կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-29 16:46
Իրավական

Անզգուշությամբ մահ են պատճառել. 4 բժշկի մեղադրանք է առաջադրվել

Անզգուշությամբ մահ են պատճառել. 4 բժշկի մեղադրանք է առաջադրվել

«Էրեբունի» ԲԿ-ի 4 բժիշներ մեղադրվում են անզգուշությամբ հիվանդի մահ պատճառելու մեջ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ահարոն Մարգարյանը, հանդիսանալով հանդիսանալով «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ վնասվածքաբան և կոչված լինելով իրականացնել համապատասխան հիվանդների բժշկական հետազոտություններ, բուժում, թույլ է տվել մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, դրսևորել է անփույթ վերաբերմունք դրանց կատարման նկատմամբ, որի արդյունքում անզգուշությամբ առաջացրել է հիշյալ բժշկական կենտրոն ընդունված հիվանդ` Ռաֆիկ Խաչատրյանի մահը:

Նույն հանցանքը մեղսագրվում է նաև նույն հիվանդանոցի բժիշկներ ռենտգենոլոգ Վարդան Անափիոսյանին, բժիշկ-վիրաբույժ Արսեն Ասատրյանին, ռեանիմատոլոգ Նարեկ Պեպանյանին:

4 բժիշկների մեղադրանք է առաջադրվել` ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Համաձայն նախաքննության տվյալների՝ Ռ.Խաչատրյանը 2015 թվականի հունվարի 18-ին Երևան քաղաքի Եղբայրության և Չեխով փողոցների հարակից տարածքի ավտոկայանատեղի մոտ վայր է ընկել ասֆալտապատ ճանապարհին և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել բժշկական կենտրոն։ Շտապօգնության աշխատակիցների, մասնավորապես՝ բժշկի կողմից ցուցաբերած բուժօգնության ժամանակ հիվանդի մոտ ախտորոշվել է «աջ ազդոսկրի վզիկի կոտրվածք» և կայացվել ճիշտ որոշում` հիվանդը տեղափոխվել է բազմապրոֆիլային հիվանդանոց:

Սակայն բժշկական կենտրոնում նրան չեն պահել դինամիկ հսկողության տակ։ Քննությամբ պարզվել է, որ «Անհետաձգելի բուժօգնության» բաժանմունք ընդունվելուց հետո կատարվել է Ռ.Խաչատրյանի կոնքոսկրերի ռենտգեն հետազոտություն, որի ժամանակ ռենտգենոլոգի կողմից չեն հայտնաբերվել կոնքի ոսկրերի կոտրվածքները, ու հիվանդը դուրս է գրվել, թեև չի կարողացել ինքնուրույն քայլել, տեղաշարժվել։ Փորձագետների եզրակացությամբ՝ հիվանդը նման վիճակում, երբ չի կարողացել ինքնուրույն քայլել, տեղաշարժվել, պետք է մնար «Անհետաձգելի բուժօգնության» բաժանմունքում երկարատև հսկողության տակ, և կատարվեին կրկնակի հետազոտություններ, ԿՏ համակարգչային շերտագրում: Նշված գործողությունների չկատարումը բերել է բուն հիվանդության` վնասվածքների չախտորոշմանը և հետագայում հիվանդի վիճակի ծանրագույն բարդացմանը՝ մահվան ելքի առաջացմամբ:

Նույն օրը հիվանդանոցից դուրս գրված քաղաքացու դին հայտնաբերվել է «Էրեբունի» քոլեջի մոտ: Ռ.Խաչատրյանի դիահերձմամբ հայտնաբերվել են կոնքի աջ կեսի ոսկրերի բազմաթիվ բեկորային կոտրվածքներ: