավազանի մաքրման մասին` արդյո՞ք հնարավոր է, որ լճի շրջակա գյուղերի բնակիչները մաքրեն չոր տարածքները, եղած փայտն էլ որպես վառելիք օգտագործեն:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ 2016-ի համար արձանագրված է Սևանի մակարդակի` 25 սմ-ով բարձրացում: Ինչ վերաբերում է չոր տարածքների մաքրման աշխատանքներին, նախարարը ողջունեց պատգամավորի առաջարկը: Ըստ նրա` պետք է ընդլայնել մաքրման աշխատանքները, և եթե գյուղացիները ներգրավվեն այդ աշխատանքներում, այն տնտեսապես ձեռնտու կլինի գյուղացիներին, իսկ կառավարությանը` ժամանակ խնայելու առումով: